Պոլիկիստոզ ձվարանների համախտանիշ

 

Մեր օրգանիզմը բաղկացած է չափազանց փոքր մասնիկներից,  հազարավոր քիմիական միացություններից, նյութերից, հորմոններից:  Դրանցից յուրաքանչյուրն արտազատվում է բնության կողմից հստակ սահմանված քանակով, հակառակ պարագայում, պարզապես անխուսափելի են հիվանդություններն ու դրանց տարատեսակ բարդությունները:

Մեր օրգանիզմիում առկա ներզատիչ գեղձերից յուրաքնաչյուրը հսկայական ֆունկցիա ունի: Դրանցով են պայմանավորվում աճի, զարգացման, վերարտադրման գործառույթները:  Համապատասխանաբար, դրանցից յուրաքանչյուրի ֆունկցիայի թերացումը կամ խափանումը լրջագույն վտանգեր է պարունակում:

Մեր ժամանակներում բավական տարածված գինեկոլոգիական հիմնախնդիր է պոլիկիստոզ ձվարանի համախտանիշը:

Վիճակագրական տվյալների համաձայն այն կարող է հանդիպել ցանկացած տարիքում:

Ձվարանների պոլիկիստոզը հորմոնալ հիվանդություն է, որի հետևանքով կնոջ օրգանիզմում ձվազատում տեղի չի ունենում, նաև անպտղություն է զարգանում: Այս հիվանդության պարագայում նկատվում է անդրոգեն հորմոնների աճ: Այն անվանվում է նաև Շտեյն-Լևենտալի համախտանիշ: Այս հիվանդությունը պատուհասում է կանանց 10-15 %-ին: Այն հանդիպում է թե երիտասարդ աղջիկների, թե հասուն տարիքի կանաց մոտ: Տարբեր ուսումնասիրությունները փաստում են, որ այս հիվանդության ժամանակ մոտ ութ և ավելի  սմ-ով մեծանում են կնոջ ձվարանները, քանի որ դրանց կազմում տարբեր չափի ու որպես կանոն մեկից ավել կիստաներ են հայտնաբերվում:

Ձվարանների պոլիկիստոզի մասին են վկայում յուղոտ մաշկը, կորյակների առաջացումը, բշտերը, մազերի թեփոտությունը, ոչ կայուն մենստրուալ ցիկլը: Մենստրուացիայի խախտումներն ու տևական ուշացումները ձվարանների պոլիկիստոզի հիմնական նախանշանն են: Երբեմն մենստրուացիան ընդհատվում է մեկ ամսից մինչև կես տարի ժամկետով: Ցավոք, շատերն են անուշադրության մատնում այսքան կարևոր գործոնը, ինչն էլ հիվանդության խորացման պատճառ է դառնում: Պոլիկիստոզի պարագայում աղջիկը կամ կինը կարող են առանց կենսակերպի ու սննդակարգի փոփոխության հանկարծ գիրանալ, ընդհուպ 10-15 կգ: Երբեմն կանայք զգում են անհասկանալի ցավեր, թվում է որովայնը ներքև է կախվում: Ձվարանների պոլիկիստոզն ունի նաև այլ հիվանդություններին նման ախտանշաներ, այդ թվում.

Հիպոթիրիոզի, որի դեպքում ընկնում է վահանաձև գեձի ակտիվությունը, ինչն էլ կարող է հանգեցնել ամենորեայի՝ մենստրուացիայի բացակայության:

Հիպերպրոլակտեմիայի, որի դեպքում հիպոֆիզը պրոլակտին հորմոնի շատ մեծ քանակություն է արտադրում, ինչը խթանում է կաթնագեղձերի աշխատանքը՝ ճնշելով ձվազատումը:

Որոշ ուռուցքների, այդ թվում ձվարանների կամ մակերիկամների ուռուցքների առկայությունը  կարող է խթանել մեծ քանակությամբ անդրոգենների արտադրությունը:

Մինչև ձվարանների պոլիկիստոզ ախտորոշման վերջնական սահմանումը բժիշկը պետք է հերքի վերոնշյալ հիվանդությունները:

Կարևոր է իմանալ, որ ՁՊ ունեցող շատ կանայք միաժամանակ տառապում են նաև ճարպակալումից: Ճարպային գոյացությունների առկայությունն ընդգծում են պոլիկիստոզի ախտանշանների գանգատները: Մի ուսումնասիրության համաձայն, այն կանանց մոտ, ովքեր ՁՊ ունեն, կենտրոնացած է անդրոգեների, շաքարի լիպիդերի  նկատելիորեն մեծ քանակություն՝ ի համեմատ այն կանանց, ովքեր ավելորդ քաշի խնդիր չունեն:

Ինչպես հայտնի է, կնոջ օրգանիզմում տեղի են ունենում բավական բարդ  վերարտադրողական պրոցեսներ: Այս գործընթացները հիմնականում հորմոնալ հվասարակշռության հիման վրա են ընթանում, վերարտադրողականությունն ապահովող հորմոններն արտադրվում են հիպոֆիզի, նաև ձվարաների կողմից:  Ձվարաններն արտադրում են էստրոգեն և պրոգեստերոն, ինչպես նաև՝ որոշակի քանակությամբ անդրոգեն հորմոններ:

Ձվարանների պոլիկիստոզի դեպքում մեծանում է արտադրված անդրոգեն հորմոնների քանակությունը, ինչը հանգեցնում է լուրջ դիսբալանսի: Այս դեպքում ձվազատումը՝ ձվաբջիջների արտադրությունը ձվարանից, տեղի է ունենում համեմատաբար դանդաղ, կամ ընդհանրապես տեղի չի ունենում: Հիվանդության ախտորոշման համար կարևորագույն նշանակություն ունի լաբորատոր փորձաքննությունը:  Արյան քննության միջոցով հնարավոր է պարզել,  արյան բաղադրության մեջ այն հորմոնների ավելցուկը կամ պակասը, որի արդյունքում ի հայտ են գալիս ձվարանների պոլիկիստոզն ու դրա հետևանքները:

Պոլիկիստոզ ձվարանների համախտանիշը հիվանդագին վիճակ է, որը բազմաթիվ կլինիկական դրսևորումներ է ունենում: Լիարժեք ախտորոշում և բուժում սահմանելու համար կարևոր է պարբերաբար ու հետևողական բուժզննումը:  Սա հնարավորություն է տալիս հետևել բուժման ընթացքին, տեսնել արդյունքները: Միայն մշտադիտարկման արդյունքում է հնարավոր գնահատել արդյունավետությունը և անհրաժեշտության դեպքում նոր մոտեցումներ սահմանել:

Ախտորոշիչ նպատակներով իրականացվում է նաև գործիքային հետազոտություն: Ուլտրաձայնային հետազոտության արդյունքում տեսանելի են ձվարանների արտաքին տեսքն ու դրանց փոփոխությունները: Պարբերաբար իրականացվող ուլտրաձայնային հետազոտության միջոցով պարզվում է հիվանդության զարգացումը, իսկ բուժման ընթացքում՝ դրա արդյունավետության աստիճանն է որոշվում:

Պոլիկիստոզ ձվարանային համախտանիշ ախտորոշումը սահմանելիս մեծ նշանակություն է տրվում ոչ միայն գործիքային ու լաբորատոր փորձաքննության արդյունքներին, այլև վերջինիս ինքնազգացողությանը: Նույնքան կարևոր է արտաքին տեսքի զննությունը: Լինելով հորմոնակախյալ հիվանդագին վիճակ, ձվարանային պոլիկիստոզը դրսևորվում է մի շարք արտաքին առանձնահատկութոյւններով: Գիրությունը, ճարպակալումը, հիրսուտիզմը՝ անհարկի մազակալումը, ալեպոցիան՝ գլխամաշկի մազաթափությունը հենց ձվարանային պոլիկիստոզ իախտանշաններն են: Հետևաբար  դրանք մեծ նշանակոթւոյւն ունեն վերջնական ախտորոշումը սահմանելիս:  Երբ արդեն հայտնի է հիվանդի ախտորոշումը, նշանակվում է բուժումը: Ձվարանային պոլիկիստոզի բուժումը մի քանի հիմնական ուղղություններով է ընթանում: Առաջնահերթը կենսակերպի վերանայումն է: Իսպառ բացառվում են ապրելապերպի այնպիսի սովորությունները, որոնք նպաստում են գիրությանն ու ճարպակալմանը:  Սննդակարգի փոփոխութոյւնը, վնասակար սովորութոյւններից հրաժարվելը, ակտիվ ու շարժուն կենսակերպը գալիս են լրացնելու դեղորայքային բուժման մեթոցդենրին:

Տարիներ շարունակ պոլիկիստոզ ձվարանային համախտանիշի բուժման երկու հիմնական տարբերակ է գոյություն ունեցել՝ պահպանողական՝ դեղորայքային, ինչպես նաև վիրահատական: Ժամանակակից գինեկոլոգիական գիտական միտքը, հաշվի առնելով բուժման արդյունավետությունը, նպատակահարմար է գտնում այս հիվանդության դեղորայքային բուժման մոտեցումը: Միևնույն ժամանակ, մասնագետները չեն բացառում նաև վիրահատական տարբերակները՝ մատնանշելով վերջինիս անհրաժեշտությունն ու արդյունավետությունը: Ձվարանային պոլիկիստոզը մի հիվանդագին վիճակ է, որի բուժման վերջնական արդյունքը մի շարք հանգամանքներից է կախված: Երբեմն բժիշկները խուսափում են մատնանշել հիվանդի լիարժեք ապաքինման վերաբերյալ հստակ բնութագրումներ: Ինչպես նշվեց պոլիկիստոզը բացառապես հորմոնակախյալ բազմագործոն հիվանդություն է: Հետևաբար արդյունավետ բուժումից հետո էլ հնարավոր է հիվանդության վերականգնումն ու կրկնությունը:

Իսկ որն է համարվում ավարտուն բուժում: Ինչպես նշեցին մասնագետները, սա խիստ անհատական հիվանդույթուն է : Հետևաբար անհատական են և բուժման արդյունքները, մի պարագայում դա անպտղության բուժում է,  հղիության բարեհաջող ընթացքն ու ծննդալուծումը, մեկ այլ պարագայում պարզապես դաշտանային ցիկի վերականգնումը, մետաբոլիկ համախտանիշի վերացումը: