Վահանաձև գեղձ. ուշադիր լինենք ազդանշաններին

Ուշադիր զննելով Վերածննդի դարաշրջանի կտավներն ու արվեստի գործերը արվեստաբանները մի շատ հետաքրքիր առանձնահատկություն են նշում՝ ընդգծված և բավական հաստ տրամագծով պարանոցներ: Ավելի ուշ՝ բժիշկները եզրակացրել են, որ դրանք վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարումն են բնութագրում: Այդ ամենի մասին վկայում են նաև հետագա տարիներին բժիշկների կողմից ընդհանրացրած տվյալները:

Այսպիսով ապացուցվեց, որ մարդկությունը մշտապես ունեցել է վահանաձև գեղձի ֆունկցիայի հետ կապված հիվանդություններ, որոնք կենսակերպի, ինչպես նաև ժառանգականության արտացոլումն են:

Վահանաձև գեղձը կշռում է ընդամենը 15-20 գրամ, բայց օրգանիզմում վահանագեղձի կատարած դերը նրա չափերից շատ ավելի մեծ է և կարևոր: Որովհետև ողջ կյանքի ընթացքում վահանագեղձի արտադրած հորմոնները մասնակցում են օրգանիզմի բոլոր կենսական գործընթացներին:

kybella-double-chin-treatment-san-diego

Վահանագեղձն էնդոկրին համակարգի մասն է կազմում, որն արտադրում է կենսաբանական ակտիվ նյութեր: Բազմիցս ապացուցվել է, որ մարդու օրգանզիմում որևէ գործընթաց առանց հորմոնների մասնակցության չի ընթանում: Էնդոկրին համակարգը մի քանի գեղձեր ունի և դրանք միմյանց հետ այնքան սերտորեն են կապված, որ դրանցից մեկի գործառույթի աննշան փոփոխության դեպքում անգամ ողջ օրգանիզմում են էական փոփոխություններ լինում:

Հիպոֆիզը գլխուղեղի մասն է կազմում, վահանագեղձը և հարվահանագեղձը պարանոցի հատվածում են գտնվում, կրծքավանդակի հետին մասում գտնվում է ուրցագեղձը, որովայնային խոռոչի հետին մասում են գտնվում մակերիկամները և ենթաստամոքսային գեղձը, փոքր կոնքի հատվածում սեռական գեղձերն են:

Վահանագեղձն արտադրում և արյան հոսքին է փոխանցում երկու տեսակի հորմոն: Թիրեոիդային հորմոնները, որոնք պատասխանատու են ֆիզիկական և հոգեկան վիճակի համար (թիրոքսին, եռայոդ թիրոնին) և կալցիտոնինը, որը պատասխանատու է օրգանիզմում կալցիումային փոխանակության համար:

Թիրոքսինի, եռայոդ թիրոնինի սինթեզը տեղի է ունենում հիպոֆիզի վերահսկողությամբ, որն արտադրում է թիրեոտրոպային հորմոնը :

Վահանաձև գեղձի հիվանդությունը բավական վտանգավոր է, քանի որ  որ վահանագեղձի աշխատանքի խանգարումը հաճախ թաքնվում է այլ օրգանների հիվանդությունների ախտանշանների դիմակի տակ: Օրինակ, հիպերթիրեոզի դեպքում հաճախ դիտվում է դիարեա: Եվ նման գանգատներով մարդը դիմում է գաստրոէնթերոլոգին: Սրտի հետ կապված խնդիրներով մարդը գնում է սրտաբանի մոտ, իսկ սրտային անբավարարության, առիթմիայի, ինչպես նաև արյան ճնշման տատանումների պատճառ կարող է լինել հիպոթիրեոզը, վահանագեղձի անբավարար գործառույթը: Մաշկը դեղնավուն երանգ է ստացել և առաջինը, որ մարդը մտածում է, դեղնախտն է, բայց մաշկի նման գույն կարող է լինել հիպոթիրեոզի դեպքում ևս: Հորմոնների անբավարարությունը խանգարում է կարոտինի փոխակերպումը վիտամին A-ի: Դեպրեսիայի պատճառով մարդը գնում է հոգեբանի կամ հոգեթերապևտի մոտ և սկսում բուժվել հակադեպրեսանտներով, և նման մարդկանց 10-14%-ի մոտ շատ հաճախ  հայտնաբերվում է հիպոթիրեոզ:

Ինչպես տարբերել: Դեպրեսիայի դեպքում հաճախ բացակայում է կյանքի հանդեպ հետաքրքրությունը, անքնություն է լինում, մարմնի քաշի կորուստ արձանագրվում: Իսկ հիպոթիրեոզի ժամանակ մարդը թույլ է լինում, քնկոտ, հոգնած, բայց կյանքի հանդեպ հետաքրքրությունը կա, քաշն էլ սովորաբար ավելանում է:

Հիպոթիրեոզը վահանագեղձի հիվանդությունների շարքում առաջատար դիրք է գրավում: Հիվանդությունը զարգանում է վահանագեղձի հորմոնների երկարատև անբավարարության ֆոնի վրա, ինչպես նաև օրգանիզմում մյուս գործընթացներն են դանդաղում: Հիպոթիրեոզի, հանգույցների, խպիպի առաջացման պատճառներից է յոդի անբավարարությունը: Վահանագեղձի նորմալ աշխատանքի համար անհրաժեշտ է ոչ միայն յոդ, այլև սելեն, ամինաթթուներ (թիրոզին, ցիստեին) և պոլիսախարիդներ (կարագինին, ալգենիա, լամինարիա), որոնք դուրս են բերում ռադիոնուկլեիդները և թունավոր նյութերը:

Հիպոթիրեոզի պատճառներն են. 99% դեպքում դա վահանագեղձի աշխատանքի խանգարումն է: Կարող են լինել նաև ժառանգական նախահակվածություն, թունավոր, քաղցկեղածին նյութերի ազդեցություններ, վատ էկոլոգիա, սթրեսներ, յոդի անբավարարություն: Իսկ ամենահավանականն այս ամենի ամբողջությունն է:

Ժառանգական նախահակվածության դեպքում խանգարվում է վահանագեղձի գործառույթը: 1% դեպքում  դա հիպոֆիզի և հիպոթալամուսի գործառույթի խանգարումն է, այսինքն, այն օրգանների, որոնք կարգավորում են վահանագեղձի աշխատանքը: Դա նաև բնածին պաթոլոգիա է:

Հաճախ հիպոթիրեոզով հիվանդները չեն կասկածում, որ իրենք հիվանդ են, քանի որ ախտանշանները շատ նման են առողջության հետ կապված այլ խնդիրներին:

Ախտանշաններն են` հոգնածությունը, թուլությունը, քնկոտությունը, անընդհատ պառկելու ցանկությունը, սառը ձեռքերն ու ոտքերը, հիշողության նվազումը, կենտրոնանալու դժվարությունը, սրտխփոցը, արյան ճնշման տատանումները:

Վահանագեղձի հորմոնները պատասխանատու են նաև ջերմակարգավորման համար: Դրանց անբավարարության դեպքում մարդը մշտապես մրսում է, անընդհատ հոգնած է, ընկճված, կարծես դեպրեսիայի մեջ լինի: Հիպոթիրեոզը կարող է արթրիտի, մարսողության հետ կապված խնդիրների պատճառ դառնալ: Նույնիսկ լեղապարկի քարերը վահանագեղձի հորմոնների անբավարարության տիպիկ ախտանշաններն են:

Տեսողության և լսողության խանգարումները, իմունիտետի նվազումը (հաճախակի մրսածության հիվանդությունները), մարմնի քաշի ավելացումը նույնպես պատճառ են էնդոկրինոլոգին դիմելու համար: Վահանագեղձի հորմոնների անբավարարությունը խանգարում է նյութափոխանակությունը, մենստրուացիոն ցիկլը, բարձրացնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը, զարգանում է աթերոսկլերոզ, նույնիսկ ճարպակալում է դիտվում:

Յոդի անբավարարությունը կանխարգելելու համար անհրաժեշտ է սննդի մեջ ավելի շատ յոդ պարունակող մթերք օգտագործել, օրինակ, ֆեյխոա, արմավ, ընկույզ, բուլղարական տաքդեղ, ծովակաղամբ, ծովամթերք, յոդացված կամ ծովաղ:

Ի դեպ, յոդացված աղի միջից յոդը ցնդում է, եթե աղը պահվում է բաց տարայի մեջ: Ուտելիք պատրաստելիս էլ է ջերմամշակումից յոդը ցնդում, այդ պատճառով էլ աղը պետք է ավելացնել պատրաստելու վերջում, նման աղը շատ հարմար է աղցանների և սառը ուտեստների համար:

Վահանագեղձի նորմալ աշխատանքի համար անհրաժեշտ է օրական 150-200 մկգ յոդ: Բայց, եթե ընդունվում են կալիումի յոդիդ  կամ յոդոմարին պատրաստուկները, այդ դեպքում յոդացված աղից հարկ է հրաժարվել:

Որոշ մարդիկ փորձում են յոդի պակասը լրացնել մեկ բաժակ ջրի մեջ լցնելով մեկ կաթիլ յոդի լուծույթ կամ լյուգոլի լուծույթ, դա չի կարելի, քանի որ այդ դեպքում հնարավոր չէ հսկողության տակ պահել յոդի չափաքանակը և հնարավոր է գերչափաքանակի թույլատրում:

Հղի կանանց մոտ շատ կարևոր է վանահագեղձի նորմալ գործառույթը պահպանելը հղիության նորմալ ընթացքի, պտղի նորմալ զարգացման համար: Եթե մայրը վանահագեղձի  հորմոնների անբավարարություն է ունենում, ապա պտղի համար վտանգ է ստեղծվում, երեխան կարող է ծնվել արատներով, նույնիսկ մտավոր հետամնացությամբ: Հղիության ընթացքում յոդի օրական պահանջարկը կարող է բարձրանալ մինչև 300 մկգ, վանահագեղձն աշխատում է ուժեղացված ռեժիմով, քանի որ այն պետք է երկու օրգանիզմի ապահովի հորմոններով: Այդ պատճառով էլ բոլոր հղիները պետք է վանահագեղձի ուլտրաձայնային հետազոտություն անցնեն և արյան մեջ հորմոնների հետազոտություն կատարել:

Վանահագեղձի խնդիրների մասին կարող են վկայել նաև հակառակ ախտանշանները: Մարմնի քաշի կորուստ, հաճախակի սրտխփոց, առիթմիա, առատ քրտնարտադրություն, քնի խանգարում, ձեռքերի դող, արյան գերճնշում, ինչպես նաև դյուրագրգիռ վիճակ, տրամադրության կտրուկ տատանումներ, այս ամենը թիրեոտոքսիկոզի հետևանքով կարող են լինել, վանահագեղձի հորմոնների գերառատության:  Պատահում է նաև այնպես, որ վանահագեղձի չափերը նորմալ են լինում, հանգույցներ չեն լինում, այնուամենայնիվ, գործառույթը խանգարված է լինում, լինում է նաև հակառակը, վանահագեղձի չափերը մեծացած են լինում, հանգույցների առկայության դեպքում էլ հորմոնների արտադրությունը մնում է նորմայում:

Վանահագեղձի գործառույթների խանգարման ախտորոշումը ներառում է համալիր հետազոտություն. կլինիկական ընդհանուր հետազոտություն, արյան մեջ հորմոնների մակարդակի որոշում, վանահագեղձիուլտրաձայնային հետազոտություն, էլեկտրասրտագրութոյւն,  օրգան-թիրախների գործառույթների հետազոտությունների մեթոդներ: Նման հորմոնային ապահավասարակշռությունը վանահագեղձի միակ հիվանդությունը չէ: Կան նաև բուշտեր, ուռուցքներ, որոնց հնարավորինս վաղ հայտնաբերումը արագ բուժման երաշխիքն է:

40 տարեկանից հետո մարդկանց մոտ ուլտրաձայնային հետազոտություն կատարելիս հաճախ են վանահագեղձի տարբեր բարորակ ուռուցքներ հայտնաբերվում: Դրանք, որպես կանոն, չեն ցավում, մարդուն չեն անհանգստացնում, վանահագեղձի գործառույթների խանգարում չեն առաջացնում, մարմնի ջերմաստիճանի բարձրացում չի լինում և մարդը կարող է երկար ժամանակ չիմանալ դրանց գոյության մասին: Այդ պատճառով էլ այս դեպքում շատ կարևոր են կանխարգելիչ զննումներն ուռուցքները վաղ փուլում հայտնաբերելու համար: Դրանց հայտնաբերման դեպքում կատարվում է նուրբ ասեղներով պունկցիոն բիոպսիա: Վանահագեղձի  հանգույցներից քսուք է վերցվում ուլտրաձայնային հետազոտություն հսկողությամբ և կատարվում է բիոպսիա տեսակը ախտորոշելու համար:

Երբ ախտորոշիչ հետազոտութոյւնները ցույց են տալիս հիվանդության առկայությունը, նշանակվում է  համապատասխան բուժում: Այն ենթադրում է յոդի արտադրությունն ու քանակը ապահովող դեղամիջոցների ընդունում: Այն դեպքում, երբ ախտորոշվում է ուռուցքային հիվանդութոյւն, միակ բուժման միջոցը վիրահատական միջամտութոյւնն է:

Այնուամենայնիվ վահանաձև գեղձի հիվանդությունը մի վիճակ է, երբ անհրաժեշտ է միանգամայն մեծ ուշադրութոյւն հատկացնել կենսակերպին: Այս նկատառումներով է, որ մենք կիրառում ենք յոդացած աղ: Հատկանշական է, որ այն երկրներում, որտեղ մեծ է ծովամթերքների օգտագործման հնարավարությունը սննդակարգում, առավել քիչ է վահանաձև գեղձի հիվանդութոյւնների մակարդակը: Մեր երկրում մասնագետները դեղամիջոցների և այլ բուժական միջոցառումների շրջանակում մեծ կարևորություն են տալիս առողջ կենսակերպին, ծովամթերքների, ընկույզի, ֆեխոայի, յոդացված աղի կիրառությանը: