Ոսկրերի մետաստատիկ ախտահարումներ

Դարեր շարունակ մարդկությունը պայքարում է ամենատարածված հիվանդությունների քաղցկեղների դեմ: Ներկայում դրանք իրենց տարածվածությամբ և մահացության ցուցանիշներով երկրորդն են՝ սրտանոթային հիվանդություններից մահացությունից հետո: Ժամանակակից բժշկագիտությունը ջանքեր չի խնայում ուռուցքային հիվանդությունների դեմ պայքարում, այնուամենայնիվ, դրանք դեռևս լիովին բուժելի չեն: Չարորակ գոյացությունների բուժելիության հնարավորությունն, ինչպես նաև բարդության աստիճանը ընդունված է համարել մետաստազների առկայությունը: Մասնավորապես դեպի ոսկրային համակարգ հասնող մետաստազային ախտահարումների մասին զրուցեցինք Վ.Ա. ֆանարջյանի անվան Ոռուցքաբանական ազգային կենտրոնի Ոսկրային պաթոլոգիայի բաժանմունքի վարիչ, բ. գ. թ. Սերգեյ  Սեինյանի հետ:

14341631_1422078917820957_978568339_n

Բժիշկ Սեինյան, ո՞ր օրգանների չարարակ նորագոյացությունները կարող են առաջացնել ոսկրերի մետաստազիկ ախտահարումներ:

-Ցանկացած ուռուցք կարող է դեպի ոսկրային համակարգ մետաստազներ արձակել,  այնուամենայնիվ ամենից հաճախ ոսկրերում մետազտազներ են առաջանում կանանց մոտ՝ կրծքագեղձի, տղամարդկանց մոտ՝ թոքի և շագանակագեղձի ուռուցքները: Մենք հաճախ ենք հանդիպում նմանատիպ երևույթների, քանի որ մեր հասարակությունում ընդունված է  բժիշկին ուշ դիմելու սովորությունը: Եվրոպական մասնագետները այս խնդրին հազվադեպ են բախվում:

Այսօր Ուռուցքաբանության ազգային կենտրոնն ունի հենաշարժիչ համակարգի նորագոյացությունները հետազոտելու, անհրաժեշտ ախտորոշիչ միջոցառումներ իրականացնելու  բոլոր հնարավորությունները:

Ո՞ր ոսկրերում են հիմնականում տեղակայվում մետաստազները:

-Դրանք ախտահարում են մեծ ոսկորները՝ ազդրորսկրը, սրունքոսկրը, ավելի հազվադեպ կոնքոսկրը և ողնաշարը: Այս առումով մեր կլինիկան ունի հատուկ մոտեցում: Եթե մետաստազը մեկն է, ապա մենք դրան մոտենում ենք ոչ թե որպես մետաստզի, այլ որպես առաջնային ուռուցքի, այսինքն առաջարկում ենք ոչ թե վիրահատություն, այլ՝ համալիր բուժում:

-Ոսկրերի մետաստատիկ ախտահարման դեպքում բուժումը իրականացվում է առաջնային ուռուցքի բուժման հետ զուգահետ, թե՞ դրանից հետո:

-Եթե հիմնական հիվանդության հետ մեկտեղ կա մետաստատիկ ախտահարում, բայց չկա ախտաբանական մետաստատիկ կոտրվածք, ապա նշանակվում է քիմիաթերապևտիկ բուժում: Իսկ եթե կա կոտրվածք ստանալու վտանգ, ապա առաջին հերթին կատարվում է վիրահատություն: Այդ պատճառով եթե նույնիսկ ուռուցքների օջախները մի քանիսն են բայց կա կոտրվածք, ապա մենք վիրահատում ենք հիվանդին: Եվրոպական մոտեցումը հետևյալն է, եթե կա գոնե մեկ ամսվա կանխատեսում, ապա վիրահատությունը կատարվում է:

-Մետաստազների դեպքում տարիքը նշանակություն ու՞նի:

-Վիրահատության առումով գրեթե ոչ: Մենք կարող ենք մետաստզները հեռացնելու համար վիրահատել ցանկացած տարիքի հիվանդի:

-Մետաստազների տեսանկյունից երեխաների դեպքում ի՞նչ առանձնահատկություններ են լինում:

Երեխաների դեպքում լինում են մետաստազներ, որոնք չեն երևում, դրանք կոչվում են համր մետաստազներ, որոնք նույնիսկ այսօրվա առաջադեմ հետազոտության դեպքում չի ախտորոշվում: Բայց, երբ մենք քիմիոթերապիայի մի քանի կուրս ենք իրականացնում, վերահսկիչ հետազոտության ժամանակ դրանք կարող են տեսանելի դառնալ: Այս երևույթը բնորոշ է օստեոսարկոմային: Եթե նման օջախը միակն է լինում, այն հեռացվում է վիրահատությամբ, եթե դրանք լինում են մի քանիսը, ապա իրականացվում է քիմիոթերապիա: