Ապահովագրական բժշկություն. արդյունավետ բուժման անվիճելի բաղադրիչ

Դարեր շարունակ բժիշկները բարձրաձայնում են՝ ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել հիվանդությունը: Այս պարզ ճշմարտությանը գումարվում է նաև վաղ ախտորոշման հնարավորությունը: Չէ՞ որ այսպիսով հնարավոր է կանխել այնպիսի բարդությունների առաջացումը, որոնք հետագայում կարող են ճակատագրական լինել: Վաղ ախտորոշման հնարավորություն է ապահովագրական բժշկությունը:

Ի՞նչ կարող է տալ բժշկական ապահովագրությունը կնոջը՝ ներկայացնում է գինեկոլոգ Տաթևիկ Ղորուխչյանը:

Բժշկուհի Ղորուխչյան, ինչո՞վ է կարևոր բժշկական ապահովագրությունը:

-Հանրային առողջության պահպանման, հիվանդությունների վաղ հայտնաբերման ու արդյունավետ բուժման կարևորագույն, անվիճելի գործոնը վաղ ախտորոշումն է: Ապահովագրական բժշկությունն իր վրա է վերցնում վաղ ախտորոշման գործառույթը:

-Ինչո՞վ է առանձնահատուկ կանանց պարագայում:

-Գաղտնիք չէ, որ հատկապես գործունյա կանայք շատ զբաղված են, և որպես կանոն՝ քիչ ժամանակ ունեն բժշկի այցելելու: Իսկ բժշկական ապահովագրության առկայությունը ինչ-որ տեղ պարտադիր բաղադրիչ ունի: Արդյունքում կինն ամեն տարի կանխարգելիչ բուժզննում է անցնում, որը ներառում է ՊԱՊ քսուք և փոքր կոնքի ուլտրաձայնային հետազոտություն:

Ի՞նչ է տալիս ամենամյա բուժզննությունը կնոջը, ինչի՞ց է ապահովագրում:

-Փոքր կոնքի օրգանների ուլտրաձայնային հետազոտությունը ցույց է տալիս կառուցվածքային փոփոխությունները: ՊԱՊ քսուքը անփոխարինելի սկրինինգ է, որի միջոցով հնարավոր է պարզել պաթոլոգիաները խիստ նախնական, դեռևս սաղմնային փուլում: Սա թույլ է տալիս անհրաժեշտության դեպքում առավել խորքային հետազոտություններ իրականացնել, համապատասխանաբար ընտրելով բուժման տարբերակները: Այս հարցում մեծագույն տեղեկություններ կարող է ապահովել տրանսվագինալ ուլտրաձայնային հետազոտությունը, որը ոչ ինվազիվ գինեկոլոգիայում ոսկեստանդարտ է համարվում:

Բժշկուհի Ղորուխչյան, տարիներ շարունակ հսկելով բժշկական ապահովագրություն ունեցող կանանց, ի՞նչ դիտարկումներ ունեք հանրության առողջության տեսանկյունից:

-Հայաստանի Հանրապետությունում 1996-97 թվականներիս սկսեցին ծառայություններ մատուցել խոշոր ապահովագրական ընկերությունները: Իմ բժշկական գործունեության ընթացքում 5-6 տարի ես համագործակցում  եմ ապահովագրական ընկերությունների հետ: Մեծագույն նվաճում եմ համարում այն, որ ներկայում մեր հասարակությունում կան առողջության տեսանկյունից կայուն կանայք, ովքեր նեղ մասնագիտական քննություն են անցնում ամեն տարի, հետևաբար անհրաժեշտության դեպքում իրականացվում է նրանց պատշաճ բուժումը:

Հարկ եմ համարում մատնանշել, որ  որպես բժիշկ, չափազանց հաճելի է աշխատել առողջ հասարակության հետ և զբաղվել հենց առողջապահությամբ:

Տարիների փորձը՝ ժամանակին հայտնաբերված և պատշաճ բուժված հիվանդների պատմությունները, բարդությունների կանխարգելումը թույլ են տալիս արձանագրել, որ բժշկական ապահովագրությունը առողջապահության կարևորագույն օղակն է: