Գաջեթներ. ուղիղ սպառնալիք առողջությանը

Հեռահաղորդակցության էլեկտրոնային պարագաները (գաջեթներ` հեռուստացույց, պլանշետ, սմարթֆոն և այլն) մեծ նշանակություն ունեն թե գործնական կյանքում, թե պարզապես կենցաղում: Արդեն անհնար է պատկերացնել մեր առօրյան առանց բազմաֆունկցիոնալ հեռախոսի: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ներկայումս մարդկանց մեծամասնությունն այս պարագաներն օգտագործում է ոչ միայն ըստ նշանակության, այլև՝ հոգեբանական կախվածությունից ելնելով:

Այս առումով չափազանց խոցելի են փոքրիկները: Նրանց ակտիվորեն գրավում են նախ գունագեղ խաղերը, իսկ ավելի մեծ տարիքում սոցիալական շփումները և ամենատարբեր տեղեկատվությունը: Գաջեթների ճառագայթման, ինչպես նաև ինտերնետային հաճախականության վնասակարության վերաբերյալ տեղեկությունները մասնագիտական առումով դեռևս վերջնականորեն ապացուցված չեն: Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ գաջեթների կիրառության չարաշահումը մեծագույն հարված է առողջ ապրելակերպի սկզբունքներին:

Գաջեթների հաճախակի կիրառության պարագայում մարդը նստում է էրգոնոմիկայի կանոնների խախտմամբ՝ թեքելով ողնաշարը: Ժամանակի ընթացքում ի հայտ են գալիս հենաշարժողական համակարգի խնդիրներ ու հիվանդություններ: Ընդ որում՝ տևական նստակյաց վիճակը ենթադրում է նյութափոխանակության դանդաղում, ինչը կարող է նպաստել մի շարք հիվանդությունների զարգացմանը, դիմադրողականության անկմանը, մարսողության ֆունկցիայի դանդաղմանը, վիտամինների ու հանքանյութերի ներծծման խանգարմանը:

Գաջեթների կիրառության հետևանքով վնասվում է տեսողությունը:

Օրվա մեջ անընդմեջ 2 և ավել ժամ սմարթֆոններ կիրառողների մոտ մասնագետներն արձանագրում են նաև նյարդահոգեբանական խնդիրներ, ուշադրության թուլացում, ինչպես նաև ժամանակի ընթացքում անտարբերության ձևավորում:

Այս առումով` կարևոր է հատկապես երեխաների պարագայում որոշակի ռեժիմ սահմանել: Ծնողներին ու մանկավարժներին խորհուրդ է տրվում երեխաներին գրագետ և հիմնավորված ներկայացել գաջեթների չարաշահման հետևանքները օրգանիզմի վրա: Երեխայի մեջ պետք է սերմանել, որ դրանք առավել տեղեկատվական, քան ժամանցային բնույթ ունեն:

Անհրաժեշտ է սահմանափակել սմարթֆոնից օգտվելու ժամանակը՝ ժամանցային նպատակով կիրառումը հասցնելով առավելագույնը 15 րոպեի: