Հանցագործություն սերունդների նկատմամբ՝ ծխախոտ և հղիություն

Այն, որ ծխելը վնասակար է, գիտի յուրաքանչյուրը: Եվ չնայած իմացությանը, ծխելու սովորույթը շատերի կենսակերպն է: Ապացուցվել է, որ ծխախոտը կրճատում է կյանքի տևողությունը մինչև 20 տարով, խթանում այնպիսի հիվանդությունների առաջացումը, որոնք վտանգում են մարդու կյանքի որակը, առաջացնում կյանքի հետ անհամատեղելի հիվանդություններ:

Այն առողջական հետևանքները, որոնք  գրանցվում են հղիության ընթացքում ծխելու պարագայում, մասնագետները սարսափելի են համարում: Այս դեպքում կինը պարզապես չի թողնում, որպեսզի իր երեխան առողջ ծնվի:

Ապացուցվել է, որ ծխախոտից ամենամեծ վնասը երեխան ստանում է ներարգանդային կյանքում: Ընդ որում՝ վնասներն արտահայտվում են ամբողջ կյանքի ընթացքում: Մաքուր օդի փոխարեն ծխախոտի ծուխը ներշնչելով՝ կինը թոքեր է ուղարկում նիկոտին և մի քանի հարյուր տեսակի թույներ: Թոքերը, որոնք կոչված են հարստացնելու արյունը թթվածնով, նույն գործառույթն իրականացնում են թույներով՝ արյան մեջ ներմուծելով վտանգավոր նյութերն ու նիկոտինը: Միևնույն ժամանակ վտանգաշատ նյութերը նստվածք են տալիս թոքերում՝ տարիներ անց խթանելով ուռուցքաբանական հիվանդությունների զարգացումը: Այս ընթացքում արյան միջոցով անցնելով բոլոր օրգան-համակարգերով, վնասակար նյութերը վտանգում են դրանց գործունեությունը՝ վնասելով հյուսվածքներն ու բջիջները:

Միևնույն ժամանակ ծխախոտը մեծ հարված է կնոջ վերարտադրողականությանը, քանի որ այն վնասում է ձվաբջիջները, ինչի արդյունքում հետայում բեղմնավորվում է արդեն իսկ վնասված ձևաբջիջը:

Ինչպես հայտի է՝ հղիության ընթացքում կնոջ և պտղի արյան շրջանառությունը մեկն է, հետևաբար բոլոր վնասակար նյութերը շրջանառվում են և պտղի դեռևս չկազմավորված օրգանիզմում: Հիշենք, որ այնուամենայնիվ հղի կինը, որքան էլ հատուկ կարգավիճակում է գտնվում, միևնույն է, նրա օրգանիզմը, ի համեմատ պտղի, կարողանում է դիմակայել ներշնչած թույների ազդեցություններին, ինչը չի կարելի ասել պտղի պարագայում: Փաստացի տեղի է ունենում ներարգանդային թունավորում, ինչպես նաև ներարգանդային թթվածնային քաղց: Որպես կանոն, ծխող կանանց նորածիններն ունեն թեթև քաշ, թույլ են, տառապում են շնչառական համակարգի հիվանդություններով: Այս վիճակն ընթանում է տարիներ շարունակ: Նրանք ունեն ընկճված դիմադրողական համակարգ: Եթե հաշվի առնենք, որ այս երեխաները նաև հետագայում ապրում են ծխող մոր ներկայությամբ, կրկնապատկվում է նրանց՝ տարբեր հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը: Մասնագետները փոքրիկների բնածին արատները շատ հաճախ պատճառաբանում են մոր ծխելու հանգամանքով:

kate_juliet_photography_northern_va_brittany_040252+(1)

Հատկանշական է, որ ծխող կանանց դեպքում հղիության վիժման հավանականությունը կրկնապատկվում է:

Ավելի քան 30 տոկոսով մեծանում է վաղաժամ ծննդաբերության ռիսկը:

Մեծ նշանակություն ունի ոչ միայն կնոջ ուղղակի, այլ պասիվ ծխելու հանգամանքը: Հատկապես օրգանոգենեզի՝ օրգան-համակարգերի կազմավորման շրջանում ծխախոտի ծուխը վտանգում է դրանց պատշաճ գործունեությունն ու զարգացումը ի սկզբանե: Մեծապես տուժում է կենտրոնական նյարդային համակարգի կազմավորումը, ինչն իր արտահայտությունն է ունենում ամբողջ կյանքի ընթացքում՝ դրսևորվելով մի շարք նյարդահոգեբանական խնդիրների տեսքով:

Այն, որ ծխելը վնասակար է առողջությանը, քննարկման ենթակա չէ: Ինչն այնուամենայնիվ չի խանգարում շատերին սկսել կամ շարունակել այն: Ծխելու հետևանքների մասին բարձրաձայնում են փաստերը: Վտանգե՞լ սեփական առողջությունն ու վերարտադրողականության հնարավորությունը, կասկածի տակ դակ դնել սերունդների առողջությունը, թե շարունակել անվիճելի վնասակար սովորությունը: Յուրաքանչյուրի ընտրությունն է: Մասնագետները չեն զլանում վերստին բարձրաձայնել փաստերը: