Անոթային ախտահարումներ հղիության ընթացքում

Հղիության ընթացքում կանանց մոտ կարող են ի հայտ գալ ամենատարբեր հիվանդություններ ու հիվանդագին վիճակներ: Դրանց շարքում ամենահաճախ հանդիպողներից մեկը ստորին վերջույթների անոթային ախտահարումներն են և հիմնականում երակների վարիկոզ լայնացումը: Այս վիճակը ոչ միայն արտաքին էսթետիկ անհարմարություն է առաջացնում, այլև խոսում են կնոջ օրգանիզմի լրջագույն փոփոխությունների մասին, որին պետք է ուշադիր լինել:

Ara Tadevosyan

Ո՞րն է հղիության ընթացքում ստորին վերջույթների անոթային հիվանդությունների առաջացման պատճառը, ինչպե՞ս դրանցից խուսափել և հնարավոր է արդյո՞ք դրանք կանխարգելել կպատմի <<Շենգավիթ>> բժշկական կենտրոնի անոթային վիրաբույժ, բ. գ. թ. Արա Թադևոսյանը:

-Ի՞նչ պետք է հղիներն իմանան ստորին վերջույթների անոթային ախտահարումների մասին:

Նախկինում կանանց միջին վերարտադրողանական տարիքը ավելի փոքր էր, բայց այսօր կանայք կարող են ծննդաբերել 40 տարեկանում և նույնիսկ ավելի մեծ տարիքում: Վերարտադրողական տարիքի կանանց մոտ ներքին օրգանների հիվանդություններ սովորաբար չեն հանդպում:  Հղիների մոտ ամենահաճախ հանդիպող հիվանդությունները անոթային ախտահարումներն են: Դրանց տարածվածությունը գերազանցում է 70% ցուցանիշը, ընդ որում՝ մեծ մասամբ  հանդիպում է երակների վարիկոզ լայնացում: Այստեղ կարելի է նշել նաև արյան որակի և քիմիական կազմի հետ կապված հիվանդությունները՝ հեմոֆիլիաները: Սրանք հիմնականում լինում են ի ծնե և որոշակի դեպքերում,  կյանքի որոշակի էտապներում պայմանավորում են արյան մակարդելիության խանգարումները: Եթե այս խանգարումները զուգակցվում են նաև երակների վարիկոզ լայնացման հետ, ապա կարող են լինել ընդհուպ մահացու ելքով բարդություններ, որոնք ցավոք սրտի, օրինաչափ են են նման հիվանդությունների դեպքում: Այս հիվանդությունների ճիշտ վարումը կարևոր է  մինչև հղիությունը, հղիության սկզբնական շրջանում կամ կրկնակի հղիությունների ժամանակ: Այսինքն, եթե առաջին հղիության ընթաքում հղիի մոտ բացահայտվում է երակների վարիկոզ լայնացում, իսկ դա հայտնի է դառնում հղիության սկզբնական շրջանում, ապա հղիությունը վարող գինեկոլոգը պետք է նշի այս հիվանդության առկայությունը, որպեսզի այն համապատասխան մեթոդներով բուժվի մինչև հաջորդ հղիությունը:

 

-Որո՞նք են հղիների մոտ հանդիպող անոթային ախտահարումների պատճառները:

-Հիմնականում հիվանդության պատճառները գենետիկական են, պայմանավորվում են երակների ամրությունը ապահովող նյութի՝ էլաստինի քանակական կամ որակական դեֆեկտներով: Այս հիվանդությունները բացահայտվում են նպաստավոր գործոնների դեպքում, երբ երակների ստատիկ ճնշումը բարձրանում է: Նման նպաստավոր գործոններից մեկն էլ հղիությունն է: Հղիության ժամկետի և պտղի չափերի մեծացման հետ արգանդը սկսում է ճնշել զստային երակները, որոնք անցնում են որովայնի խոռոչով և արդյունքում ներքևից վերև բարձրացող արյան համար արգելք է ստեղծվում: Բնականբար ճնշումը երակներում բարձրանում է և եթե այս ամենի հետ մեկտեղ կա նաև ժառանգական նախատրամադրվածություն, ապա երակները սկսում են լայնանալ: Այս հիվանդությունն էլ կոչվում է վարիկոզ հիվանդություն: Երակների լայնացման ժամանակ տեղի է ունենում փականների աշխատանքի դիսֆունկցիա, խախտում, ինչն էլ բերում է ստորին վերջույթների սնուցման խանգարման խնդիրների: Այս խնդիրների զարգացումը իհարկե տեղի չի ունենում մի քանի օրերի ընթացքում, բայց դրանց չհետևելու պարագայում կարող են զարգանալ տրոմբային հիվանդություններ և տրոֆիկ խանգարումներ: Այդ իսկ պատճառով կարևոր են բուժումն ու պրաֆիլակտիկան, որոնք պետք է կատարվեն ճիշտ էտապում: Հղիության ընթացքում բուժում իրականացնել հնարավոր չէ, հնարավոր է միայն պրոֆիլակտիկա կատարել:

-Ինչպիսի՞ միջացառումներ է ենթադրում պրոֆիլակտիկան:

-Պրոֆիլակտիկա նշանակում է արդեն գոյություն ունեցող հիվանդության հնարավոր բարդությունների կանխարգելում: Այսինքն, տրոմբոէմբոլիկ բարդությունների կանխարգելում: Կանխարգելումն էլ նշանակում է ազդել բոլոր օղակների վրա՝ հնարավոր բարդություններից խուսափելու համար: Առաջին հերթին դա մեխանիկական ազդեցությունն է, այսինքն համապատասխան տրիկոտաժների կրումը: Այսօր մեր երկրում կան տրիկոտաժներ, որոնք եթե ճիշտ են ընտրվում, ապա հղիի ստորին վերջույթների այնպիսի սեղմում են առաջացնում, որ երակները գրեթե գալիս են իրենց նախկին վիճակին, փականների եզրերը մոտենում են իրար, և արյան շրջանառության խախտումներ այլևս չեն լինում: Հղիության երրորդ եռամսյակում  հնարավոր է նաև դեղորայքային ազդեցություն: Բացի այդ կան որոշակի խորհուրդներ, որոնք տրվում են հղիներին: Հանգստի ցանկացած հնարավորության դեպքում ընդունել ոտքերի բարձրադիր դիրք, երեկոյան կատարել սառը ջրով հիդրոմերսումներ, առավել ևս շոգ եղանակին, երեկոյան քայլք գոնե 2-3կմ և դիետա, որի դեպքում հղիի սննդակարգի օրվա չափաբաժնում քչացվում են որոշակի սննդամթերներ, որոնք կարող են նպաստեղ արյան մակարդելիության որոշակի խանգարումները և ընդհակառակը ավելացնել հեղուկների օգտագործումը, որոնք նպաստում  են արյան նոսրացմանը: