Ի՞նչ է թաքցնում գլխացավը

Գլխացավը մի երևույթ է, որը ծանոթ է բոլորին: Այն կարող է անհանգստացնել ամենաանհարմար պահին՝ վտանգելով նորմալ զգացողությունը, ազդելով կյանքի որակի, աշխատունակության վրա: Երբեմն դրանք ի հայտ են գալիս անհանգստության, սթրեսի, լարվածությունների ֆոնին, իսկ երբեմն էլ մենք արթնանում ենք գլխացավով: Մասնագետները պնդում են, որ հատկապես տևական գլխացավ ունենալու դեպքում պետք է անպայման բժշկի դիմել՝ հայտնաբերելու դրա պատճառը և վերացնելու այն: Ամենատարածված առողջական խնդրի՝ գլխացավի մասին պարզաբանումներ է ներկայացնում Սիրմեդ Բժշկական կենտրոնի նյարդաբան Անուշ Գասպարյանը:

Անուշ Գասպարյան
Առանց բժիշկի նշանակության ցավազրկող դեղամիջոցների կիրառումը, կարծես, սովորություն է դարձել, և շատերն ասում են, որ գլխացավին դիմանալ չի կարելի։
— Մեծ նշանակությաուն ունի ցավի տեսակը և  անհատական տանելիությունը։  Եթե ցավն արդեն քրոնիկ բնույթ է կրում, խանգարում է, վատացնում  կյանքի որակը, ապա, ինչ խոսք,  բուժման կարիք ունի։ Եթե այն չի կրկնվում և չի խանգարում առօրյային,  բնականաբար ամեն անգամ գլուխը ցավելիս  ցավազրկող հաբեր խմել հարկավոր չէ։ Սակայն պետք է գտնել պատճառը և բուժել այն, քանի որ ամեն անգամ պարզապես հաբեր ընդունելով հնարավոր է՝ այլ խնդիրներ առաջանան, օրինակ՝ ստամոքսի խոցը:  Մարդիկ նկարագրում են տարատեսակ ուժգնության գլխացավեր՝ սկսած շատ մեղմից  մինչև սաստիկ գլխացավերը։ Գրականության մեջ որպես «սուիցիդալ գլխացավեր» են նկարագրվում չափազանց ուժգին ցավերը: Այս դեպքում հիվանդները նշում են «աչքի դուրս գալու» զգացողություն, ցավ գլխի մեկ կիսագնդի հատվածում, արցունքահոսություն, քթի փակվելու, հաճախակի և ուժգին զարկի զգացողություն։ Այս ժամանակ  նյարդա-անոթային փոփոխություններ են տեղի ունենում (լայնացում, նեղացում) և առաջանում է գլխացավի այս տեսակը, որը  նաև սեզոնային գլխացավ է համարվում և սրվում է  աշնանն ու  գարնանը։ Այդ ցավերով տառապող մարդիկ արդեն գիտեն, թե ինչից է սրվում գլխացավը  և խուսափում թե՜ որոշակի  մթերք օգտագործելուց, և թե՜  գործողություններից,  որոնք առաջացնում են այն։  Այս խնդիրն արդեն լուրջ մոտեցում  և կոմպլեքս բուժում է պահանջում։
-Ինչո՞վ են պայմանավորված կանանց մոտ  դաշտանային ցիկլի ընթացքում կրկնվող գլխացավերը։
-Եթե գլխացավը միայն ցիկլի ժամանակահատվածում է  լինում, ապա կարող է կախված լինել դաշտանային ցիկլի խախտումների, օրգանիզմի առանձնահատկությունների  և հորմոնալ փոփոխությունների հետ։ Այս դեպքում սովորոբար բժիշկի չեն դիմում, քանի որ զուգընթաց կարող են լինել և որովայնային ցավեր, ինչը բնորոշ է այս ընթացքին։ Սովորաբար  այս դեպքում օգնում են ցավազրկող հաբերը։ Սակայն կան միգրենի տիպի ցավեր, որոնք շատ կանանց մոտ սրվում են հենց ցիկլի ժամանակ։ Այս դեպքում հարկավոր  է բուժում։ Արդի բժկության հնարավորությունները թույլ են տալիս  պրոֆիլակտիկ բուժում իրականացնել, այսինքն ՝ ոչ թե վերացնել   ցավը, այլ անել  այնպես,  որպեսզի ցավը չսկսվի։
— Ի՞նչ բարդությունների կարող է բերել գլխացավը՝  այն անտեսելու և ժամանակին չախտորոշելու դեպքում։ 
-Գլխացավերը լինում են առաջնային և երկրորդային։ Եթե առաջնային գլխացավի մասին է խոսքը, ապա սա կյանքի որակին ազդող գործոն է, քանի որ նկատվում է տրամարդության, աշխատունակության  անկում, հատկապես, եթե սկսում է քրոնիկ բնույթ կրել։ Առաջնակի գլխացավերի մասին խոսելիս ցանկանում եմ նշել նաև միգրենը, որը առանձնանում է ուժեղ անոթազարկով ուղեկցվող ցավով և սրտխառնոցով։ Սակայն քանի որ այս գլխացավերը այլ հիվանդության պատճառ չեն, ապա  ազդում են միայն կյանքի որակին և ոչ մի բարդություն չեն առաջացնում, սակայն պահանջում են բուժում։  Երկրորդային գլխացավերն իրենց պատճառներն ունեն։ Այս ցավերը այլ հիվանդությունների  հետևանք են։ Շատ հաճախ հանդիպում են ճնշման տատանումների հետևանքով առաջացած  (հիպերտոնիա,  հիպոտոնիա) գլխացավերը, երիկամների, սրտանոթային համակարգի, ուռուցքայիին հիվանդությունների  և շատ այլ  հիվանդությունների հետևանքով առաջացած գլխացավերը։ Շատ կարևոր է զննել և գտնել պատճառը և բաց չթողնել այն հիվանդությունը,  որը գլխացավեր է առաջացնում։ Հիմնականում՝ գտնելով և բուժելով հստակ հիվանդությունները, գլխացավը պարզապես վերանում է։
Օրգանիզմի արձագանքը եղանակային փոփոխություններին արտահայտվում է որպես դեպրեսսիվ վիճակ և հաճախ նույնպես գլխացավ է առաջացնում։  
-Արևի, վիտամին D պակասը, ցրտաշունչ ձմռան եղանակային պայմանները, երբ դրսում ցուրտ է, իսկ ներսում ՝ տաք,  իհարկե կարող են նույպես նպաստել գլխացավերի առաջացմանը, քանի որ արյունատար անոթների լայնացումն ու նեղացումը նպաստում են ճնշման տատանումներին և դրսևորվում են որպես ուժգին գլխացավ։ Ինչ խոսք, եղանակային պայմանները ազդում են նաև տրամադրության վրա, և տրամադրության անկումը նույպես կարող է բերել   նյարդային լարվածության, անհանգստության, ինչը սովորաբար  լարվածության տիպի գլխացավ է  առաջացնում, որին բնորոշ է մկանային լարվածությունը՝ սեղմող և ճնշող ցավը   քունքի, գլխի գագաթային հատվածում   և  ճակատի շրջանում։ Հաճախ ցավազրկող դեղամիջոցներն այստեղ անզոր են, և հարկ է լինում  բուժումն իրականացնել  միոռելաքսանտներով՝ մկանները թուլացնող դեղամիջոցներով։
Ինչո՞վ են պայմանավորված համակարգչի առջև երկարատև աշխատանքից առաջացած գլխացավերը։
-Համակարգչի առջև երկարատև աշխատանքը առաջացնում է աչքի մկանների լարվածություն, ինչը  աչքի ճնշման տատանումների պատճառ կարող է  լինել, հետևաբար նաև գլխացավի, և հաճախ հարկավոր է հետազոտվել նաև ակնաբույժի մոտ։
-Ե՞րբ է հարկավոր դիմել նյարդաբանի օգնությանը։
-Եթե ցավերը հաճախ կրկնվում են և անհանգստություն են պատճառում, ապա հարկավոր է  դիմել նյարդաբանին։ Պացիենտի նշած գանգատները, ցավի տեսակը, տեղակայումը, բնույթը օգնում են նյարդաբանին պարզել, թե գլխացավի որ տեսակն է նկարագրում հիվանդը։ Իհարկե շատ դեպքերում ունենում ենք գլխացավերի մի քանի տեսակների համալիր և փորձում ենք հասկանալ, թե որն է գերակշռում։ Այս ամենը շատ սուբյեկտիվ է, քանի որ մենք հիմնվում ենք հիվանդի խոսքի վրա։ Շատ հիվանդությունների պատճառները  պարզ են լինում գործիքային և լաբորատոր հետազոտություններ իրականացնելուց հետո, իսկ գլխացավը ախտորոշվում է հիվանդի գանգատների նկարագությունից ելնելով, (խոսքը առաջնային գլխացավերի մասին է), և բնականաբար փոփոխությունները տեսնում ենք արդեն բուժման ֆոնի վրա։  Հարկ եղած դեպքում կատարվում է արյան լաբորատոր հետազոտություն և գլխուղեղի ՄՌՏ հետազոտություն։
-Ինչպե՞ս բուժել դեպրեսիայի, սթրեսների հետևանքով առաջացած գլխացավերը։
Առհասարակ, գլխացավերի բուժումը կախված է  ցավերի առաջացման պատճառներից։ Դեպրեսիվ գլխացավերը բուժվում են հակադեպրեսանտներով,  հանգստացնող դեղամիջոցներով, և ոչ թե ցավազրկող հաբերով։ Նաև կցանկանայի նշել, որ գլխացավը ցավազրկող դեղամիջոցներով չի բուժվում։ Գլխացավը գլխուղեղի նյարդային հյուսավծքի ցավային զգացողությու չէ, քանի որ այդտեղ բացակայում են ցավային ընկալիչները։ Ցավն առաջանում է գլխում կամ պարանոցի շրջանում գտնվող մկանների, արտերիաների, երակների, լորձաթաղանթների վրա ազդեցության հետևանքով։ Գլխացավի բուժման մեթոդը կախված է հայտնաբերված հիվանդության բնույթից կամ նրանից առաջացած պատճառից։ Եթե ունենք գլխացավ, ուրեմն ունենք պատճառ, և՝ գտնելով ու բուժեշով պատճառը, կարող ենք վերացնել բոլոր տեսակի գլխացավերը։