Կնոջ անպտղություն․պատճառներ և նպաստող գործոններ

Կնոջ անպտղության պատճառները բազմաթիվ են։ Այս խնդիրը վերաբերում է ոչ միայն կնոջը, ամուսնական զույգին, այլև ամբողջ ընտանիքին։ Իրավիճակը վերահսկելու միջոցներից մեկն է իրազեկվածությունը։
Անպտղության պատճառներից մի քանիսի մասին պատմում է Շենգավիթ և  Սիրմեդ Բժշկական Կենտրոնների մանկաբարձ-գինեկոլոգ ՝ Աննա Տողրամաջյանը։

anna_toghramajyan_1
-Ե՞րբ է կինը համարվում անպտուղ։

-Նախկինում անպտուղ էր համարվում մեկ տարվա կանոնավոր չպաշտպանված սեռական կյանքի ընթացքում հղիություն չունեցած կինը: Սակայն արդի բժշկությունը երկարացրել է այս ժամանակահատվածը, և այսօր անպտուղ համարվում են կանայք, որոնք ապրում են կանոնավոր չպաշտպանված սեռական կյանքով երկու տարի, և այս ընթացքում հղիություն չի գրանցվում։ Պետք է տարբերակել առաջնային և երկրորդային անպտղությունը: Առաջնային է համարվում այն անպտղությունը, երբ երկու տարվա ընթացքում ազատ սեռական կյանքով ապրած կնոջ մոտ չի գրանցվում հղիություն, ընդ որում, կարևոր չէ՝ ծննդաբերել է նա, թե ոչ: Երկրորդային անպտղությունն է, երբ կինն ապրում է կանոնավոր չպաշտպանված սեռական կյանքով, սակայն այս դեպքում նախկինում գոնե մեկ հղիություն (ոչ ծննդաբերություն) նշում է։
-Որո՞նք են կնոջ անպտղության պատճառները։
-Ըստ անատոմիական ֆունկցիոնալ առանձնահատկությունների տարբերակում ենք անատոմիական, իմունոլոգիական, հորմոնալ անպտղության տեսակներ և այլն։ Շատ կարևոր է տարբերակել և բացահայտել դրանք։ Կուզեի հատուկ ուշադրություն դարձնել հորմոնալ անպտղությանը, որը բավականին թույլ օղակ է համարվում մեզ մոտ, քանի որ թեստերը դեռ լիարժեք չհանձնած՝ շատ մասնագետներ նշանակում են հորմոնալ, այսպես կոչված օվուլյացիան խթանող միջոցներ՝ չմտածելով, թե ինչ խնդիր կա կնոջ մոտ, և որն է օվուլյացիայի բացակայության պատճառը։

HealthMag42
Այս դեպքում ի՞նչ լրացուցիչ հետազոտություններ են հարկավոր:
-Հղիության և դրա նորմալ զարգացման համար անհրաժեշտ է կանոնավոր դաշտանային ցիկլ: Բոլորովին նորմալ չէ, երբ կինը դաշտանային ցիկլ է ունենում տարին 3-4 անգամ: Կանոնավոր է համարվում 21-35 օրվա դաշտանային ցիկլը: Եվ եթե կա խախտում, ապա պետք է գտնել հորմոնալ շեղման պատճառը: Կանոնավոր ցիկլ ունեցող կնոջ մոտ դաշտանի 10-18 օրերին տեղի է ունենում ձվազատումը։ Սակայն, եթե ինչ-ինչ պատճառներով (օրինակ՝ հորմոնալ դիսբալանսի) այն տեղի չի ունենում, առաջին հերթին կինը պետք է անցնի ուլտրաձայնային հետազոտություն, որն այսօր ոսկե ստանդարտ է համարվում: Գերձայնային հետազոտությունը թույլ է տալիս ուսումնասիրել կնոջ անատոմիական կառուցվածքը
գուցե կնոջ մոտ նկատվում է ձվարանի բացակայություն, կամ հիպոպլաստիկ արգանդ, կամ, գուցե, էնդոմետրիումի մեծ պոլիպ, կամ միոմատոզ հանգույց։ Այսինքն՝ անհրաժեշտ է ախտորոշել նորմալ անատոմիան: Այն ախտորոշելուց հետո հաջորդ կարևոր քայլն է նույն գերձայնային հետազոտությամբ կատարել ֆոլիկուլոմետրիա՝ հետևել ֆոլիկուլի աճին և հասկանալ՝ համապատասխանո՞ւմ է այն դաշտանի օրերին, և արդյո՞ք ֆոլիկուլը ճիշտ չափերի է հասնում, էնդոմերտրիումը պատրա՞ստ է իմպլանտացիային, թե՝ ոչ: Որից հետո, եթե իհարկե կան գանգատներ կնոջ կողմից և ձվազատման խանգարում է նկատվում, արդեն հորմոնալ հետազոտություն է նշանակվում: Ցանկանում եմ շեշտել, որ անհրաժեշտ հորմոնալ հետազոտությունները պետք է անել մինչև որևիցե խթանող դեղամիջոց ընդունելը, քանի որ խթանող դեղամիջոցի կիրառումը կարող է հետագայում շատ ավելի վատ արդյունքների բերել:
-Հորմոնալ հետազոտություններ անելու համար արդյո՞ք անհրաժեշտ է հաշվի առնել դաշտանային ցիկլի օրերը:
-Այո, իհարկե, սակայն այստեղ էլ հին և նոր բժշկությունը բախվում են: Նախկինում ընդունված էր հորմոնալ հետազոտություններն իրականացնել ցիկլի 5-7 օրերին, սակայն այսօր առաջին փուլի հորմոնները ճիշտ և գրագետ է համարվում հանձնել դաշտանային ցիկլի 2 օրը, պարտադիր առավոտյան ժամը 10:00, դատարկ ստամքսին՝ բացառելով նախորդ օրվա սեռական հարաբերությունը և նույնիսկ ծխախոտը: Ասեմ ավելին՝ հորմոնալ հետազոտություներն անցնելուց առաջ կինը պետք է 10-15 րոպե հանգստանա, ազատվի ավելորդ լարվածությունից, իսկ հետո արդեն հանձնի արյունը:
-Ո՞ր հորմոններն է անհրաժեշտ հանձնել այս պարագայում:
— Ճիշտ է, հորմոնների շարքը մեծ է, սակայն փորձում ենք ախտորոշել ամենակարևորները, որպեսզի բացառենք ֆունկցիայի խանգարումը, և հետո արդեն անցնենք առաջ։ Դաշտանային ցիկլի առաջին կեսի ամենակարևոր և անհրաժեշտ հորմոններն են՝ պրոլակտինը, տեստոստերոնը, էստրադիոլը՝ ֆոլիկուլը խթանող հորմոնը, վահանաձև գեղձի հորմոնները, Մյուլլերի հորմոնները՝ ձվարանի ձվաբջջի ռեզերվը որոշելու համար: Իսկ արդեն դաշտանային ֆունկցիայի երկրորդ կեսում շատ կարևորում ենք պրոգեստերոնի որոշումը։
-Նախկինում տարած սեռավարակները ինչպե՞ս են անդրադառնում կնոջ օրգանիզմի վրա ։
-Իհարկե, ցանկալի է մինչ հղիանալը կինն անցնի մի շարք հետազոտություններ՝ սեռավարակները բացառելու համար։ Սեռավարակները նույնպես կարող են փողային անացանելիություն, ֆունկցիայի խանգարում առաջացնել, կամ հետագայում պարզապես բացասական ազդեցություն ունենալ պտղի վրա։ Ցանկացած տեսակի բորբոքում, սեռավարակ ունի իր հետևանքները, սակայն կցանկանայի առանձնացնել խլամիդիան, որը բավականին հաճախ է հանդիպում այսօր։ Խլամիդիան կպումային պրոցեսսն է խթանում, և միջին անացնանելիության ֆակտորը ավելի արտահայտված է լինում։
Հակաբեղմնավորիչ հաբերի երկարաժեմկետ օգտագործումը ինչպե՞ս կարող է ազդել կնոջ ռեպրոդուկտիվ ֆունկցիայի վրա։
Հորմոնալ պրեպարատներից պետք չէ վախենալ, պետք է վախենալ հորմոնալ խախտումից։ Բազմաթիվ կանանց հակաբեղմնավորիչ հորմոնալ պրեպարատներ նույնիսկ ցուցված են՝ հաշվի առնելով մազակալումը, ճարպակալումը, ակնեի առկայությունը, մազաթափությունը, մարմնի կառուցվածքը, որը շատ հաճախ հորմոնալ խախտումների հետևանքով տղամարդու մարմնի է նմանվում․․․ Սակայն առանց բժիշկի հսկողության և նշանակման, հորմոնալ պրեպարատների ընդունումը արգելվում է։ Առանց բժիշկի նշանակման հակաբեղմնավորիչ պրեպարատների ինքնակամ և երկարատև օգտագործումը կարող է անդառնալի հետևանքների հանգեցնել, որոնք հետագայում ֆունկցիոնալ խանգրումների պատճառ կարող են դառնալ։
Հղիության ընդհատումը (ընդհատումների քանակը) կարո՞ղ է բերել անպտղության։
-Այո։ Բոլորս գիտենք, որ հատկապես առաջին հղիությունն ընդհատել չի կարելի։ Կարծիք կա, որ դեղորայքային աբորտները անվնաս են, քանի որ արգանդի խոռոչը չի լայնացվում, սակայն այս տեսակ աբորտներից հետո հաճախ են նշվում հորմոնալ խախտումներ, պոլիպների առաջացում։
Աբորտի հետևանքներից են ՝
ներարգանդային կպումները, արգանդափողերի անանցանելիությունը, որը ևս կարող է անպտղության պատճառ լինել։ Աբորտի ժամանակ արգանդի պարանոցի վնասումը կարող է չզարգացող հղիության կամ վիժման պատճառ լինել։ Թե՛ դեղորայքային, և թե՛ ինվազիվ մեթոդով կատարած աբորտը, ամեն դեպքում, վտանգում է կնոջ առողջությունը և նվազեցնում ապագայում հղիանալու շանսերը։
Արտարգանդային հղիությունը կարո՞ղ է հետագայում անպտղության պատճառ լինել։
-Արտարգանդային հղիությունը վտանգավոր է առաջին հերթին կնոջ կյանքի համար, իսկ հետագայում կարող է անպտղության պատճառը լինել, եթե կա փողի պատռում, վնասում, և փողը հեռացվել է։
Անպտղությունը հնարավոր է կանխել և բուժել, եթե հետևողական լինել դաշտանային ցիկլի կանոնավոր ընթացքին, հետևլ քաշին, խուսափել ճարպակալումից, բացառել աբորտներն ու արհեստական վիժումները, կանխել կամ ժամանակին բուժել ցանկացած տեսակի բորբոքումներն ու սեռավարակները , իսկ առաջին իսկ գանգատի դեպքում չհետաձգել և դիմել բժիշկին։