Կրծքագեղձի ՄՌՏ հետազոտություն

Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ) օրգանիզմի տարբեր անատոմիական հատվածների ոչ ինվազիվ ախտորոշիչ մեթոդ է, որի ժամանակ հզոր մագնիսական դաշտի, ռադիոալիքների և ծրագրային վերամշակման արդյունքում ստացվում են եռաչափ և շերտավոր պատկերներ:

Ինգա Մինասյան

Հայաստանում առաջին անգամ ԿՀՄԻ ԲԱԿ-Երևան բժշկական կենտրոնում 2015թ.-ին  է կատարվել բարձրադաշտ ՄՌՏ հետազոտություն: Տվյալ հետազոտության իրականացումը մեր երկրում նոր մակարդակի բարձրացրեց կրծքագեղձի հիվանդությունների ախտորոշումը:

Կրծքագեղձի ՄՌՏ հետազոտությունը արդեն ավանդական դարձած ուլտրաձայնային հետազոտության (ՈՒՁՀ) և ռենտգեն-մամոգրաֆիայի համեմատությամբ, ախտորոշման ժամանակակից և բավական նոր մեթոդ է,  կատարվում է բացառապես բարձրադաշտ տոմոգրաֆի միջոցով:  ՄՌՏ հետազոտությունն ունի մի շարք կարևոր առավելություններ, որոնց շնորհիվ այն դարձել է ընտրության մեթոդ բժշկության տարբեր ոլորտներում, այդ թվում նաև մամոլոգիայում: Այս երեք ախտորոշիչ մեթոդները լրացնում են միմյանց:  Հյուսվածքային բարձր տարբերակման շնորհիվ ՄՌՏ-ն թույլ է տալիս մանրակրկիտ ուսումնասիրել կրծքագեղձի կառուցվածքը և հայտնաբերել ախտաբանական պրոցեսները: Ի համեմատ վերը նշված այլ մեթոդների ՄՌՏ-ն ունի մի շարք առավելություններ, իսկ մեթոդի ինֆորմատիվությունը կախված չէ հետևյալ գործոններից`

— կրծքագեղձի հյուսվածքի խտություն,

— մաստոպատիայի արտահայտվածության աստիճան,

— հետվիրահատական սպիական փոփոխությունների առկայություն,

— հետճառագայթային ֆիբրոզ:

Իոնիզացնող ճառագայթման բացակայությունը թույլ է տալիս կատարել հետազոտությունն այնքան հաճախ, որքան անհրաժեշտ է կոնկրետ դեպքի համար: Դեպքերի ճնշող մեծամասնության ժամանակ ՄՌՏ-ն  հստակեցնող մեթոդ է՝ մամոգրաֆիայից և ՈՒՁՀ–ից հետո,   կատարվում է կոնտրաստային նյութի ներարկմամբ: ՄՌՏ հետազոտության ժամանակ օգտագործվող կոնտրաստ նյութը զուրկ է օրգանիզմի վրա հեպատո-, ցիտո-, նեֆրոտոքսիկ և այլ բացասական ազդեցություններից:

Կրծքագեղձի ՄՌՏ

ՄՌՏ  կատարում են  հետևյալ դեպքերում`

  • Կրծքագեղձի` նախկինում հայտնաբերված բարորակ և չարորակ նորագոյացությունների տարբերակիչ ախտորոշում,
  • Կրծքագեղձի` չարորակ պրոցեսի ռեցիդիվի հայտնաբերման համար գեղձի պրոթեզավորումի,
  • Մետաստազների հայտնաբերում,
  • Ախտահարված ավշային հանգույցների հայտնաբերում,
  • Հետվիրահատական սպիական փոփոխությունների, հետճառագայթային ֆիբրոզի և չարորակ նորագոյացությունների տարբերակիչ ախտորոշում,
  • Կրծքագեղձի իմպլանտների վիճակի դինամիկ հսկողություն, դրանց պատռվածքների ախտորոշում:

Կրծքագեղձի ՄՌՏ հետազոտությունն այն եզակի հետազոտման մեթոդն է, որի ժամանակ ստացված հետկոնտրաստային պատկերների վերամշակման արդյունքում հնարավոր է առավելագույնս տարբերակել բարորակ և չարորակ գոյացությունները:

Կրծքագեղձի ՄՌՏ հետազոտությունը ճիշտ է կատարել դաշտանային ցիկլի առաջին ֆազայի ընթացքում  (դաշտանային ցիկլի ավարտից հետո 7 — 12 օր), իսկ հետմենոպաուզալ շրջանում`  ցանկացած ժամանակ:

Կրծքագեղձի ՄՌՏ

Կրծքագեղձի ՄՌՏ-ի տվյալներն անփոխարինելի են բուժման մարտավարության որոշման և հետվիրահատական դինամիկ հսկողության համար: Շատ ակտուալ է ներկայումս  կատարել կրծքագեղձի  բիոպսիա` ՄՌՏ-ի հսկողության ներքո:

 

Կրծքագեղձի ՄՌՏ հետազոտությունը կատարվում է փորի վրա պառկած և անշարժ վիճակում:  Այս հետազոտությունը հակացուցված է օրգանիզմում տարբեր մետաղական կամ էլեկտրամագնիսական սարքերի առկայության դեպքում` կարդիոստիմուլյատորներ, կոխլեար իմպլանտներ, անոթային կլիպսեր: Հարաբերական հակացուցում են կլաուստրաֆոբիան, հղիության առաջին եռամսյակը:

Համարվում է, որ կրծքագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը բարձրանում է, եթե կինը այս հիվանդության հետ կապված գենետիկական մուտացիաներ կամ, կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշումով  հարազատներ ունի: Այդ կանանց խորհուրդ են տալիս տարին մեկ անգամ կատարել  մամոգրաֆիա, ինչպես նաև ՄՌՏ հետազոտություն անցնել՝ կոնտրաստ նյութի կիրառմամբ:

Այսպիսով, կրծքագեղձի  ՄՌՏ հետազոտությունը ժամանակակից, անվնաս և առավել ինֆորմատիվ մեթոդ է տարբեր ախտաբանական պրոցեսների ախտորոշման և բուժման գործընթացում, որոնք այլ մեթոդների կիրառման դեպքում կարող են ուղղակիորեն բաց թողնվել կամ որոշ դեպքերում՝  սխալ մեկնաբանվել:

Ինգա Մինասյան, ճառագայթաբան

ԿՀՄԻ ԲԱԿ-ԵՐԵՎԱՆ

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան 0039, Բագրատունյաց 1
Հեռ`  +374 11 42-11-11
Վեբ կայք՝ www.ldc.am