Համակարգային կարմիր գայլախտ

Գաղտնիք չէ, որ մարդու իմունային համակարգը դեռևս չբացահայտված ու բազմաթիվ անհայտներով ոլորտ է: Այն նորանոր անակնկալներ է մատուցում գիտնականներին՝ տարատեսակ հիվանդությունների ու դրանց դեմ պայքարի հարցում:

Համակարգային կարմիր գայլախտը ծանր հիվանդություն է, որի ժամանակ մարդու իմունային համակարգը սեփական բջիջները որպես օտար է ընդունում` պայքարելով դրանց դեմ: Հենց այս ժամանակ է, որ օրգանիզմում վտանգավոր նյութեր են արտադրվում, որոնք վնասում են օրգան-համակարգերը՝ անոթները, մաշկը, հոդերը, ներքին օրգանները՝ երիկամներ, թոքեր, սիրտ, լյարդ, գլխուղեղ:

Lupus erythematosus- (Lupus – գայլ, erythematosus) անվանումը ստացվել է  1828 թվականին, երբ ֆրանսիացի մաշկաբանը Բիետը հիվանդի արտաքին տեսքը նմանեցրեց սոված գայլի հարձակման ենթարկվածի:

Հիվանդությունն առավելապես  հանդիպում է կանանց շրջանում՝ տասը հիվանդից ինը իգական սեռի է, ընդ որում հիվանդության առաջին նախանշանները ի հայտ են գալիս 15-25 տարեկանում:

Կարմիր գայլախտի առաջացման հիմնական պատճառը դեևս անհայտ է, ենթադրվում  է, որ նկատելի դեր ունի վարակը, որը ներգործում է դիմադրողական համակարգի վրա:  Որպես կանոն,  հիվանդությունն արտահայտվում է արևի տակ տևական ժամանակ մնալուց, ծննդաբերությունից, հղիության արհեստական ընդհատումներից, ծանր հուզական ապրումներից հետո:  Համակարգային գայլախտ ունեցողների անամնեզում անպայման նշվում է  սննդային և դեղորայքային ալերգիա: Իսկ ժառանգականությունը մեծացնում է հիվանդության հավանականությունը:

համակարգային կարմիր գայլախտ

Շատ դեպքերում գայլախտն աստիճանաբար է սկսվում: Հիվանդները նիհարում եմ, բացի այդ գանգատվում են ընդհանուր  թուլությունից, բարձր ջերմությունից, հոդերում առկա ցավից: Ավելի հազվադեպ է հանդիպում հիվանդության սուր տարբերակը, երբ  անմիջապես բարձրանում է ջերմությունը, բորբոքվում են մաշկը կամ հոդերը: Սուր սկզբին հաջորդում է ալիքաձև ընթացքը՝  ընդ որում ամեն սրացման փուլ ներառում է նոր օրգան-համակարգեր:

Ախտահարվում են նաև բերանի լորձաթաղանթը, շրթունքները:  Հիվանդները նշում են մանր և խոշոր հոդերի, մկանային ցավեր:

Այնուհետև ի հայտ է գալիս օրգանների սերոզ թաղանթների՝ պերիկարդի, պլևրայի բորբոքում: Կարող են ախտահարվել երիկամները (համարյա բոլոր դեպքերում), թոքերը, լյարդը, սիրտը, գլխուղեղը:   Գայլախտի ժամանակ հաճախ է դիտվում հակաֆոսֆոլիպիդային համախտանիշ՝ օրգանիզմում հայտնվում են նյութեր՝ հակամարմիններ, որոնք վնասում են ֆոսֆոլիպիդները:

Համակարգային կարմիր գայլախտ ախտորոշումը սահմանում է ռևմատոլոգը՝ պացիենտի գանգատների հիման վրա՝ չհիմնավորված նիհարություն և բարձր ջերմություն, դեմքի կարմրություն «թիթեռնիկի» տեսքով, հոդերի, սրտի, երիկամների ախտահարումներ: Հիվանդի գանգատները զուգադրվում են գործիքային և լաբորատոր փորձաքննությունների արդյունքներին:

1982 թվականին Ամերիկյան ռևմատոլոգների կողմից մշակված չափանիշների համաձայն Համակարգային կարմիր գայլախտը ախտորոշվում է նշված 11 ախտանիշերի հիման վրա.

  • Այտերի և քթի հատվածում կարմրություն «թիթեռնիկի» տեսքով, կարմրություն դեկոլտեի հատվածում, որն արտահայտվում է մասնավորապես քամու, արևի առկայությամբ,
  • Դիսկոիդ ցանավորում
  • Ֆոտոզգայունություն՝ արևի ճառագայթների նկատմամբ զգայունութոյւն կարճ ժամանակահատվածում, որն արտահայտվում է ցանավորման և կարմրության տեսքով
  • Խոցեր բերանի խոռոչում, ցավ կոկորդում, բերանի և քթի լորձաթաղանթում
  • Արթրիտներ
  • Սերոզիտներ, թոքերի, սրտի սերոզ թաղանթի բորբոքում
  • Երիկամների ներգարվվածություն
  • Կենտրոնական նյարդային համակարգի հետ կապված խնդիրներ՝ պսիխոզներ և ցնցումներ
  • Հեմատոլոգիական խնդիրներ՝ արյան բջիջների քանակության նվազում,
  • Իմունոլոգիական խանգարումներ, որոնց հետևանքով զարգանում են երկրորդային բորբոքումներ,
  • Հակամանրէային հակամարմիններ՝ աուտոհակամարմիններ, որոնք գործում են սեփական բջիջների նկատմամբ

 

Դեպքերի մեծամասնությունում հիվանդությունը ենթադրում է տարիներ շարունակ թերապևտի և ռևմատոլոգի հսկողություն և բուժում: Որքան շուտ է հիվանդությունը հայտնաբերվում, այնքան ավելի արդյունավետ է ընթացքի կառավարումը:  Բուժումը սկսվում է հորմոնային դեղամիջոցներով (գլյուկոկորտիկոիդներ), այնուհետև իմունադեպրեսանտների միջոցով ճնշվում է դիմադրողականությունը՝ չեզոքացնելու իմունիտետի ակտիվության հետևանքով առաջացող ռեակցիաները: Հաճախ գլյուկոկորտիկոիդներն ու իմունադեպրեսանտները նշանակվում են միաժամանակ:

Ագրեսիվ զարգացման ու ընթացքի դեպքւմ նշանակվում է պլազմաֆերեզ: Այս հիվանդության դեպքում արգելվում է արևային լոգանքը, խորհուրդ է տրվում խուսաել վիրահատական միջամտություններից, պատվաստանյութերի և բուժական շիճուկների ներարկումից:

Համակարգային Կարմիր գայլախտը մի հիվանդությունը է, որը գլխիվայր փոխում է  մարդու կենսակերպը: Այս հիվանդությունը, անկախ բուժման ընթացքից, կիրառվող թանկարժեք դեղորայքից, միևնույն է, աստիճանաբար հյուծում ու քայքայում է ողջ օրգանիզմը: Ժամանակի ընթացքում ի հայտ են գալիս հիվանդության ուղեկցող ախտանիշերի բարդությունները, նոր օրգան-համակարգերի ախտահարումները: Սա լրջագույն հարված է անգամ այն մարդու կյանքի որակին, ով պարտաճանաչ կերպով ստանում է սահմանված բուժումը: Միևնույն ժամանակ գիտնականները դեռևս փնտրտուքների մեջ են՝ որոնելու համակարգային գայլախտի արդյունավետ ու հնարավորինս ավարտուն բուժումը: Իսկ մինչև այդ՝ հիվանդության կառավարումը սահմանափակվում է միայն ախտանիշային բուժմամբ:

Առողջություն ամսագիր N3