Հենաշարժիչ համակարգի նորագոյացություններ

Դարեր շարունակ մարդկությունը պայքարում է ամենատարածված հիվանդությունների քաղցկեղների դեմ: Ներկայում դրանք իրենց տարածվածությամբ և մահացության ցուցանիշներով երկրորդն են՝ սրտանոթային հիվանդություններից մահացությունից հետո: Ժամանակակից բժշկագիտությունը ջանքեր չի խնայում ուռուցքային հիվանդությունների դեմ պայքարում, այնուամենայնիվ, դրանք դեռևս լիովին բուժելի չեն: Չարորակ գոյացությունների բուժելիության հնարավորությունն, ինչպես նաև բարդության աստիճանը ընդունված է համարել մետաստազների առկայությունը: Մասնավորապես դեպի ոսկրային համակարգ հասնող մետաստազային ախտահարումների մասին զրուցեցինք Վ.Ա.ֆանարջյանի անվան Ոռուցքաբանական ազգային կենտրոնի Ոսկրային պաթոլոգիայի բաժանմունքի վարիչ, բ. գ. թ. Սերգեյ Սեինյանի հետ:

Սեինյան

-Որո՞նք են հենաշարժիչ համակարգի ուռուցքները:

-Հենաշարժողական համակարգի ուռուցքների թվին են պատկանում ոսկրերի ուռուցքները, հոդամակերեսների ուռուցքները, փափուկ հյուսվածքների՝ մկանների, ջլերի և ջլաբնոցների ուռուցքները: Որպես կանոն՝ դրանք լինում են 2 տեսակի՝ բարորակ և չարորակ: Չարորակ նորագոյացությունների մեջ ամենահաճախ հանդիպողը  օստիոգեն սարկոման է, Յուինգի սարկոման և խոնդրոսարկոմա:

Եթե փորձենք տարանջատել տարիքային առումով, ապա՝  առաջին հավանական բռնկումը կարող է նկատվել  10-40 տարեկանում, ապա՝ 60 տարեկանից հետո:

-Ուռուցքային հիվանդությունների պարագայում մասնագետները դժվարանում են միանշանակ պատճառներ մատնանշել,  արդյոք նույնն է, ոսկրային համակարգի ուռուցքների դեպքում:

Խորհրդային տարիներին կար կարծիք, որ ոսկրային ուռուցքների առաջացման պատճառը վնասվածքներն են, սակայն երկար հետազոտությունններից հետո հասկանալի դարձավ, որ  այս հարցում վնասվածքը պարտադիր  չէ: Ուռուցքը լինում է մինչև վնասվածք ստանալը, ինչը պարզապես դառնում է ուռուցքի արտահայտման  սկիզբը, նպաստում է չարորակ նորագոյացության արագ աճին, բայց սկզբնապատճառ լինել, չի կարող: Չարորակ նորագոյացություններ կարող են առաջանալ այն դեպքում, երբ կա տևական ժամանակ անուշադրության մատնված բարորակ գոյացություն,  քանի որ աճի ընթացքում ուռուցքը կարող է փոխել իր բնույթը:

-Ինչպե՞ս են ախտորոշվում հենաշարժիչ ապարատի ուռուցքները:

-Բարորակ ուռուցքների դեպքում հետազոտության լավագույն տարբերակը ռենտգեն ախտորոշումն է, որը շատ պարզ պատկեր է տալիս: Եթե կա չարորակ նորագոյացության վերաբերյալ կասկած, ապա ռենտգեն ախտորոշմանը գումարվում է նաև համակարգչային տոմոգրաֆիան, եթե վնասված են փափուկ հյուսվածքները, ապա ավելի նպատակահարմար է անել մագնիսառեզոնանսային շերտագրում: Նախավիրահատական շրջանում իրականացվում է տրեպանոբիոպսիա: Սա  ասեղային բիոպսիայից մի փոքր ավելի մասշտաբային է, կատարվում է ընդհանուր անզգայացման պայմաններում:

-Որո՞նք են ոսկրային ուռուցքների ախտանշանները:

-Առաջին հերթին լինում է այտուց, ցավ և մոտակա հոդի ֆունկցիոնալ խանգարում: Հիվանդի համար տվյալ հատվածի շարժումը և այն ծանրաբեռնելը դառնում է դժվար և ցավոտ: Այս երեք ախտանշաններից յուրաքանչյուրի դեպքում պետք է դիմել բժիշկի:

-Ի՞նչ առանձնահատկություն  ունի հենաշարժիչ ապարատի չարորակ նորագոյացությունների բուժումը:

-Հենաշարժողական համակարգի ուռուցքային հիվանդությունների պարագայում գործում է մուլտիդիսցիպլինար մոտեցում: Մի քանի մասնագետներից բաղկացած աշխատանքային խումբը՝ օնկոօրթոպեդը, քիմիաթերապևտը, ճառագայթաբանը, երբեմն՝ անոթային վիրաբույժը, պլաստիկ վիրաբույժը, ռեաբիլիտոլոգը, ով պետք է վիրահատությունից հետո աշխատի պացիենտի հետ, միասին քննարկում է յուրաքանչյուր դեպքը, որոշվում է քայլերի հերթականությունը, առաջնահերթությունները:

Ընդհանրապես հենաշարժիչ ապարատի չարորակ ուռուցքների պարագայում վիրաբուժական միջամտությունը շատ հազվադեպ է դառնում առաջնային քայլ: Սա կարող է լինել միայն խոնդրոսարկոմայի պարագայում: Մյուս դեպքերում առաջնայինը քիմիաթերապիան է, որից հետո գնահատվում են ստացված արդյունքները, եթե կա ճառագայթային միջամտության անհրաժեշտություն, ապա իրականացվում է դա, իսկ վիրահատությունը դառնում է երրորդ քայլը: Եթե այս հերթականությունը խախտվում է, ապա մենք ունենում ենք վատ արդյունքներ, առավել ևս, եթե խոսքը գնում է երեխաների մասին:

Հաճախ մեզ մոտ են գալիս հիվանդներ, որոնք ստացել են ոչ ճիշտ բուժում այլ՝ ոչ մասնագիտացված հիվանդանոցներում, և մենք արդեն, ցավոք, իրենց ոչնչով չենք կարողանում օգնել: Այստեղից առաջ է գալիս մի չափազանց կարևոր գաղափար: Ուռուցքի առկայության դեպքում ճիշտ է, որ առաջին զննումը կատարի հենց ուռուցքաբանը: Ուռուցքների դեպքում հիվանդը պետք է բուժում ստանա ուռուցքաբանական մասնագիտացված կլինիկայում:

-Բժիշկ Սեինյան, ո՞ր օրգանների չարարակ նորագոյացությունները կարող են առաջացնել ոսկրերի մետաստազիկ ախտահարումներ:

-Ցանկացած ուռուցք կարող է դեպի ոսկրային համակարգ մետաստազներ արձակել, այնուամենայնիվ ամենից հաճախ ոսկրերում մետազտազներ են առաջանում կանանց մոտ՝ կրծքագեղձի, տղամարդկանց մոտ՝ թոքի և շագանակագեղձի ուռուցքները: Մենք հաճախ ենք հանդիպում նմանատիպ երևույթների, քանի որ մեր հասարակությունում ընդունված է բժիշկին ուշ դիմելու սովորությունը:

-Մետաստազների տեսանկյունից երեխաների դեպքում ի՞նչ առանձնահատկություններ են լինում:

Երեխաների դեպքում լինում են մետաստազներ, որոնք չեն երևում, դրանք կոչվում են համր մետաստազներ, որոնք նույնիսկ այսօրվա առաջադեմ հետազոտության դեպքում չի ախտորոշվում: Բայց, երբ մենք քիմիոթերապիայի մի քանի կուրս ենք իրականացնում, վերահսկիչ հետազոտության ժամանակ դրանք կարող են տեսանելի դառնալ: Այս երևույթը բնորոշ է օստեոսարկոմային: Եթե նման օջախը միակն է լինում, այն հեռացվում է վիրահատությամբ, եթե դրանք լինում են մի քանիսը, ապա իրականացվում է քիմիոթերապիա:

՞նչ խնդիրներ է հնարավոր դարձել լուծել էնդոպրոթեզավորման շնորհիիվ և արդյո՞ք դրանք ինդիվիդուալ բնույթ են կրում:

— Հենաշարժիչ համակարգի չարորակ նորագոյացությունների բուժումն իրականացվում է հաշմող, ինչպես նաև օրգանապահպան վիրահատությունների միջոցով: Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ոսկրային պաթոլոգիայի բաժինը ստեղծվել է 1997 թվաանին և դրա ստեղծման նպատակը հնարավորինս շատ օրգանապահպան վիրահատություն իրականացնելն էր: Օրգանապահպան վիրահատությունների զարգացմանը մեծապես նպաստել են էնդոպրոթեզների ստեղծումը, բայց օնկոլոգիական էնդոպրոթեզները միանշանակ տարբերվում են սովորական էնդոպրոթեզներից: Օնկոլոգիական էնդոպրոթեզները ինդիվիդուալ են, յուրաքանչյուր հիվանդի համար մենք պատվիրում ենք իր էնդոպրոթեզը՝ ըստ իր ոսկրերի չափսերի: Քանի որ մենք վիրահատությամբ առաջացնում ենք ոսկրի դեֆեկտ, ապա պարտավոր ենք լրացնել այն: Էնդոպրոթեզի չափսը կապ ունի հիվանդության բարդությունից, քանի որ այդպիսով է որոշվում վիրահատության ծավալը, հետևաբար յուրաքանչյուր դեպքում դրա չափսը վերցվում է անհատապես:

Մենք ունենք հիվանդ, ում ազրոսկրը ամբողջությամբ փոխված է 2՝ ծնկան և կոնքազդրային հոդերի հետ միասին: Սրանք ծանրագույն վիրահատություններ են:

-Որտե՞ղ են պատրաստվում էնդոպրոթեզները և որքա՞ն ժամանակ է դա պահանջում:

-Մենք համագործակցում ենք ֆրանսիական, չեխական, շվեյցարական հեղինակավոր կազմակերպությունների հետ: Մեր համագործակցությունն արդեն բազմիցս տարիներ շարունակ ապացուցել է իր արդյունավետությունը: Անհատական պրոթեզի պատրաստումը պահանջում է մոտ 2-3 շաբաթ:

Էնդոպրոթեզները օրգանիզմի կողմից չընդունելու խնդիր կարո՞ղ է առաջանալ:

Ոչ, դրանք լիովին չեզոք են, օրգանիզմում առկա որևէ նյութի հետ փոխազդեցություն չունեն, ամուր են: