Հղիության 3-րդ եռամսյակ Վերջին պատրաստություններ երկար սպասված հանդիպմանը

Հղիության երրորդ` վերջին, եռամսյակը չափազանց կարևոր ժամանակահատված է յուրաքանչյուր հղի կնոջ կյանքում: Չէ՞ որ այն եզրափակում է սպասումների ինն ամիսները:

Երրորդ եռամսյակում արդեն ավարտված է հիմնական օրգանոգենեզը, և ընթանում է բոլոր օրգան-համակարգերի զարգացման գործընթացը: Մասնավորապես, հենց  վերջին եռամսյակում են կատարելագործվում նյարդային համակարգն ու գանգը: Պտուղը նկատելիորեն քաշ է հավաքում՝ մայրիկին բազմաթիվ անհանգստություններ պատճառելով: Նա դժվարությամբ է տեղավորում օրեցօր մեծացող վերջույթները, նկատելիորեն արագ է արձագանքում շրջակա միջավայրից եկող ազդակներին, հետևաբար ավելի շատ է շարժվում:

pregnancy

Զարգանում ու կատարելագործվում են զգացողությունն ու զգայարանները: Փոքրիկն աստիճանաբար սկսում է տարբերակել ու արձագանքել հոտերին, զգալ համը, ընկալել ձայները, անգամ՝ տեսնել: Շատերն արդեն իսկ ունեն նախընտրելի երաժշտություն, որպես կանոն ուրախությամբ են արձագանքում մայրիկի ու հայրիկի ձայներին: Անգամ ունեն ոչ սիրելի մարդիկ ու ձայներ, որոնց  մասին ևս ազդարարում են իրենց վարքագծով: Այս ընթացքում ձևավորվում է փոքրիկի հոգեհուզական համակարգը: Շատ ծնողներ պարզապես ուշադրություն չեն դարձնում այս հանգամանքին: Մինչդեռ գիտությունն ապացուցել է, որ մեծ տարիքում ի հայտ եկող վախերը, ֆոբիաները, տագնապները, նյարդայնությունը, ինչպես նաև բազմաթիվ հոգեբանական խնդիրներ ու հիվանդություններ գալիս են ներարգանդային կյանքից: Հատկապես ամուսինների՝ միմյանց նկատմամբ վերաբերմունքն է անդրադառնում պտղի վրա: 3-րդ եռամսյակն այն ժամանակն է, երբ փոքրիկը հստակ զգում է թե՛ իրեն փոխանցվող սերն ու քնքշությունը, թե՛ մթնոլորտում առկա, իր ծնողների միմյանց նկատմամբ անհանդուրժողականությունն ու վատ վերաբերմունքը: Իսկ այն ընտանիքներում, որտեղ կնոջ հղիությունն ուղեկցվում է բռնությամբ, վտանգներով ու սխալ հարաբերություններով, մեծ է հոգեբանական ու նյարդաբանական հիվանդություններով երեխաների ծնվելու հավանականությունը: Որպես կանոն, երեխաներն ունենում են անբացատրելի վատ վերաբերմունք՝ ծնողներից մեկի նկատմամբ: Նրանք ենթագիտակցորեն գիտեն անգամ, թե ով է համեմատաբար ճիշտ և արդար, և ով՝ ոչ: Ու այս վերաբերմունքը կարող է ուղեկցվել ողջ կյանքի ընթացքում: Մինչև դեռահասության տարիքը կռվարար, նյարդային, բակում կատուներին ու թռչուններին տանջող, միմյանց նկատմամբ անհանդուրժող ու ագրեսիվ երեխաների մայրերի շրջանում հարցումները 100 տոկոսով փաստել են վերջիններիս՝ հղիության ընթացքում կրած ծեծի, բռնության, անհանգստությունների մասին:

Եվ հակառակը՝  լիակատար սիրո և համաձայնության, քնքշանքի ու հոգատարության մթնոլորտում ընթացող հղիության պարագայում մեծ է հոգեպես ու ֆիզիկապես առողջ երեխաների ծննդյան հավանականությունը:

32-րդ շաբաթվա ընթացքում փոքրիկի դեմքի կնճիռները սկսում են հարթվել:
Մոտավորապես 33-րդ շաբաթվա ընթացքում երեխայի թոքերը սկսում են հատուկ նյութի՝ սուրֆակտանտի արտազատումը, որոնք անհրաժեշտ են ինքնուրույն շնչառության համար, հատկապես ծննդաբերության ընթացքում և կյանքի առաջին իսկ վայրկյաններից: Նաև սա է պատճառը, որ անհաս ծննդաբերությունների դեպքում փոքրիկները տևական ժամանակ արհեստական շնչառության անհրաժեշտություն են ունենում:

38-րդ շաբաթվա ընթացքում փոքրիկի օրգանիզմն արդեն իսկ պատրաստ է ինքնուրույն կյանքի, այդ պատճառով այս ժամանակահատվածում ծնունդը չի համարվում անհաս:

Սա այն ժամանակահատվածն է, երբ յուրաքանչյուր շաբաթ փոքրիկն իր քաշն ավելացնում է շուրջ 200 գրամով: Հետևաբար, կարևոր է մայրիկի՝ վիտամիններով ու հանքանյութերով հարուստ սննդի ընդունումը: Ինչն առաջին հերթին կարևոր է հենց հղի կնոջ համար: Փոքրիկը, միևնույն է, կնոջ օրգանիզմից վերցնելու է իրեն պետքական նյութերը, իսկ անբավարար սնվելու հետևանքը պարզապես կնոջ հյուծվելն ու օրգանիզմի պաշարների սպառումն է լինելու: Այս ընթացքի պատշաճ սննդակարգը կարևոր է նաև հետծննդաբերական շրջանի վերականգնման, փոքրիկին մայրական կաթով կերակրելու համար:

Երրորդ եռամսյակում փոքր-ինչ ավելանում են կնոջ անհարմարությունները՝ կապված թե՛ պտղի, թե՛ սեփական քաշի ավելացման հետ: Միևնույն ժամանակ կարող են ի հայտ գալ հենաշարժողական, ինչպես նաև՝ այլ օրգան-համակարգերի խնդիրներ: Սրանց դիմակայելու լավագույն տարբերակը հղիությունը վարող բժշկի հետ ուղղակի կապի պահպանումն է, ցանկացած անհանգստություն բարձրաձայնելը: Ինչպես նաև՝ հույսը, որ այս կարևորագույն ժամանակահատվածը մոտենում է ավարտին, առջևում ամենասպասված հանդիպումն է՝ ծննդաբերությունը:

Առողջություն ամսագիր N3