Ձիավարության հմայքն ու գաղտնիքները

Ամբողջ աշխարհում աստիճանաբար ավելի մեծ տարածում է գտնում հիպոթերապիան՝ տարբեր հիվանդությունների բուժումը՝ ձիավարության ընթացքում: Դեռևս Հիպոկրատն էր այս թերապիան կիրառում, անգամ հիշատակումներ է արել, ըստ որոնց՝ այն հիվանդները, ովքեր բուժման ընթացքում ձիավարել են, առավել արագ են ապաքինվել:

Դարերի վաղեմությամբ մեթոդը ուսումնասիրվում, պատճառաբանվում, ապացուցվում ու հաջողությամբ կիրառվում է այսօր:

Ձին բարի ու հավատարիմ կենդանիներից մեկն է: Ապացուցվել է, որ բոլոր ընտանի ու վայրի կենդանիների համեմատությամբ, բոլոր դարերում ձին մարդուն ամենամոտն է: Ուսումնասիրություններից մեկի համաձայն՝ ձին ամենաշատ դրական էներգետիկա արձակող կենդանին է, մարդուն բարություն, հանդուժողականություն, հանգստություն և վստահություն է փոխանցում: Պարբերաբար ձիերի հետ շփվող, գոնե տարին մեկ-երկու անգամ ձիարշավարան գնացող մարդիկ հանդուրժող են, հավասարակշռված:

Ապացուցված է՝ ձիավարությունը չափազանց օգտակար է: Ձին մեկ րոպեում 100 տարբեր բնույթի շարժման է ենթարկում հեծյալին: Այս հանգամանքը ստիպում է մարդու օրգանիզմին շտկել ու կանոնակարգել իր շարժումները: Այս ընթացքում սկսում են աշխատել բոլոր հիմնական մկանային խմբերը: Ձիուց չընկնելու համար բնազդաբար հեծյալը պետք է մի քանի տարբեր շարժումներ իրականացնի, որոնց մասնակցում են ոտքերը, ձեռքերը, ամբողջ մարմինը՝ հենաշարժողական համակարգով: Նմանատիպ շարժունակության չի կարող հասցնել և ոչ մի մարզասարք: Եվ այս ամենն իրականացվում է ռեֆլեկտոր, ենթագիտակցական մակարդակում: Ոչ մի հեծյալ՝ անկախ տարիքից ու առողջական վիճակից չի կարող կառավարել իր շարժումները գիտակցական մակարդակում, կանոնակարգել դրանք:

Ձիավարության արդյունքները նկատելի են մի քանի օրգան-համակարգերի վրա:

Հիպոթերապիան հրաշալի միջոց է հենաշարժողական համակարգի հիվանդությունների՝ սկոլիոզի, հոդային հիվանդությունների, օստեոխոնդրոզի դեպքում: Այն կարգավորում  է մկանային լարվածությունը, ամրացնում ու մարզում է մկանները: Օպտիմալ ծանրաբեռնվածության դեպքում մկանային կորսետ է ձևավորվում, բարելավվում է արյան շրջանառությունը, միջողային տարածություններում նկատելիորեն լավանում է նյութափոխանակությունը:  Իսկ որևէ հիվանդություն չունեցող մարդիկ պարզապես հրաշալի կազմվածք ու կեցվածք են ձեռք բերում, համարյա  միջնադարի ասպետների նմանությամբ:

Ձիու մարմնի ջերմությունը մինչև 2 աստիճան ավելի է մարդու ջերմությունից, որը փոխանցվում է հեծյալին: Մարդը նկատելիորեն թուլանում է ջերմությունից, թուլացած մկանակապանային համակարգն առավել արդյունավետ կերպով է արձագանքում կենդանիների շարժումներին՝ բացառապես ենթագիտակցականի ու ռեֆլեքսների մակարդակում: Սա նպաստում է արյան ընդհանուր շրջանառությանը, նյութափոխանակության բարելավմանը: Ձիավարության ընթացքում առավել լավ են գործում բոլոր օրգան-համակարգերը՝ մարսողական, սիրտ-անոթային, շնչառական, ներզատիչ… Այդ օրգանների ֆունկցիայի բարելավումն ու վերականգնումը նպաստում է հիվանդությունների արագ ապաքինմանն ու նահանջին:

Ներկայում հիպոթերապիան լայնորեն կիրառվում է կենտրոնական նյարդային համակարգի հիվանդությունների, մանկական ուղեղային կաթվածի, աուտիզմի, Դաունի համախտանիշով երեխաների բուժման պարագայում: Բնականաբար, ձիուկները, չնայած իրենց անսահման բարությանն ու նվիրվածությանը, չեն կարող լիարժեք բուժել փոքրիկների լրջագույն հիվանդությունները, սակայն նկատելի դրական, երբեմն նույնիսկ անհավատալի տեղաշարժերի մասին վկայում են բոլոր մասնագետները: Հիպոթերապիան միջոց է նվազեցնելու երեխաների ագրեսիան, հոգեկան ու հոգեբանական խնդիրները: Ընկճված, ինքնամփոփ, բազմակի սթրեսներ տարած երեխաների համար լավագույն բնական բուժական մեթոդ կարող լինել ձիերի ընկերակցությունը: Սա միջոց է, որը բացառիկ բնական է, անվտանգ ու միևնույն ժամանակ՝ չափազանց արիստոկրատ:

Առողջություն ամսագիր N3