Ներհեշտոցային ուլտրաձայնային հետազոտություն

— Ցուցված է բոլոր կանանց՝ տարին մեկ կամ երկու անգամ՝ պրոֆիլակտիկ նպատակով: Ընդհանուր առմամբ, ներհեշտոցային ուլտրաձայնային հետազոտությունը մեծ հնարավորություններ է ընձեռում, որոնք ճիշտ գնահատելու դեպքում դեռևս նախակլինիկական փուլում կարևոր տեղեկատվություն ենք ունենում: Կինը կարող է ցանկացած տարիքում, անգամ գանգատների բացակայությամբ, դիմել այս հետազոտությունն իրականացնելու: Ներհեշտոցային հետազոտությունը հնարավորություն է  տալիս  անգամ չափազանց փոքր թվացող խնդրի մասին տեղեկություն ստանալ: Տրանսվագինալ հետազոտությունը պարտադիր է, եթե իրականացված աբդոմինալ  ուլտրաձայնային հետազոտությամբ  նկատելի են որոշակի գոյացություններ և կան անորոշություններ:  Նաև՝ երբ անհրաժեշտ է  դինամիկ հսկողություն, հատկապես բարդացած անամնեզով կանանց, կանանց ովքեր հղիություն են պլանավորում: Այն կարելի է իրականացնել ի վերջո բոլոր կանանց որևէ  խնդրով դիմել են գինեկոլոգի :

-Ներհեշտոցային ուլտրաձայնային հետազոտություն իրականացնելիս առավել կարևոր է բժշկի մասնագիտացու՞մը, թե սարքավորման հզորությունը:

-Ներկայում տեխնոլոգիաները զարգանում են ահռելի արագությամբ, մնում է՝ բժիշկները կարողանան համաքայլ գնալ այդ զարգացմանը: Մենք՝ սոնոգրաֆիստներս, ձգտում ենք հնարավորինս մոտենալ հիստոլոգիայի տվյալներին: Այսինքն առավելագույնս ճշգրիտ մեկնաբանել այն, ինչ երևում է սարքավորման միջոցով: Ժամանակակից տեխնոլոգիաները, օրինակ Տոշիբա սարքավորումը անթերի վիզուալիզացիա և ճշգրտություն  է ապահովում, օժտված է պրակտիկայում լայն կիրառում ունեցող  օպցիաներով, որոնք թույլատրում են ստանալ ավելի պարզ և ծավալուն ինֆորմացիա:  Սակայն, միևնույն ժամանակ կարևոր է ստացված պատկերների ճիշտ գնահատականը, որը մասնագետի որակավորմամբ է պայմանավորված:

— Բժշկուհի, Դուք կլինիցիստ եք, ով նաև ուլտրաձայնային հետազոտություն իրականացնելու որակավորում ունի: Այս հանգամանքը որքանո՞վ է կարևոր պացիենտի տեսանկյունից:

— Սովորաբար սոնոգրաֆիստն ուղղակի տալիս է կոնկրետ պատկերը և ուլտրաձայնային ախտորոշում: Կլինիցիստը, որը տիրապետում է ուլտրաձայնային ախտորոշմանը,  սոնոգրաֆիկ պատկերը տեսնում է կլինիկական նշանների  համադրությամբ:  Արդյունքում միևնույն մասնագետը կլինիկական ու ապարատային պատկերների համադրումից ստանում է ամբողջական պատկերը (անհրաժեշտության դեպքում նաև լաբորատոր փորձաքննության արդյունքներ), ինչն արդեն իսկ կարևոր գործոն է ավարտուն և համակողմանի բուժում ապահովելու հարցում:

-Որքանո՞վ եք կարևորում վաղաժամ ախտորոշման հիմնահարցը:

-Պետք է նշել, որ հատկապես վերջին տարիներին, երբ ապահովագրության ինստիտուտն առավել լայն կիրառություն է ստանում, մենք կարողանում ենք որոշակիորեն կանխարգելել բարդ հիվանդությունների վիճակագրության աճը: Փաստորեն կինը, ով դեռևս չունի հիվանդության կլինիկական նշաններ, գանգատներ, պարտավորություն ունի բուժզննում անցնել: Սա հնարավորություն է տալիս հայտնաբերել խնդիրը, հիվանդությունը՝ դեռևս  կլինիկական նշանների բացակայության պայմաններում: Ապա իրականացվում է համապատասխան բուժում:  Փաստորեն, առանց առօրյայից կտրվելու կինը ստանում է անհրաժեշտ բուժումներ:  Օրինակ, կլիմակտերիկ շրջանում մասնավորապես կինը դիմում է այն ժամանակ, երբ կա կամ արնահոսություն, կամ  արյունային արտադրություն, իսկ դա ընդացիկ պրոցեսի մասին է խոսում:   Ձվարանների հետ կապված հիվանդությունները դիտարկելիս կարևոր է նշել, որ ձվարանների գոյացությունները հետազոտելիս մենք հնարավորություն ունենք գնահատել կառուցվածքը, չափսը, պատերի հաստությունը, անոթային սնուցումը: Եվ շատ հաճախ  ձվարանների գոյացությունները նույնպես հայտնաբերվում են նախակլինիկական շրջանում՝ որպես «պատահական գտածո»  պրոֆիլակտիկ տարեկան բուժզննում անցնելիս:

-Որո՞նք են այն խնդիրները, որով առավել հաճախ այսօր կանայք դիմում են բժշկի և որի պարագայում կիրառելի ու ինֆորմատիվ է ներհեշտոցային ուլտրաձայնային հետազոտությունը:

— Ամենատարածված պաթոլոգիաների թվին է դասվում արգանդի միոման: Ներհեշտոցային հետազոտությամբ հստակորեն կարողանում ենք որոշել հանգույցների քանակը, տեղակայումը, չափսերը, ստրուկտուրան, անոթավորման տիպը:  Ախտորոշել հանգույցի անոթային  սնուցման խանգարումները, պատկեր ստեղծել հանգույցի վաղեմության մասին, կանխատեսել հանգույցի աճի հակվածությունը: Էնդոմետրիոզը ըստ տարածվածության գինեկոլոգիական պաթոլոգիաների շարքում զբաղոցնում է 3-րդ տեղը: Տրանսվագինալ հետազոտությունը հնարավորություն է տալիս  ախտորոշել ադենոմիոզի նույնիսկ  I,II  աստիճանի ուլտրաձայնային պատկերը: Հետևաբար, մինչև հիվանդությունների բուժումը կարևոր է կանխարգելիչ միջոցառումների հասանելիությունը:  Եվ այս ամենը անգամ մինչև կլինիկական պատկերի ի հայտ գալն ու կնոջ կյանքի որակի վրա բացասաբար անդրադառնալը:   Համեմատելով տրանսաբդոմինալ և տրանսվագինալ մեթոդների թույլատվության աստիճանը՝ նշեմ, որ տրանսաաբդոմինալը թույլ չի տալիս հստակ ախտորոշել ադենոմիոզը: Այդ իսկ պատճառով՝ կիրառելի է միայն տրանսվագինալ ուլտրաձայնային հետազոտությունը: Էնդոմետրիումի պարագայում, որը հորմոնակախյալ ստրուկտուրա է, փոփոխական է՝ կախված դաշտանային ցիկլից և տարիքային խմբից: Ծավալուն ինֆորմացիա կարող ենք ստանալ թե՛ ստրուկտուրայի, թե՛ ներարգանդային գոյացությունների (պոլիպներ), թե՛ ֆունկցիայի վերաբերյալ:

Որո՞նք են այն գանգատները, որոնց դեպքում կինը պարտադիր պետք է դիմի հետազոտության:

-Ընդհանրապես, խորհուրդ է տրվում պարբերաբար բուժզննում անցնել, չսպասել գանգատի: Հատկապես կլիմակտերիկ շրջանում, ահազանգ են արյունային արտադրությունն ու արնահոսությունը: Պետք չէ դիմանալ կամ ամիսներ շարունակ ցավազրկողներ ընդունել, անթույլատրելի է ինքնաբուժությունը: Ավելի հաճախ հանդիպող նշաններն են քսվող բնույթի արյունային արտադրությունը՝ դաշտանային ցիկլից անկախ, դաշտանային ցիկլի տևողության կամ առատության փոփոխությունը, որովայնի առաջնային պատի մեծացումը, ցավային համախտանիշը, ինքնազգացողության վատացումը դաշտանային ցիկլի օրերին, մարմնի զանգվածի փոփոխությունը: Սրանք կարող են որևէ հիվանդության մասին վկայել: Հետևաբար պետք չէ կորցնել վաղաժամ ախտորոշման և բուժման այս չափազանց կարևոր ժամանակահատվածը:

Հեռ. 091 49 54 82
www.korukhchyan.com