Ուրեապլազմա

Դրանք մանրէներ են՝ պայմանական պաթոգեններ, որոնք բնակվում են մարդու սեռական օրգանների լորձաթաղանթներին և միզուղիներում: Դրանք մի շարք հիվանդությունների առաջացման պատճառ կարող են լինել, միևնույն ժամանակ՝ քիչ չեն հանդիպում միանգամայն առողջ մարդկանց մոտ:

ureaplazma

Ուրեապլազման կարող է փոխանցվել ծննդաբերության ժամանակ, անգամ կարող են հայտնաբերվել նորածինների մոտ: Ֆիզիոլոգիական առանձնահատկություններով պայմանավորված՝ այն հայտնաբերվում է մեծամասամբ աղջիկների մոտ, տղաների  վարակումը տեղի է ունենում հետագա կյանքի ընթացքում: Մեծահասակների դեպքում վարակումը պայմանավորված է սեռական հարաբերությամբ, իսկ կենցաղային շփումը հիմնականում բացառում է վարակումը: Սեռական կյանքով չապրող դեռահասների ու երիտասարդների մոտ այս մանրէի հայտնաբերումը քիչ է 5%-ից տոկոսից: Իսկ սեռական կյանքով ապրողներ պարագայում լաբորատոր քննությունները ցույց են տալիս շուրջ 70 % հայտնաբերում: Հատկանշական է, որ շուրջ 50 % դեպքերում այս մանրէն նկատելի կլինիկական նշաններ չունի և կարող է բացարձակապես չանհանգստացնել մարդուն: Միևնույն ժամանակ, լինում են դեպքեր, երբ ուրեապլազման սկսում է դրսևորվել տարբեր հիվանդությունների ու հիվանդագին վիճակների տեսքով:

Այս մանրէի առկայությամբ կարող է պայմանավորված լինել մի  քանի հիմնական հիվանդություն, որոնք ոչ միայն ազդում են մարդու կյանքի որակի վրա, այլև լուրջ հետևանքներ ունենում:

Ուրեապլազման պայմանական պաթոգեն է, հետևաբար գլուխ է բարձրացնում ու վտանգավոր դառնում հատուկ պայմաններում: Կարևոր պատճառ է օրգանիզմի դիմադրողականության անկումը:

Այս մանրէն կարող է պատճառ դառնալ

  • Տղամարդկանց մոտ ուրետրիտի՝ միզուղիների բորբոքման,
  • Կանանց պարագայում՝ արգանդի հյուսվածքների բորբոքման,
  • Միզաքարային հիվանդության,
  • Ինքնաբեր վիժումների և վաղաժամ ծննդաբերության:

Նշվածներից յուրաքանչյուրն ինքնին լուրջ և տևական բուժում ենթադրող  հիվանդություն է:
Կանխարգելում

Ուրեապլազմայով պայմանավորված հիվանդությունների առաջացումը կանխելու կարևորագույն միջոց է օրգանիզմի դիմադրողականությանը հետևելը: Մանկական տարիքում մանրէի առկայությունը համեմատաբար քիչ է դրսևորվում հիվանդությունների տեսքով:  Հասուն տարիքում ռիսկային են անկանոն սեռական հարաբերությունները, հիգիենայի կանոնների անտեսումը: Խորհուրդ է տրվում մինչև հղիության պլանավորումն անհրաժեշտ զննում անցնել՝ բացառելու մանրէի առկայությունը: Հակառակ պարագայում մեծ է, հղիության ընդհատման, ինչպես նաև՝ երեխային փոխանցելու ռիսկը: Ապացուցված է նաև՝ պտղի օրգանոգենեզի ընթացքում բացասական ազդեցությունների հանգամանքը:

Կասկածներ

Ուրեապլազմայի հետևանքով առաջացած հիվանդություններից յուրաքանչյուն ունի ախտանիշերի ամբողջական համակարգ, որոնք ազդանշան են բժշկի համար՝ անհրաժեշտ հետազոտությունների ուղեգրելու: Բարձր ջերմությունը, ընդհանուր թուլությունը, անհանգստությունը, միզելու ժամանակ ցավը, տարատեսակ արտադրությունները հենց ուրեապլազմայով կարող են պայմանավորված լինել:

Բուժում
Յուրաքանչյուր հիվանդության ժամանակ գոյություն ունի բուժման առանձնահատուկ սխեմա՝ հակաբակտերիալ՝ մանրէասպան կամ մանրէաստատիկ դեղամիջոցների կիրառությամբ, որը բժիշկն ընտրում է՝ կախված համապատասխան հարակից ցուցումներից:

Առողջություն ամսագիր N3