Ստորին վերջույթների անոթային ախտահարումներ

Ավելի տհաճ սահմանափակում քան տեղաշարժման սահմանափակումն է դժվար է պատկերացնել: Բայց որքան էլ ցավալի լինի, այնուամենայնիվ երբեմն ստորին վերջույթների որոշ ախտահարումներ սահմանափակում են մեր տեղաշարժը, կամ դարձնում այն ավելի դանդաղ: Ի՞նչ ախտահարումներ են բնորոշ ստորին վերջույթներին և ի՞նչ անել դրանց դեպքում. հարցերի պատասխանները ստանալու համար զրուցեցինք <<Էրեբունի>> բժշկական կենտրոնի Սրտի և անոթների վիրաբուժության ծառայության ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու Մեսրոպ Պետրոսի Շատախյանի հետ:

file_90_3369193

Ինչպե՞ս են արտահայտվում ստորին վերջույթների անոթային ախտահարումները:

Ստորին վերջույթների խցանող հիվանդությունները հիմնականում անհանգստացնում են հիվանդին ֆիզիկական լարման ժամանակ և կոչվում են ընդմիջվող կաղության համախտանիշ: Եթե հիվանդը 50-100 մետր քայլելուց հետո ոտքերում ունենում է ցավեր, կանգնել հանգստանալու անհրաժշտություն է զգում, ոտքերի սրունքների գիշերային ցավեր է ունենում, ստորին վերջույթնորի գույնի փոփոխություն, սառնություն, ապա դա նշանակում է որ նա ունի ստորին վերջույթների անոթների հետ կապված որևէ խնդիր:

-Բժիշկ Շատախյան որո՞նք են ստորին վերջույթների անոթային ախտահարումների հիմնական պատճառները:

Ռիսկի առաջին գործոնը ծխախոտի օգտագործումն է, որը անոթային ցանկացած խնդիր դեպքում արգելվում է: Ռիսկի երկրորդ գործոնը շաքարային դիաբետն է, որը արագացնում է անոթների խցանումները: Ռիսկի երրորդ խմբի մեջ են մտնում խոլեստերինի փոխանակության հետ կապված խնդիրները, երբ հիվանդի արյան մեջ դիտվում է ցածր խտության խոլեստերինների բարձր մակարդակ:

2 (1)

Հիմնական պատճառը իհարկե 90% և ավել դեպքերում աթելոսկլերոզն է, որը կարող է ախտահարել յուրաքանչյուր անոթ սկսած որովայնային անոթից՝ աորտայից, որից և սկսում են ստորին վերջույթների անոթները ընդհուպ մինչև ոտնաթաթերի անոթներ: Որքան անոթները մանրանում են, այսինքն գնում են դեպի ոտնաթաթ, այնքան դրանց ախտահարումը, նեղացումը կամ փակոումը ավելի է բարդ է դառնում բուժման տեսանկյունից, քանի որ դժվարանում է որևէ տեսակի միջամտություն կիրառելու հնարավորությունը: Իսկ երբ ոտքի սնուցումը վատանում է, սկսվում է ծայրանդամի կրիտիկական իշեմիա և հիվանդը կանգնում է ծայրանդամի ամպուտացիայի վտանգի առջև:

-Ինչպիսի՞ն է վիճակագրությունը:

Նման խնդիրը այսօր շատ մասշտաբային է: 100000 հոգուց տարեկան մոտ 70-80 մարդ ունի այս խնդրի հետ կապված միջամտության՝ ռեվասկուլյարիզացիայի (անոթների վերականգնում) կարիք, որպեսզի արյան հոսսքը այդ ախտահարված հատվածները լինի բավարար: Եթե մենք այս թվերը տարածենք մեր բնակչության վրա, ապա կստացվի որ տարեկան կա 2000-2500 վիրահատության կարիք: Մեր երկրում առավելագույնը մեկ տարվա ընթացքում կատարվում են մոտ 20-30 վիրահատություն: Սրանց մեջ չեն մտնում սուր տրոմբոզները, ամպուտացիաները:

Ստորին վերջույթների անոթային ախտահարումերի վերացմանը ուղղված վիրահատությունները բավական բարդ են: Նախ և առաջ այն պատճառով, որ հիվանդները բավականին մեծահասակ են, ունենում են հարակից առողջական խնդիրներ՝ կապված սրտանոթային համակարգի, գլխուղեղի անոթների հետ: Բբայց այնուամենայնիվ ծայրանդամի ռեվասկուլյարիզացիայի վիրահատությունները ծայրանդամի հեռացման միակ ալտերնատիվն է: Աշխարհի ոչ մի երկրում, որտեղ գոյություն ունի համապատասխան անոթային բաժանմունքներ և կենտրոններ, վիրաբույժը իրավունք չունի առաջարկել ստորին վերջույթի ամպուտացիա մինչև որ սպառված չեն ռևասկուլյարիզացիայի բոլոր մեթոդները: Մեզ մոտ պատկերը իհարկե այլ է, դա պայմանավորված է համապատասխան մասնագետների փոքր թվով և վաղ ախտորոշման պակասով, ինչը հիմնականում պայմանավորված է հիվանդների ուշ դիմելիությամբ: Մեզ մոտ հիվանդները սովորաբար դիմում են բժիշկի ծայրաստիճան վատ վիճակում, երբ արդեն կան գանգրենոզ վերքեր, գրեթե չկան սրունքի և թաթի անոթներ, որոնք հնարավոր է շունտավորել: Այդ պատճառով ճիշտ է որ յուրաքանչյուր հիվանդ 50 տարեկանից սկսած տարին 1 անգամ անցնի ստորին վերջույթների զարկերակների դուպլեքս սկանավորում:

Ստորին վերույթների անոթային ախտահարումների բուժումը թանկարժեք է:

Որքան ավելի ներքև՝ ոտնաթաթին ավելի մոտ են ախտահարված անոթները, այնքան վիրահատությունը ավելի թանկարժեք է: Ընդհանուր առմամբ մեր կենտրոնում եթե վիրահատությունը կատարվում է որովայնային խոռոչում, ապա վիրահատության գինը կազմում է 1-1,2մլն դրամ, իսկ ազդրից մինչև ծունկ ընկած հատվածում վիրահատությունը արժե 800-900 հզր: Նույնքան արժե ռևասկուլյարիզացիայի վիրահատական միջամտությունը ազդրից ոտնաթաթ հատվածում :

Մեկ վիրահատության դեպքում անհրաժեշտության դեպքում հնարավոր է փոխել մի քանի զարկերակներ:

Կարող են փոխարինվել մի քանի զարկերակներ, դա կախված է ախտահարումների լոկալիզացիայից: Վիրահատության միջոցով պետք է արվի առավելագույնը: Իհարկե էտապային վիրահատությունները որոշակի տեսանկյուններից ավելի ճիշտ են, բայց հանգամանքներից ելնելով, այդ թվուն նաև ֆինանսական տեսանկյունից մեկ վիրահատության ընթացքում իրականացվում են մի քանի զարկերակների փոխարինում:

Վիրահատությունը կատարվում է կտրվածքի միջոցով:

Այո: Ողջ աշխարհում ստորին վերջույթների անոթային ախտահարումների դեպքում ոսկե ստանդատ են համարվում բաց միջամտությունները: Այսօր մեծ տարածում են գտել նաև էնդովասկուլյար միջամտությունները, այսինքն առանց կտրվածք վիրահատությունները, որոնք բավականին արդյունավետ են մեծ անոթների վրա, բայց մանր զարկերակների դեպքում բաց վիրահատությունները ավելի արդյունավետ են և նաև ավելի մատչելի:

Ինչպե՞ս եք փոխարինում ախտահարված զարկերակները և ինչո՞վ:

Սովորաբար որպես շունտ ամենից լավ տվյալները ունեն հենց հիվանդի երակները: Այսինքն մենք հիվանդի ախտահարված զարկերակի հատվածը փոխարինում ենք երակով:

Ինչպես կանխարգելել ստորին վերջույթների անոթային ախտահարումները:

Առողջ ապրելակերպը չի կանխարգելում այս խնդիրը, բայց փոքրացնում է դրանց ծագման հավանականությունը: Պետք է հրաժարվել ծխախոտից, ավելի ակտիվ կյանք վարել, նվազագույնին հասցնել ճարպոտ սնունդը:

Ինչպե՞ս եք վարվում եթե հիվանդի երակները ևս ախտահարված են և հնարավոր չէ դրանցով փոխարինել զարկերակները:

Այս դեպքում կամ պետք է վերցնենք զարկերակներ ու երակներ մարմնի այլ մասերից, օրինակ ձեռքերից, կամ պետք է օգտագործենք 5-6մմ տրամաչափ ունեցող սինթեթիկ պրոթեզներ: Սրանք աշխարհում շատ լայն կիրառություն ունեն, հանգիստ ընդունվում են հիվանդի օրգանիզմի կողմից, բայց իրենց օգտագործման ժամկետի տեսանկյունից այնուամենայնիվ զիջում են հիվանդի երակներին:

Վիրահատությունները ուղեկցվում են նաև դեղորայքային բուժմամբ:

Անպայման: Բոլոր հիվանդները յուրաքանչյուր օր, ողջ կյանքի ընթացքում պետք է ընդունեն միջոցներ, որոնք նոսրացնում են արյունը: