Դիմային ցավերի ևս մեկ պատճառ՝ եռորյակ նյարդի բորբոքում

Եռորյակ նյարդի նևրալգիան առաջանում է նյարդի ճնշումից կամ գրգռումից։ Հաճախ հիվանդության նախորդում է նյարդի ծածկույթի քայքայումը։  Նյարդային վերջավորությունները սկսում են արձագանքել ցանկացած ազդեցությանը  հանկարծակի սուր ցավի նոպայով։
Զրույց Սիր
մեդ բժշկական կենտրոնի նյարդաբան Անուշ Գասպարյանի հետ։

Անուշ Գասպարյան

-Որո՞նք են եռորյակ նյարդի բորբոքման պատճառները։
-Տարբերակում ենք տրիգեմինալ նևրալգիայի հետևյալ պատճառները՝ եռորյակ նյարդի ճնշումը անոթներով կամ նորագոյացություններով, ցրված սկլերոզ, շաքարային դիաբետ, մենինգիտ, քթի խոռոչի բորբոքային հիվանդություններ, վնասվածքներ, գլխուղեղի ցնցումներ, գերսառեցում, վիրուսային վարակներ, կոկորդի և վերին շնչուղիների  բակտերիալ  վարակներ։
-Որո՞նք են տրիգեմինալ նյարդի բորբոքման նախանշանները։  
-Հիվանդության գլխավոր նախանշանը սաստիկ տանջող ցավն է դեմքի շրջանում։ Սովորաբար այն առաջանում է ծնոտի վերին կամ ստորին հատվածում։ Այն կարող է ուժեղանալ ուտելու, խոսելու ընթացքում։ Երբեմն նույնիսկ բուժման ընթացքում գտնվող հիվանդները խուսափում են ուտելուց։  Նևրալգիայի  նոպան կարող է առաջանալ  լվացվելիս, սափրվելիս, ատամները մաքրելիս, հաճախ խոսելիս կամ ժպտալիս, երբեմն հիվանդները ցավ են նշում նույնիսկ աչքը թարթելու ժամանակ։
-Ինչպե՞ս տարբերակել եռորյակ նյարդի ցավը ։
-Սովորաբար ցավում է դեմքը, սակայն քանի որ ուղեղի վերին  թաղանթը ունի նյարդավորում, որը նյարդավորվում է տրիգեմինալ նյարդի ճյուղերով, այդ պատճառով տրիգեմինալ նևրալգիայի ժամանակ կարող է ուժգին գլխացավ լինել։ Սակայն ավելի հաճախ ցավը լինում է հիմնական երեք ճյուղերում՝ակնային, վերծնոտային, ստործնոտային, և ցավի տեղակայումը կախված է նրանից, թե որ ճյուղն է ախտահարված։ Տարբերակում ենք նևրալգիայի  տիպիկ և ատիպիկ ցավեր։ Տիպիկ ցավը կրականման է, այն սաստկանում է, ապա՝ թուլանում։ Ցավը զգացվում է դեմքի ստորին հատվածում, հազվադեպ՝  քթի շուրջ, կամ հարակնային շրջանում։ Որոշ պացիենտների ցավն անհանգստացնում է օրվա մեջ մեկ անգամ, իսկ մյուսներին՝ ամեն ժամ։ Ատիպիկ ցավը ավելի հազվադեպ է հանդիպում և գրեթե չի անցնում։ Այն «գրոհում» է դեմքը ավելի մեծ ծավալով,  և հիվանդության այս տեսակ արտահայտության դեպքում ցավը կարող է  չդադարել։ Այս նևրալգիան ավելի դժվար  է բուժման ենթարկվում։ Եռորյակ նյարդի բորբոքման ժամանակ ցավը և կլինիկական պատկերը տարբերվում են գլաստերային գլխացավերին բնորոշ նախանշաններից, և նյարդաբանը պացիենտի նկարագրած թե՛ գանգատներից, և թե՛ ցավի տեսակից  կարող է տրիգեմինալ նյարդի բորբոքումը ախտորոշել։
Ի՞նչ լրացուցիչ հետազոտություններ են անհրաժեշտ։
Սովորաբար կատարվում է արյան ընդհանուր քննություն, սակայն նորագոյացության,վնասվածքի առկայությունը հաստատելու կամ ժխտելու համար  կատարվում է համակարգչային շերտագրում՝ ԿՏ հետազոտություն։


Ինչպե՞ս բուժել եռորյակ նյարդի բորբոքումը։
-Որքան վաղ սկսենք բուժումը, այնքան քիչ է կրկնվելու հավանականությունը։ Կոնսերվատիվ բուժումը վերացնում է նախանշանները և դադարեցնում հիվանդության զարգացումը։ Քանի որ բուժումը ինդիվիդուալ է ամեն հիվանդի համար, ապա անհրաժեշտ է հաշվի առնել հիվանդության փուլը, պացիենտի տարիքը, սեռը և օրգանիզմի առանձնահատկությունները։ Բուժումն իրենից ներկայացնում է հակաբորբոքային թերապիայի  և նեյրոպատիկ ցավի դեմ ուղղված թերապիայի համադրություն։ Իր արդյունավետությունն ապացուցել է նաև ֆիզիոթերապիան, որը նշանակում են արյան շրջանառության և մետաբոլիզմի, ինչպես նաև նյարդամկանային մանրաթելերի ֆունկցիայի  և վերականգնողական գործընթացի բարելավման նպատակով։
Ինչո՞վ է վտանգավոր եռորյակ նյարդի բորբոքումը։
-Առանց պատշաճ բուժման հիվանդությունը կարող է ծանր բարդությունների հանգեցնել, ինչպիսիք են դիմային մկանների  թերանդամալուծությունը, ուղեղիկի հեմատոման, լսողության վատացումը, նյարդային համակարգի ախտահարումը։ Հաճախակի նոպաների հետևանքով հիվանդի մոտ զարգանում է դեպրեսիա․ նա չի կարողանում լիարժեք սնվել, հետևաբար նկատվում է քաշի կորուստ և իմունիտետի անկում։ Թեև սա ֆիզիոլոգիական հիվանդություն է և համարվում է առանձին նոզոլոգիա, այլ ոչ թե հոգեկան ապրումների և ընկճախտի հետևանք, սակայն անդադար ցավը կարող է նույնիսկ հոգեկան խանգարումներ առաջացնել։
Քիչ չեն դեպքերը, երբ նևրալգիան քրոնիկ բնույթ է կրում և ուղեկցում է մարդուն ողջ կյանքի ընթացքում։ Ինչո՞վ է դա պայմանավորված։
-Նևրալգիայի քրոնիկ ընթացքը նկատվում է այն հիվանդների մոտ, որոնք տարիներ շարունակ դիմանում են այդ սաստիկ ցավերին, չեն դիմում մասնագետին լուրջ և լիարժեք բուժում ստանալու համար։ Սակայն քրոնիկ նևրալգիան կարող է նկատվել նաև վնասվածքների կամ նորագոյացությունների դեպքում։ Սակայն չնայած խիստ արտահայտված ցավային համախտանիշին տվյալ հիվանդությունը չի սպառնում պացիենտի կյանքին և հաջողությամբ բուժվում է։ Հարկավոր է պարզապես ժամանակին դիմել մասնագետի օգնությանը, որը կպարզի հիվանդության պատճառները և համապատասխան բուժում կնշանակի։