Ընդհատված հղիություն

Հղիությունն, անշուշտ, երջանկություն է, սակայն պատահում է այնպես, որ օրգանիզմն ինքն է որոշում ազատվել նոր ձևավորվող կյանքից, և այդ ժամանակ տեղի ունենում ինքնաբեր վիժումը։ Շատ դեպքերում դա պատահում է հղիության վաղ ժամկետներում՝ առաջին տասներկու շաբաթների ընթացքում։
Թե որոնք են ինքնաբեր վիժման պատճառները , պարզեցինք  Շենգավիթ և Սիրմեդ բժշկական կենտրոնների մանկաբարձ-գինեկոլոգ Աննա Տողրամաջյանի հետ զրույցի ընթացքում։

anna_toghramajyan_1
-Գինեկոլոգիական տեսանկյունից ինքնաբեր վիժում է համարվում  մինչև 22 շաբաթական և 500 գրամից պակաս  քաշով պտղի զարգացման ընդհատումը։ Միանշանակ ասել, որ գոյություն ունի ինքնաբեր վիժման մեկ պատճառ, չի կարելի։ Առաջին և ամենատարածված  պատճառներից են սեռավարակները։ Երբ հղիությունը լինում է ոչ պլանավորված,  օրգանիզմում առկա սեռավարակների ակտիվացումը, իմունիտետի անկումն ու օրգանիզմի գերծանրաբեռնված աշխատանքը  կարող են բերել ինքնաբեր վիժման։ Սովորաբար այս դեպքում հղիության ընդհատումը տեղի ունենում մինչև 12 շաբաթ ընկած ժամանակահատվածում, երբ օրգանիզմը, ինքնապաշտպնման մեխանիզմն օգտագործելով, հրաժարվում է գենետիկորեն սխալ նախատրամադրվածություն ունեցող սաղմից։ Եթե, այնուամենայնիվ, օրգանիզմը չի հրաժարվել առկա սեռավարակների հետ ընթացող  հղիությունից 12 շաբաթների ընթացքում, ապա կա վտանգ, որ պտուղը կզարգանա որոշակի արատներով։ Խորհուրդ է տրվում մինչև հղիանալը անցնել որոշակի հետազոտություններ և բացառել  բոլոր սեռավարակները։
Երկրորդ պատճառը՝ հորմոնալ խախտումներն  են կնոջ մոտ։ Հայտնի է, որ կնոջ օրգանիզմի ճիշտ գործունեությունը ապահովում են հորմոնները, և հետևաբար օրգանիզմում հորմոնների դիսբալանսը կարող է   հանգեցնել  չզարգացող հղիությունների, ինքնաբեր վիժումների։ Հղիությունն ինքնին հանգեցնում է հորմոնների խախտմանը  և դրա հետ մեկտեղ անդրոգենների , պրոլակիտնի քանակության բարձրացումը կարող է բերել անէմբրիոնիայի (երբ պտղաձուն զարգանում է, իսկ էմբրիոնը ՝ ոչ), չզարգացող հղիությանը։
Հաջորդ պատճառը թրոմբոֆիլիան  է։ Ամբողջ աշխարհում լայն տարածում գտած այս երևույթը վտանգավոր  հետևանքների պատճառ է դարձել։ Ցավոք Հայաստանում դեռ ոչ բոլորն են տեղեկացված այս երևույթի մասին։ Հաճախ ժառանգական կամ գենետիկ թրոմբոֆիլիկ մուտացիաները առաջին անգամ արտահայտվում են հղիության ընթացքում։ Սա պայմանավորված է կնոջ օրգանիզմում ընկերքային լրացուցիչ արյան շրջանառությամբ, որը արյունատար համակարգի համար լրացուցիչ  բեռ է։  Եթե  կինն իր անամնեզում ունի մեկ-երկու վիժում, չզարգացող հղիություն, անէմբրիոնիա, վաղաժամ շերտազատում, հեմատոմաներ,  ապա միանշանակ ճիշտ կլինի հաստատել կամ ժխտել թրոմբոֆիլիայի առկայությունը, թեև թրոմբոֆիլիկ մուտացիաների հետազոտությունն  այդքան էլ մատչելի չէ Հայաստանում ֆինանասական առումով։ Անհրաժեշտ է նաև արյունաբանի կոնսուլտացիա և հսկողություն՝ հաջորդ հղիությունը պլանավորելու և վարելու համար։
Հեմատոմաները  հղիության համար առաջին սպառնալիքն են։ Երբ տեղի է ունենում պտղաձվի անջատում արգանդի լորձաթաղանթից , փոխարենը տրավմատիկ հատվածում գոյանում է արյան կուտակում, որը   կոչվում է հեմատոմա։ Բնականաբար եթե կա արդեն որոշակիորեն անջատում  պտղաձվի և արգանդի միջև , ապա այդ տրավմայի չափսերը մեծանալու դեպքում կարող է դիտվել վիժում ։ Եթե հեմատոման առաջանում է հղիության ավելի ուշ  ժամկետներում, ապա դա կարող է հիպոքսիայի պատճառ լինել։ Եթե հեմատոմայի չափսը մեծ չէ, այն ոչ մի կերպ վնաս չի պատճառի, և կինը կարող է հեմատոմայի առկայության մասին իմանալ միայն ուլտրաձայնային հետազոտության ժամանակ։ Սակայն հաճախ մեծ չափսի հեմատոմաները կարող են ընկերքի շերտազատման պատճառ լինել։

The woman in cafe

-Արդյո՞ք վիժումները վտանգավոր չեն կնոջ առողջության համար։

-Վիժումը հոգեբանական և ֆիզիկական տրավմա է կնոջ համար։ Որքան մեծանում է հղիությունը, այդքան կորստի վիշտն ու ցավը,  հոգեբանական, ֆիզիկական  և անատոմիական տրավմաներն  ավելի խորն են լինում կնոջ մոտ։ Դա է պատճառը, որ անհրաժեշտ է գրագետ նախապատրաստել կնոջը հղիության արհեստական ընդհատմանը, եթե կա որևիցե խնդիր և բժիշկի կողմից ցուցում։ Թեև համաշխարհային վիճակագրությունը փաստում է, որ ամեն հինգերորդ կինը կորցնում է երեխային շատ վաղ ժամկետներում, դաշտանային ցիկլի ժամանակ ՝ նույնիսկ չիմանալով, որ հղի է եղել։
Քանի՞ վիժումից հետո  գինեկոլոգը պետք է լրացուցիչ հետազոտություններ նշանակի կնոջը։
Ըստ ռուսական բժշկական գրականության՝ անհրաժեշտ է ամբողջությամբ հետազոտվել երկու վիժումից հետո ։ Ամերիկյան բժշկական գրականությունը նշում է երեք վիժում։ Ես, հասկանալով, որ ամեն վիժում հոգեբանական ծանր վիճակ է, առաջին իսկ վիժումից  հետո աշխատում եմ մինիմալ ծավալով հետազոտություններ նշանակել, որպեսզի բացառեմ երկրորդ-երրորդ դեպքերը։ Իսկ ավելի ճիշտ կլինի , իհարկե, մինչև հղիություն պլանավորելը հետազոտվել ամբողջությամբ և բացառել վերը նշված երևույթները և՛ կնոջ, և՛ տղամարդու մոտ։