Հետազոտելով սիրտը՝ ներարգանդային կյանքում

Մարդու օրգանիզմում ամենակարևոր օրգաններից մեկը սիրտն է: Սրտի լիարժեք աշխատանքը կաևոր է օրգանիզմի համար՝ կյանքի սաղմնային ժամանակից: Եվ պատահական չէ, որ հենց սրտի աշխատանքով են գնահատում պտղի վիճակը: Սրտի լիարժեք հետազոտությունը ժամանակակից ապարատների շնորհիվ հասանելի է նաև ներարգանդային կյանքի ընթացում: Պտղի էխոսրտագրություն: Ի՞նչ է սա և ի՞նչ արատների ախտորոշման հնարավորություն է ընձեռում. Պարզեցինք՝ զրուցելով «Շենգավիթ» բժշկական կենտրոնի մանկական սրտաբան Քրիստինե Կարապետյանի հետ:

image (4)

-Պտղի էխոսրտագրություն: Ի՞նչ է սա նշանակում և ի՞նչ սարքի միջոցով է կատարվում:

-Արդեն 2 տարի է, ինչ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում մենք կատարում ենք պտղի էխոսրտագրություն: Պտղի էխոսրտագրությունը պտղի սրտի հետազոտությունն է, որը կատարվում է էխոկարդիոգրաֆի միջոցով: Էխոկարդիոգրաֆիան բարձր հաճախականությամբ ուլտրամանուշակագույն ճառագայթային հետազոտություն է, որը անվնաս է ինչպես պտղի, այնպես էլ մոր համար: Ի դեպ վերջին սերնդի ապարատները ավելի ֆունկցիոնալ են և պատրաստ են ավելի խորը հետազոտության: Սա պարտադիր հետազոտություն չէ, ոչ բոլոր հղիները պետք է անցնեն այն:

-Որո՞նք են պտղի էխոսրտագրություն անցնելու ցուցումները:

-Հղիության ընթացքում հղիներն անցնում են սքրինինգ հետազոտություններ, որոնք իրականացնում են էխոգրաֆիստները, եթե նրանք նկատում են պտղի սրտի կառուցվածքի կամ աշխատանքի ռիթմի հետ կապված խնդիրներ, ապա ուղղորդում են ավելի մասնագիտացված մասնագետի՝ մանկական սրտաբանի մոտ, ով էլ պետք է կատարի սրտի էխոսրտագրություն: Սա բացարձակ ցուցումներից մեկն է:

image-30-05-16-04-14-11

Բացարձակ ցուցումները կարող են կապված լինել նաև մոր հետ: Եթե մայրը նախորդ հղիությունների ընթացքում ունեցել է սրտի արատով երեխա: Մանկական սրտաբանն անպայման պետք է իրականացնի պտղի էխոսրտագրություն, եթե  ծնողներից որևէ մեկը սրտի սրտի բնածին արատ ունի: Բացարձակ ցուցում է նաև կնոջ՝ էնդոկրին համակարգի հիվանդությունը՝ շաքարային դիաբետ, գայլախտ: Հղիության ընթացքում տարած ինֆեկցիոն հիվանդությունները՝ կարմրախտ, հերպես, ևս հետազոտություն իրականացնելու առիթ են:

Քանի որ հղիության յուրաքանչյուր ժամկետում պտղաջրերի քանակը պետք է լինի խիստ որոշակի, ապա դրանց ծավալի փոփոխությունը ևս բացարձակ ցուցում է:

Եվս մեկ բացարձակ ցուցում է բազմապտուղ հղիությունը:

-Հղիության ո՞ր ժամկետներում է կատարվում հետազոտությունը:

-Ըստ ոսկե ստանդարտի՝ այդ ժամակահատվածը 18-20 շաբաթականն է:

Ի՞նչ խնդիրներ է հնարավոր բացահայտել պտղի էխոսրտագրության միջոցով:

-Սրտի էխոսրտագրության միջոցով կարելի է բացահայտել պտղի սրտի ինչպես կառուցվածքային, այնպես էլ ֆունկցիոնալ խնդիրները: Կառուցվածքայիններից սրտի բնածին արատների 90-95%-ը, այսինքն պտղի էխոսրտագրության ընթացքում հնարավոր է չվիզուալիզացվեն միայն միջնապատի 4մմ-ից ավելիք փոքր անցքերը, որոնք սակայն ծնվելուց հետո փակվում են և չեն անդրադառնում երեխայի կյանքի որակի վրա: Ֆունկցիոնալ խնդիրներից սրտի էխոսրտագրությունը բացահայտում է սրտի ռիթմի խանգարումները: Դրանց մեծ մասը անցողիկ են: Սրտի ռիթմի խանգարումների դեպքում մենք նշանակում ենք կրկնակի հետազոտություն: Սովորոբար եռամսյակի փոփոխության հետ մեկտեղ պտղի սրտի առիթմիաները ևս անցնում են: Ավելի լուրջ առիթմիաների ժամանակ մորը նշանակվում է դեղորայքային բուժում:

image

-Պտղի էխոսրտագրությունն ի՞նչ կարևոր տեղեկատվություն է հաղորդում բժշկին:

-Սրտի արատներն ունեն իրենց դասակարգումը՝ թեթև, միջին ծանրության և ծանր: Պտղի էխոսրտաագրությունը, որոշելով պտղի սրտի արատի ծանրության աստիճանը, հնարավորություն է տալիս բժիշկներին ճիշտ վարել հղիությունը և ընտրել ծննդաբերության համապատասխան տարբերակը, ինչպես նաև տալիս է պատասխան, թե որ կարգի հիվանդանոցում պետք է ծննդաբերի տվյալ հղին, գուցե կա սրտի մասնագիտացված բուժհաստատությունում ծննդաբերելու անհրաժեշտություն: Բժշկական պրակտիկայում ընդունված են ծննդաբերություններ, որոնց մասնակցում են մանկական սրտաբաններ, ովքեր երեխայի ծնվելուց անմիջապես հետո վերահսկում են նրա սրտի աշխատանքը և անհրաժեշտության դեպքում կատարում վիրահատական միջամտություն: Ցավոք, այս պրակտիկան Հայաստանում դեռ չի իրականացվում և ծննդատանը ծնվելուց հետո երեխան պարզապես տեղափոխվում է համապատասխան բուժհաստատություն:

-Եթե սրտի արատները բացահայտվում են երեխայի ծնվելուց հետո, կրկնակի հետազոտություն նշանակո՞ւմ եք:

-Եթե արատը բացահայտվում է երեխայի ծնվելուց հետո, մենք երեխային ուղղորդում ենք սրտաբանական կենտրոն: Կցանկանայի, որ ծնողները ավելի տեղակացված լինեն: Հասկանան որ այս հետազոտությունը հնարավորություն է տալիս բացահայտել խնդիրները, կանխատեսումներ անել և նաև քայլեր ձեռնարկել հետագա խնդիրներից խուսափելու համար: Իսկ եթե բացահայտվում են արատներ, որոնք անհամատեղելի են կյանքի հետ, ապա սա ցուցում է հղիության արհեստական ընդհատման համար և այսպիսի հղիությունները չեն շարունակվում: