Ողնաշարի քրոնիկ բորբոքային հիվանդություններ

Հենաշարժողական համակարգի հիվանդությունները բավական տարածված են, դրանք ներգրավում են սոցիալական ու տարիքային մեծ խմբեր,  ունեն ամենատարբեր պատճառաբանություն ու հիմնավորում: Սակայն հիմնականում մեկն է դրանց վտանգը: Դրանք ազդում են կենսակերպի, առողջ ապրելակերպի սկզբունքների, ու ամենակարևորը՝ կյանքի որակի վրա:

Բեխտերևի հիվանդությունը մեկն է ողնաշարի հոդերի քրոնիկական բորբոքային հիվանդություններից, որն աստիճանաբար զարգանում է և հակում ունի  սահմանափակելու մարդու շարժունակությունը։ Սա մեծագույն հարված է մարդու կենսակերպին ու աշխատունակությանը:

boli-v-spine-2

Այս հիվանդության  առաջացման պատճառները դեռևս պարզված չեն:
Մեծ նշանակություն է տրվում ժառանգական պայմանավորվածությանը։ Ենթադրվում է հիվանդության ժառանգումը՝ աուտոսոմ-դոմինանտային տիպով։ Առավելապես ախտահարվում են միջողնային հոդաճառները, ջլերը, հոդասկավառակների ֆիբրոզ հյուսվածքը։ Միջողնային հոդերի հոդապարկի ախտահարումն ավելի թույլ է արտահայտված։ Աճառի ախտահարումը հաճախ զուգակցվում է աճառին հարող վերնոսկրի և ոսկրի բորբոքումների հետ։

Որպես կանոն, հիվանդությունը հայտնաբերվում է մանկական տարիքում: Երեխաների մոտ այն ի հայտ է գալիս մինչև սեռական հասունացման ավարտը:

Հատկանշական է հիվանդության ախտանիշների դանդաղ զարգացումը։ Ամենահաճախ հանդիպող ախտանիշը գոտկային շրջանի ցավը և կաշկանդվածության զգացողությունն է, որոնք եղանակի փոփոխությունների դեպքում դառնում են ավելի արտահայտված, սակայն թուլանում են թեթև ֆիզիկական վարժություններից հետո։ Ողնաշարի ախտահարման նշանները, կրծքավանդակի շնչական շարժումների սահմանափակումները, սեղմելիս ողների ոսկրային ելուստների, կապանների և հարողնային շրջանների ցավերը, որոնք չափահասների մոտ արդեն հայտնաբերվում են հիվանդության վաղ փուլերում, երեխաների մոտ կարող են շատ թե քիչ երկար ժամանակ բացակայել։ Կեցվածքի ամենավաղ խանգարումը՝ «հայցողի դիրքի» տիպով կամ սկավառակաձև մեջքը, երեխաների մոտ նկատվում է հիվանդության սկզբից 3-5 տարի հետո։ Երեխաների մեծ մասի մոտ այն զարգանում է 10 և ավելի տարիներ հետո։ Մանկական տարիքում բնորոշ և համեմատաբար վաղ ախտանիշը կրունկների շրջանի ցավերն են։ Երբեմն ախտահարվում են կրծոսկր-կողային հոդավորումները, քունքոսկր- ծնոտային հոդերը։

Հիվանդության սրացումների շրջանում երբեմն կարող է սուբֆեբրիլ ջերմություն լինել։  Սակայն, ընդհանուր առմամբ բարձր ջերմություն չի նկատվում: Մաշկի վրա ալերգիկ ցանավորումներ չեն նկատվում։ Որոշ երեխաների մոտ կարող են զարգանալ աորտայի փականների ախտահարումներ (աորտիտ) ևաորտայի փականների անբավարարության ձևով՝ սրտի արատ:

Նշված իրավիճակները լիարժեք ձևով վտանգում են կյանքի որակը: Մարդը մշտապես գտնվում է լարված ու հիվանդագին վիճակում: Հետևաբար, այս հիվանդությունը կառավարման անհրաժեշտութոյւն ունի:

Հետազոտութոյւնները սկսվում են ռենտգենաբանականից:

Ռենտգենաբանական հետազոտությամբ ողնաշարի հոդերի, ֆիբրոզ օղի և կապանային ապարատի ախտահարման պատկերներ են հայտնաբերվում։ Բեխտերևի հիվանդության համար ամենաբնորոշը երկկողմանի սրբոսկր-զստային հոդաբորբն է: Տարբերում են սակրոիլեիտի չորս ռենտգենաբանական շրջան.

   1. I շրջանում լինում է հոդային մակերեսների աղոտություն, թույլ արտահայտվածություն, սրբոսկրի և զստոսկրի ենթաաճառային սկլերոզի նշաններ;
   2. II շրջանում զարգանում է մաշուք (ուզուրացիա), հոդային ճեղքի նեղացում, արտահայտված ենթաաճառային օստեոսկլերոզ։
   3. III շրջանում, բացի վերոհիշյալ փոփոխություններից, հայտնաբերվում է նաև սրբոսկր-զստային հոդերի մասնակի անշարժացում (անկիլոզ):
   4. IV շրջանում նկատվում է լրիվ անշարժացում։

Ծայրամասային հոդերի ախտահարումը, նույնիսկ հիվանդության շատ երկարատև ընթացքի դեպքում, ռենտգենաբանական արտահայտված փոփոխություններով չի ուղեկցվում։

Լաբորատոր քննությամբ ախտահատուկ փոփոխություններ չեն հայտնաբերվում։ Հիվանդության սուր շրջանում, երբ ախտահարվում են խոշոր հոդերը, արյան մեջ նկատվում է լեյկոցիտոզ, չաավոր սակավարյունություն:  Հատկանշական է դիսպրոտեինեմիան, արյան մուկոիդ միացությունների, «C» ռեակտիվ սպիտի, ֆիբրինոգենի պարունակության ավելացում։ Բարձրացած է լինում նաև շիճուկային իմունոգլոբուլինների մակարդակը։

Երբ արդեն հստակ է հիվանդության ախտորոշումը սկսվում է բուժման ու կառավարման տևակա ու երբեմն անվերջանալի փուլը:

Նշանակվում են բավական ազդեցիկ և ուժեղ ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղամիջոցներ։ Դեղամիջոցների ընդունման ժամկետն անհատական է։

Հիվանդների համար շատ կարևոր է բուժական ֆիզկուլտուրան, որը կանխում է ողնաշարի շարժումների սահմանափակման զարգացումը։ Ֆիզիկական կոմպլեքս վարժությունները, որոնք չպետք է լինեն գերծանրաբեռնված, պետք է կատարվեն օրական մի քանի անգամ և հաջորդեն բավարար հանգստին։ Պետք է խուսափել ողնաշարի գերծանրաբեռնումից (օրինակ՝ հեծանիվ քշելուց): Բավական օգտակար են զբոսանքները և, հատկապես, լողի պարապմունքները։ Արդյունավետ է նաև սանատոր-կուրորտային բուժումը հատկապես այն առողջարաններում, որտեղ ծծմբաջրածնային ջրեր կան։

Հատկանշական է, որ այս հիվանդությունը ոչ պատշաճ ուշադրության պարագայում կարող է հանգեցնել հաշմանդամության՝ իր բոլոր դրսևորումներով, ինչպես նաև ներքին օրգան-համակարգերի հիվանդությունների զարգացմամբ:

Կար ժամանակ, երբ այս հիվանդությունը համարվում էր ոչ միայն անբուժելի, այլև՝ անկառավարելի: Ժամանակի ընթացքում փոխվեցին հիվանդության բուժման մեխանիզմները: Այժմ մարդիկ առավել լայն հնարավորություն ունեն վերականգնել ցավային համախտանիշի հետևանքները, հնարավորինս վերադառնալով առողջ կյանքի: Մասնագետները հիշեցնում են, որ Բեխտերևի հիվանդությունը, որքան էլ խոչընդոտում է առողջ կենսակերպն ու կյանքի որակը, միևնույն ժամանակ կառավարելի է և հնարավոր է լինել հասարակության լիարժեք անդամ: