Բուժաշխատողների մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունքը

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքը  առողջապահության ոլորտը կարգավորող մայր օրենքն է:

Օրենքի 3-րդ գլխի առաջին մասը անդրադառնում է բուժաշխատողներին, նրանց իրավունքներին ու պարտականություններին:

Օրենքի 19.2 հոդվածի 1-ին կետը սահմանում է, որ ավագ և միջին բուժաշխատողները իրավունք ունեն՝ օրենքով սահմանված կարգով իրենց կրթությանը, որակավորմանը և մասնագիտացմանը համապատասխան՝ իրենց իրավասությունների շրջանակներում իրականացնելու առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեություն, իսկ կրտսեր բուժաշխատողները՝ իրենց իրավասությունների շրջանակներում, ոչ մասնագիտական՝ օժանդակող գործունեություն:

Happy doctor using tablet computer at the hospital

Մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունքն առանցքային նշանակություն ունի առողջապահական մասնագիտություններ ունեցող անձանց կողմից իրենց մասնագիտությամբ զբաղվելու հնարավորության համար, ինչը նաև երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ:

«…Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ազատ ընտրության իրավունք:» (ՀՀ Սահմանադրություն, հոդված 57):

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 19.1 հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ համապատասխան մասնագիտական կրթություն, որակավորում, մասնագիտացում ունեցող անձինք առողջապահության բնագավառում առաջին անգամ մասնագիտական գործունեություն կարող են իրականացնել համապատասխան մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատության կամ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության տված ավարտական փաստաթղթի հիման վրա սահմանված կարգով մասնագիտական գործունեության իրավունքը գրանցելու և հավաստագիր ստանալու դեպքում:

Նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով առողջապահության բնագավառի մասնագիտական գործունեության, բժշկական և ոչ բժշկական մասնագիտությունների, ինչպես նաև նեղ մասնագիտությունների ցանկերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Միաժամանակ, բուժաշխատողները իրենց մասնագիտական գործունեությունը կարող են իրականացնել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող այնպիսի կազմակերպություններում, որոնք ունեն պետության կողմից տրված հատուկ թույլտվություն՝լիցենզիա, քանի որ համաձայն «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի՝ «կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացում» գործունեության տեսակը համարվում է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ:

Մերի Կատվալյան