Մոլուցքի և հետաքրքրության սահմանագծին. սելֆի

Այսօր սոցիալական ցանցերը արմատացել են մեր կյանքում, նրանց ազդեցությունը տարածվում է ոչ միայն մեր աշխատանքի, այլ նաև մեր անձի վրա: Այսօր կարծես մարդը առանց սոցիալական ցանցի իր էջի պարզապես անտեսանելի է: Իսկ եթե էջում չկա սելֆի, այն կարծես տարօրինակ է թվում: Սելֆին հաղորդման միջոց է աշխարհին, որ ես կամ: Այն մոնոլոգ է, խոսակցություն ինքն իր հետ: Որպեսզի ֆոտոնկարը հավանություն ստանա, մարդն ընտրում է արդեն փորձված դիրք, հատուկ դեմքի փորձված արտահայտություն և ահա: Սելֆիի համար մարդը մի կերպար է ֆիքսում, որում հարմարավետ է:

Ընդհանուր առմամբ այն միջոց է դրական էմոցիաներով կիսվելու համար: Եթե մարդը սելֆի է անում, դա չի նշանակում նա անսահման ինքնահավան է: Շատերի համար այն պարզապես միջոց է իր ուրախությունը, իր համար հետաքրքիր երևույթները կիսելու համար:  Սեփական նկարներով երբեմն շրջապատին մենք պատմում ենք մեր էմոցիաները: Չէ որ մարդուն անհրաժեշտ է հանդիսատես, դրանով հաղորդում ենք մեր մասին:

Սակայն առաջին հայացքից այդքան անմեղ թվացող միջոցը կարող է հանգեցնել առավել արտահայտված շեղվող վարքային դրսևորումների: Պետք է նշել, որ այս սոցիալական երևույթը, որի հեղինակությունն օրեցօր աճում է, ոչ թե պարզապես ինքնանկար անելու ձև է, այլ դիտարկվում է որպես հոգեկան խանգարում և էությունն առավել խորքային է: Կարելի է ենթադրել, որ մարդիկ, որոնք մանկական հասակում սիրո պակաս են ունեցել, այժմ կարիք ունեն ուշադրության և գովասանքի, սելֆի անելով և լայքեր ստանալով մարդու մոտ պատրանք է առաջանում, որ նա սեր և գովեստ է ստանում ուրիշներից:

Տեխնիկական ձեռքբերումների դարաշրջանում պետք է պարզապես նայել ֆոտոխցիկին, և ոչ թե ջրին կամ հայելուն: Այսպես, խոսքը գնում է ոչ այդքան նոր սոցիոմեդիական կախվածության մասին՝ սելֆիզմի մասին: Սելֆին կարելի է դիտարկել  նարցիսիզմի  հիվանդագին արտահայտման թվայնացված միջոց: Մարդիկ առավել շատ ժամանակ են տրամադրում սեփական կարիերային և PR-ին, և առավել քիչ՝ բնական շփմանը,  հարաբերությունների կառուցմանը: Վիրտուալ շփման պատճառով իրար մեջ ոչ թե անհատականություն են տեսնում, այլ գործառույթների ամբողջություն: Հաճախ այդ նկարներն արվում են անգիտակցաբար,ինքնագնահատականը բարձրացնելու նպատակով, սակայն ցավոք երբ արդյունքը չի գոհացնում, այն սրացնում է ներքին դատարկությունը, կարող է հանգեցնել ընկճախտի:

Սեփական անձը սիրելը և գնահատելը նորմալ երևույթ է, սակայն խնդիրները սկսում են, երբ մարդը նարցիստական է դառնում նորմայից դուրս, նրա էգոն ավերվում է և նա չի կարողանում իրականում սիրել որևէ մեկին բացի իրենից:    Հաճախ նարցիսները ունայն մարդիկ են, էգոիստ, ինքնասիրահարված, անտարբեր ուրիշների խնդիրներին: Աշխարհընկալման կենտրոնում նրանք դնում են  սեփական եսը: Այստեղից էլ անդադար ինքնանկարում, շրջանառում են իրենց ֆոտոները միայն մեկ նպատակով՝ ուշադրության, գովասանքի ու հիացմունքի արժանանալ շրջապատողների կողմից:: Սոցիալական ցանցում պրոֆիլը ցուցափեղկն է կարծես, կարևոր է թե դու ինչպես ես հագնվում, որտեղ ես ընթրել, ում հետ ես հանդիպել: Լայք կամ հիացական քոմենթը սելֆիի տակ վիրտուալ սոցիալական շոյանքն է: Այս միջոցով մենք ստանում ենք հաստատում, որ մենք լավն ենք, արժանի սիրո, ուշադրության և հարգանքի: Եվ որպես ուշադրության պատասխան նույն այդ վիրտուալ ձևով ենք վճարում՝ սեղմելով որևէ սրտիկ կամ այլ նշան:

Եթե մարդը չի չարաշահում սելֆին, ապրում է իր սովորական կյանքով, մտերիմներին և ընկերներին ժամանակ է տրամադրում, աշխատում է, այն կարելի է դիտարկել որպես ժամանակակից հրապուրանք: Սելֆիզմը վտանգ է ներկայացնում բարձիթողի դեպքերում: Ֆոտոները նպաստում են նարցիսիզմի աստիճանի բարձրացմանը և հասարակության մեջ ինքնահաստատմանը: Այսպիսի մարդիկ երևակայական պատկերացնում են սելֆին և հուսով սպասում լայքերին: Լրջագույն խնդիրը կայանում է նրանում, երբ մարդը ցանկանում է հասնել անիրականանալի նպատակների: Իհարկե ինտերնետում նարցիսիզմի արտահայտելը ինքնաներկայացման միտում ունի, որը կոմպենսացնում է նրա ցածր և թույլ ինքնագնահատականը: Եվ եթե այդ փորձերը աջակցվում են և ողջունվում այլ մարդկանց կողմից, այն բերում է իրականության խեղման և ինքնախաբեության: Սեփական նկարներով տարված լինելով, իրական կյանքում մոռանում են ջերմ հարաբերություններ ստեղծել: Մոլուցք է համարվում, երբ մեծ ուշադրություն է դարձվում ֆոտոների հրապարակմանը, ստուգում է թե ով է տեսնում, ով է մեկնաբանում, ում է դուր գալիս, ակնկալելով ստանալ հնարավորինս շատ լայքեր, դա սիմպտոմ է, որը խոսում է նրա մասին, որ սելֆիի ժանրը բերում է հոգեկան խնդիրների:

Նա ով զգում է, որ տարվել է սելֆիով, անհրաժեշտ է գտնել սեփական հոբբին, առավել շատ իրականության մեջ շփվել և ոչ թե միայն համացանցում:

Դոնարա Խանոյան

Հոգեբան