Կարևոր փաստեր էպիդուրալ անզգայացման մասին

Ծննդաբերությունը յուրաքանչյուր կնոջ կյանքում ճակատագրական իրադարձություն է: Այն հույզերի, զգացողությունների մի ամբողջություն է, որն ուղեկցվում է նաև ֆիզիկական զարմանահրաշ դրսևորումներով: Ինչպես հայտնի է, այն միշտ չէ, որ հարթ է ընթանում: Ժամանակին, ծննդալուծումն իրագործվում էր բնական ճանապարհով, այնուհետև՝ ի հայտ եկան ծննդալուծման այլընտրանքային եղանակներ: Բժշկագիտության, դեղաբանության, բժշկական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ սկսեցին կիրառվել այնպիսի մեթոդներ ու միջոցներ, որոնք համեմատաբար ավելի հեշտ տանելի են դարձնում ցավագին պրոցեսները:

<<Շոնգավիթ>> բժշկական կենտրոնի անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աշոտ Ամրոյանը ներկայացնում է ծննդաբերության ժամանակ էպիդուրալ անզգայացման գործընթացը:

Աշոտ Ամրոյան

Աշոտ Ամրոյան

-Բժիշկ Ամրոյան, ի՞նչ է էպիդուրալ անզգայացումը:

-Էպիդուրալ անզգայացումը ռեգիոնալ անզգայացման տեսակ է, ներարկում կատարելով մեջքի հատվածում՝ մենք ստանում ենք օրգանիզմի մի ամբողջ ռեգիոնի՝ ստորին հատվածի անզգայացում:

-Հնարավո՞ր է կառավարել անզգայացման հատվածի մեծությունը:

-Այո: Կարող ենք անզգայացնել տարբեր հատվածներ, բայց ոչ մինչև կրծքավանդակը, քանի որ կրծքավանդակում են գտնվում կենսական նշանակություն ունեցող օրգանները՝ սիրտը և թոքերը և եթե մենք բլոկադայի ենթարկենք սրտամկանը և թոքերը, իսկ անզգայացումը բլոկադա է համարվում, ապա կունենանք սրտի և շնչառական կանգ և հիվանդի մահ:

-Ո՞ր դեպքերում է ցուցված էպիդուրալ անզգայացումը:

-Էպիդուրալ անզգայացումը պետք է տարբերել էպիդուրալ ցավազրկումից: Էպիդուրալ անզգայացումը կիրառվում է ընդհանուր վիրաբուժության մեջ, իսկ էպիդուրալ ցավազրկումը մանկաբարձության ոլորտում՝ ծննդաբերության ցավազրկման նպատակով: Մանկաբարձությունում ևս պետք է տարանջատել էպիդուրալ ցավազրկումը և էպիդուրալ անզգայացումը: Էպիդուրալ ցավազրկումը կիրառվում է բնական ծննդաբերության ցավազրկման նպատակով, իսկ էպիդուրալ անզգայացումը կիրառվում է վիրահատությունների ժամանակ՝ օրինակ կեսարյան հատման դեպքում:

-Ինչո՞վ է էպիդուրալ անզգայացումման գործընթացը  տարբերվում էպիդուրալ ցավազրկումից:

-Մեր ողնուղեղը պատասխանատու է 4 ֆունկցիաների համար՝ շարժունակություն, ցավը զգալու ունակությունը, ջերմային ռեակցիա և կպչելը զգալու ունակությունը, այսպես կոչված տակտիլ ֆունկցիան: Էպիդուրալ ցավազրկման ժամանակ մենք այս 4 ֆունկցիաներից անջատում ենք միայն ցավը զգալու ունակությունը, իսկ էպիդուրալ անզգայացման ժամանակ մենք անջատում ենք բոլոր ֆունկցիաները բացի կպչելը զգալու ունակությունից: Ինչու՞: Որովհետև մարդը պահպանում է գիտակցությունը, նա արթուն է, իսկ արթուն մարդը չի կարող չզգալ երբ իրեն դիպչում են:

-Ո՞րն է էպիդուրալ անզգայացման և ընդհանուր անզգայացման հիմնական տարբերությունը՝ կնոջ և պտղի անվտանգության տեսանկյունից:

-Էպիդուրալ անզգայացմամբ կեսարյան հատմամբ ծննդաբերությունը հնարավորինս մոտեցված է բնական ծննդաբերությանը, այսինքն մայրը ներկա է իր բալիկի ծնվելուն, ինչը ճիշտ է՝ և՛ ֆիզիոլոգիական, և՛ հոգեբանական տեսանկյունից: Մենք փոքրիկին դեպրեսիայի չենք ենթարկում: Քանի որ մինչև ծնվելը մոր և երեխայի արյան շրջանառությունը մեկն է, ընդհանուր անզգայացման դեպքում ենք անզգայացնում ենք նաև երեխային, իսկ անզգայացնող նյութերը ունեն դեպրեսիվ ազդեցություն: Հետևաբար, էպիդուրալ անզգայացումը ավելի նպատակահարմար է: Եվ երրորդը: Արդեն վաղուց ապացուցվել է, որ ընդհանուր անզգայացումը շատ ավելի վտանգավոր է, քան տեղային անզգայացման եղանակը: Ըստ վիճակագրական տվյալների՝ կեսարյան հատման ժամանակ ընդհանուր անզգայացման դեպքում մահվան դեպքերը 12 անգամ ավելի շատ են, քան էպիդուրալ անզգայացման պարագայում:

-Էպիդուրալ անզգայացման ժամանակ մորը ներարկվող նյութերը որքա՞ն են ազդում փոքրիկի վրա:

-Չեն ազդում, որովհետև ներարկվող տեղային անզգայացման նյութերը չունեն համակարգային ազդեցություն, դրանք չեն ազդում ո՛չ մոր, ո՛չ փոքրիկի օրգանիզմի վրա: Դրանց ազդեցությունը տեղային է:

Որո՞նք են էպիդուրալ անզգայացման և ցավազրկման հակացուցումները:

-Առաջին հերթին ծննդկանի անհամաձայնությունը: Հակացուցում կարող է լինել ալերգիան տեղային անզգայացման միջոցների հանդեպ, նյարդային համակարգի մի շարք ծանր հիվանդություններ, մեջքի հատվածում թարախային բշտիկների առկայությունը:

-Հնարավոր են արդյո՞ք ցավեր էպիդուրալ անզգայացումից հետո:

Համաշխարհային հետազոտությունը ցույց է տվել, որ հետծննդաբերական տարիքի կանանց 76 %-ը տառապում է մեջքի ցավերից: Դա ուղղակիորեն կապված է տարած հղիության հետ և ոչ թե էպիդուրալ անզգայացման: Նման ցավերից տառապում են նաև կանայք, որոնց էպիդուրալ անզգայացում չի արվել: Այդ ցավերի պատճառները մի քանիսն են՝ մեխանիկականը, միմյանց հաջորդող հղիությունները, որովհետև այս դեպքում կնոջ կապանները չեն հասցնում վերականգնվել և հանգստանալ, նյութափոխանակության հիմնական խնդիրները, սխալ ապրելակերպը, սխալ սննդակարգը, ավելորդ քաշը և այլն:

-Ի՞նչ բացասական հետևանքներ կարող է ունենալ էպիդուրալ անզգայացումը:

-Ոչ պրոֆեսիոնալ մոտեցման ժամանակ կարող են ստեղծվել ընդհուպ մինչև կյանքի սպառնացող իրավիճակներ: Կարող է առաջանալ հաշմանդամություն, կարող են զարգանալ գլխացավեր, որոնք պայմանավորված են ողնուղեղային հեղուկի արտահոսքով: Այս գլխացավերը ժամանակավոր բնույթ ունեն, բայց ամեն դեպքում տհաճ են: