Մի՛ վախեցիր. հղիության շրջանի սարսափներ

Հղիությունը ոչ միայն կնոջ, այլև ամբողջ ընտանիքում կարևորագույն մի ժամանակահատված է, որն ուղեկցվում է ամենատարբեր հույզերով, զգացողություններով ու բնական անհանգստություններով:

Հոգեբանները փաստում են, որ անգամ ամենահեշտ ու ամենաթեթև բնավորությամբ մարդիկ այս ընթացքում անհանգստություններ ունենում են: Նույնիսկ, եթե չեն բարձրաձայնում այս մասին:

Մենք առանձնացրել ենք այն հիմնական վախերն ու անհանգստությունները, որոնք պատում են հղի կնոջը՝այս հույժ կարևոր ժամանակահատվածում:

Վախ սեփական առողջության համար

Որպես կանոն, հղիության սկիզբն ազդարարվում է մի շարք ֆիզիոլոգիական խնդիրներով, չէ՞ որ օրգանիզմում տեղի ունեցող ամենատարբեր փոփոխություններն ու հորմոնալ տեղաշարժերը առողջական որոշակի փոփոխություններ են առաջ բերում: Սա  երբեմն առիթ է դառնում, որպեսզի կանանց ոտ տպավորություն լինի, թե հիվանդագին վիճակները շարունակվելու են ամբողջ ընթացքում, իսկ որոշակի բացասական տեղեկատվության ավելցուկը  հիվանդագին վախեր է առաջացնում: Արդյունքում, հղի կինը կարող է ամիսներ շարունակ անցկացնել կպչուն մտքերի ուղեկցությամբ, ինչը բնականաբար բացասաբար է ազդում նրա օրգանիզմի ընդհանուր կենսագործունեության վրա: Վտանգվում է նյարդային համակարգի գործունեությունը, իսկ բացասական ներազդեցությունները փոխանցվում են նաև պտղին:

Վախի այս տեսակը հնարավոր է կանխել՝ պլանավորված հղիությունից առաջ համալի բժշկական զննություն անցնելով: Այսպիսով հնարավոր է վերացնել այն բոլոր առողջական խնդիրներն ու հիվանդությունները, որոնք հնարավոր է, որ դառնան անհանգստությունների պատճառ:

Վախ պտղի համար

Շատ ու շատ կանանց պատուհասում է անորոշության վախը: Ի վերջո՝ ո՞վ է այն փոքրիկը, որը շուտով լույս աշխարհ է գալու, արդյո՞ք նրա մոտ ամեն իինչ կարգին է… իսկ միգուցե նա մի որևէ խնդիր ունի, որը, բժշկությունն անզոր է ախտորոշել:

Մասնագետների գնահատմամբ՝ հղիության ընթացքի վախերը միանգամայն օրինաչափ են: Երբեմն՝ հենց այդպես էլ պետք է լինի: Չէ՞ որ ամեն ինչ նոր է ու չափազանց պատասխանատու: Միևնույն ժամանակ, բժիշկները խորհուրդ են տալիս միանշանակ չվերաբերվել երևույթին՝ ի վերջո, ցանկացած վախ ունի իր պատճառն ու հնարավոր կառավարման տարբերակները: Հոգեբանները կարծում են, որ երբեմն կինը վախենում է՝ իր անվստահությունից, կասկածներից: Իսկ դրանք փարատելու ամենաուղիղ տարբերակը բժշկի մոտ համապատասխան զննությունն է:

Մեծագույն նշանակություն ունի հղի կնոջը շրջապատողների վերաբերմունքը: Նրանք, որ այդքան զգայուն ու նրբազգաց են, անմիջապես որսում են շրջապատի մարդկանց ռեակցիաները, հեշտությամբ են նկատում ձեր անհանգստությունն ու խուճապը: Հետևաբար, խորհուրդ է տրվում նույնիսկ ամենածայրահեղ վիճակներում զգոնություն ու սթափություն պահպանել: Բնականաբար, դա բավական բարդ է:

Համեմատաբար հեշտ է առանց արհեստական լարումների հղիության ընթացք ապահովելը: Ցավոք, ոչ բոլոր ընտանիքներում է տիրում հանդուրժողականության ու սիրո մթնոլորտ: Սա, բնականաբար, ոչ թե միայն կնոջ կամ ամուսնու, այլ երկուսի հիմնախնդիրն է: Նրանք հավասարապես են կիսում վատ  ու չկայացած ընտանիք ունենալու պատասխանատվությունը: Եվ, որպես կանոն, քիչ դեպքերում է հղիությունն ու ընտանիքի համալրման կարևորագույն փաստը սթափեցնում ու ստիպում վերանայել միմյանց նկատմամբ վերաբերումնքն ու հարաբերությունները: Արդյունքում՝ հղիության անվիճելի կարևոր ինն ամիսներն անցնում են լարվածության, սթրեսների մթնոլորտում: Սա բազմապատկում է կնոջ վախերի ուժգնությունը՝ դառնալով ոչ միայն տվյալ ժամանակահատվածի, այլև՝ պտղի ողջ կյանքի համար ճակատագրական շրջան: Ձևավորվում են վախեր, ֆոբիաներ, բնույթ, որոնք կյանքի ընթացքում դժվար է լինում վերախմբագրելը: Մինչդեռ միմյանց կնատմամբ հանդուրժողականությունն ու սերունդների նկատմամբ պատասխանատվությունը յուրաքանչյուր ծնողի պարտքն է:

Կնոջ, իսկ իրականում՝ նաև երեխայի կյանքի որակի, հանգստության, ներկա ու հետագա լիակատար առողջության պատասխանատվությունը կրում են երկու ծնողները, նրանց շրջապատող մեծ ընտանիքը: Որքան առանց սթրեսների, հանդարտ ու բարեհաճ, վստահ ու ապահովության զգացումով ընթանան հղիության ինն ամիսները, այնքան ֆիզիկապես ու հոգեպես առողջ կզարգանա ու կձևավորվի փոքրիկը:

Մասնագետները խորհուրդ են տալիս չխուսափել այս ընթացքում հոգեբանի դիմելուց: Սա նախընտրելի է անքուն գիշերներից ու անվերջ տանջող հարցականներից: Մաքուր օդը, չափավոր արևը, հավասարակշռված  սնունդը ևս կօգնեն հաղթահարել վախերն ու անհանգստությունը:

Ամենակարևորը՝ վախի սարսափը՝ սերն է ու հավատը…