Հրաշագործ ձիթապտուղը

Ձիթապտուղը չափազանց կիրառելի ու տարածված է՝ այն օգտագործում ենք դարեր շարունակ՝ թե խոհանոցում, թե կոսմետիկ ու բուժական նկատառումներով:

Ձիթապտղի 100 գրամը 115 կկալորիա է պարունակում: Դրանք հարուստ են  սպիտակուցով, պեկտիններով, շաքարով, B, C, E, P վիտամիններով, պարունակում են կալիումական աղեր, ֆոսֆոր, երկաթ: Բացի այդ հայտնաբերվում են ածխաջրեր, ֆենիլկարբոնային թթուներ: Դրանք նաև մեծ քանակությամբ յուղեր են պարունակում:

Այս փոքրիկ միջերկրածովյան պտուղները բավական օգտակար են: Մասնագետները բազմիցս ապացուցել են դրանց դրական ազդեցությունը սրտանոթային համակարգի վրա, անգամ փաստեր են մատնանշվում ստենոկարդիայի, ինֆարկտների կանխարգելման առումով:

Ձիթապտղի հում պտղամիսը պարունակում է ավելի քան 80% չչորացող յուղ, որի կազմում բացառիկ հատկություններով օժտված յուղային թթուներ կան: Ի տարբերություն կենդանական ճարպերի դրանք ոչ միայն անվտանգ են, այլ նաև՝ հետաձգում են աթերոսկլերոզի, սրտանոթային համակարգի հիվանդությունների զարգացմանը, խոլեստերինի բարձր մակարդակով պայմանավորված հիվանդությունների զարգացմանը, դրական կերպով են ազդում մարսողական համակարգի վրա: