Ռիսկի արժեքը. բժշկական սխալ

Errare humanum еst”
Marcus Tullius Cicero

Բժշկությունը բարդ գիտություն է, որը պահանջում է խորքային գիտելիքներ, հմտություններ, միևնույն ժամանակ՝ մարդկային հատկանիշներ: Յուրաքանչյուր բժշկի գործունեություն վտանգների, ռիսկերի ու ծայրահեղությունների հերթագայություն է: Ու երբեմն էքստրեմալ պայմաններում կայացրած որոշումն ու քայլը չեն ավարտվում  հաջողությամբ՝ բժիշկը սխալվում է… Աշխարհում գոյություն չունի մի բժիշկ, ով գոնե մեկ անգամ չի սխալվել:

Բժշկական սխալները տեղի են ունենում բուժանձնակազմի կողմից՝ մասնագիտական պարտականությունների կատարման ընթացքում: Այնուամենայնիվ, նույնիսկ բժշկական իրավունքի զարգացած համակարգ ունեցող երկրներում բժշկական սխալի միանշանակ սահմանում և իրավական կարգավորում գոյություն չունի: Համաձայն Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Լ. Լիպի՝ բժշկական սխալը բուժման ընտրված սխեմայի ձախողումն է իրականացման ընթացքում (կատարման սխալներ) կամ բուժման սխալ սխեմայի ընտրությունը՝ նպատակին հասնելու համար (Leape L. Error in medicine. JAMA 1994; 272:1851-7. [PubMed]):

Բժշկական սխալը բժշկի բարեխիղճ մոլորությունն է՝ մասնագիտական պարտականությունների կատարման ընթացքում, որը չի ներառում անփութությամբ թույլ տրված բացթողումները:

Տարբերում են բժշկական սխալների մի քանի տեսակ՝

  1. Ախտորոշման սխալներ, որոնք տեղի են ունենում հիվանդության ախտորոշման ընթացքում,
  2. Բուժման սխալներ, որոնք տեղի են ունենում բուժման մեթոդի ընտրության և արդյունքների գնահատման ժամանակ,
  3. Բժշկական փաստաթղթերի լրացման ընթացքում ի հայտ եկող սխալներ: Ընդունված է ասել, որ հիվանդության պատմությունը «գրվում է քննիչի համար» և բժշկի գործունեությունը գնահատվում է ոչ թե նրա գործողություններով, այլ թե որքան ամբողջական են լրացված բժշկական փաստաթղթերը:
  4. էթիկական սխալներ, որոնք թույլ են տրվում բուժանձնակազմի կողմից հիվանդների և/կամ նրանց հարազատների նկատմամբ:

Բժշկական սխալի իրավական կարգավորման համար անհրաժեշտ է հստակ սահմանված բժշկական գործելակարգերի և չափորոշիչների առկայություն, որոնք պայմանավորում են բուժման սխեման և որից շեղումն էլ, ըստ էության, համարվում է բժշկական սխալ:

Միաժամանակ,  բժշկական սխալի իրավական կարգավորման ընթացքում անհրաժեշտ է հստակ տարանջատել «բժշկական սխալ», «բժշկական հանցանք» և «բժշկական անփութություն» հասկացությունները:  Ի տարբերություն հանցանքի՝ բժշկական սխալները տեղի են ունենում օբյեկտիվ պատճառների հետևանքով, չեն համարվում մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունքի կամ հանցավոր մտադրության արդյունք, չեն պարունակում հանցանքի կամ զանցանքի նշաններ և չեն կարող ենթակա լինել քրեական պատասխանատվության:

Համաշխարհային պրակտիկայում միատեսակ մոտեցում գոյություն չունի բժշկական սխալի կարգավորման առումով, և սխալի խնդիրը դիտարկվում է 2` անհատական և համակարգային մոտեցման տեսանկյունից: Երկու մոտեցումն էլ ունեն սխալի առաջացման և հնարավոր կառավարման իրենց տարբեր մոդելները:

Առաջին մոդելը բժշկական սխալը դիտարկում է անձի մակարդակով` մեղադրելով բժշկին մոռացկոտության, անուշադրության կամ անփութության մեջ:

Համակարգային մոդելի հիմքում պայմաններն են, որոնցում աշխատում են բուժաշխատողները, և այս մոդելը փորձում է «կառուցել» համակարգ, որը կնվազեցնի սխալները կամ կմեղմի դրանց հետևանքները: Համակարգային մոտեցման հիմնական առավելությունն այն է, որ մոդելն ընդունում է` մարդուն հատուկ է սխալվելը, և սխալներ լինում են նույնիսկ ամենակայացած համակարգերում և լավագույն բժշկական կամակերպություններում: Սխալները ընկալվում են հետևանք, քան պատճառ: Այս մոդելի հիմքում «պաշտպանությունն» է: Այսինքն բուժման ոչ ցանկալի ելքերի դեպքում ոչ թե այն հարցն է, թե ով է սխալվել, այլ թե ինչու է սխալը տեղի ունեցել:

Այնուամենայնիվ աշխարհի առողջապահական համակարգերում շարունակում է դոմինանտ մնալ բժշկական սխալի անհատական մոդելը: Էմոցիոնալ առումով հիվանդի և/կամ նրա հարազատի համար բուժաշխատողին մեղադրելը առավել ցանկալի է, քանի որ ընկալվում է որպես վնասի փոխհատուցում:

Բժշկական սխալը անձի մակարդակով դիտարկող երկրների մի մասում (Գերմանիա, Ֆրանսիա, ԱՄՆ և այլն) գործում է բժշկի մասնագիտական սխալի ապահովագրության համակարգը, որը ենթադրում է փոխհատուցում  տուժածին:

Անդրադառնալով ՀՀ-ում «բժշկական սխալի» կարգավորմանը,  պետք է նշել, որ հստակ սահմանված բժշկական գործելակարգերի և չափորոշիչների բացակայությունը  թույլ չեն տալիս սահմանել բժշկական սխալը և իրավական կարգավորում տալ խնդրին: Ավելին, չկա հստակ տարանջատում «բժշկական սխալ», «բժշկական հանցանք» և «բժշկական անփութություն» հասկացությունների միջև:

Նման պայմաններում բուժման անհաջող ելք ունեցող բոլոր դեպքերի կարգավորումը իրականացվում է ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածով՝ բժշկական ենթադրյալ սխալը մեկնաբանելով որպես՝  «…Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները  չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը…..» և նախատեսում  քրեական պատասխանատվության՝ 2-6 տարի ազատազրկմամբ:

Բժշկական ենթադրյալ սխալները շատ ծանր են ընկալվում հիվանդի, նրա հարազատների և ամբողջ հասարակության կողմից: Բժշկական ենթադրյալ սխալների որոշ դեպքեր՝ շնորհիվ ԶԼՄ-ների հասարակական մեծ հնչեղություն են ստանում և դառնում «հասարակության սեփականությունը»:

Քննարկելով «բժշկի սխալվելու իրավունքի» խնդիրը, տեղին է նշել, որ սխալվել և շարունակելու են սխալվել ինչպես փորձառու, այնպես էլ բժշկական պրակտիկայով նոր զբաղվող բժիշկները և չընդունել դա, նշանակում է չընդունել օբյեկտիվ իրականությունը և գերադասել սուբյեկտիվ իդեալիզմը, քանի որ անսխալ մարդ չկա և չի կարող լինել: Մարդու օրգանիզմի անհատականության բարձր աստիճանը խոսում է այն մասին, որ յուրաքանչյուր մարդու մոտ նույնիսկ նույն հիվանդությունը ունենում է իր յուրահատուկ դրսևորումները, որոնց ճանաչումը յուրաքանչյուր բժշկի համար նոր և բավականին բարդ խնդիր է:

Բժշկին զրկել սխալի իրավունքից և ենթարկել նրան քրեական պատասխանատվության ամեն անգամ, երբ նա չի կարողացել անսխալ ախտորոշել հիվանդությունը և նույնքան անսխալ բուժել  հիվանդությունը, նշանակում է բարձր մասնագիտական ստեղծագործական գործունեությունը վերածել սովորական մեխանիկական աշխատանքի, կոտրել նախաձեռնողականությունը և ցանկությունը՝ հասնել լավագույն արդյունքի յուրաքանչյուր ոչ սովորական ու բարդ հիվանդության դեպքում:

Մերի Կատվալյան
Առողջապահության կառավարման մասնագետ