Հայ բժիշկները՝ Առողջությանն ընդառաջ համաժողովին

«Եվրոպա Դոննա Արմենիա»   կրծքագեղձի քաղցկեղի կոալիցիա հայաստանյան ներկայացուցչությունը  կազմակերպում է հերթական գիտակրթական համաժողովը՝ «Առողջությանն ընդառաջ»  խորագրով:

Այն կկայանա հուլիսի 1-ին՝ Էլիտ Պլազա Բիզնես կենտրոնի կոնֆերանսների դահլիճում:

Կոնֆերանսին ընդառաջ զրուցեցինք ՀԿ նախագահ Նվարդ Քոչարյանի հետ՝ պարզելու համաժողովի անցկացման նպատակն ու ծրագրերը:

-Կոնֆերանսի հիմնական նպատակը քաղցկեղի, դրա առավել հաճախ հանդիպող տեսակների մասին խոսելն է: Ցավով եմ նշում, բայց մեր երկրում քաղցկեղի վերաբերյալ նման ահագնացող պատկերն ահագնացնող է, ինչը մեր բնակչության համարր չափազանց վտանգավոր է դառնում: Կոնֆերանսի ժամանակ խոսելու ենք շրջակա միջավայրի և վիրուսների ազդեցությունից, քաղցկեղի հիմնական վտանգավոր տեսակներից, քիմիաթերապիայի, վերականգնողական և պալիատիվ բժշկության հնարավորությունների մասին: Անդրադարձ կլինի նաև պացիենտի և բժշկի իրավունքներին, մեդիա գրագիտությանը: Կոնֆերանսը մեկօրյա է, սակայն ծրագիրը բավական խիտ է, ասելիքն ու հիմնական ուղերձները նկատելիորեն հիմնարար ու բովանդակային են:

-Ո՞րն է համաժողովի անցկացման հիմնական նպատակը:

— Համաժողովի նպատակը ուռուցքաբանների, արյունաբանների, առողջապահության կազմակերպիչների իրազեկվածության բարձրացումն է, քաղցկեղի բուժման ընթացքում էթիկայի խնդիրների ապահովումն ու դրանց կարևորություն տալը: Հենց այս նպատակով էլ ընդգրկված են քաղցկեղի ախտորոշման, բուժման արդի մոտեցումներին նվիրված դասախոսություններ, զեկույցներ, ուշագրավ գիտական նորույթներ:

-Ովքե՞ր են համաժողովի նախաձեռնողները:

-Այս միջոցառումը ևս մեկ անգամ համախմբելու է արյունաբանների, ուռուցքաբանների, թերապևտների, ընտանեկան բժիշկների,  բժշկական էթիկայի և իրավունքի, ինչպես նաև մեդիա դաշտի մասնագետների: Այն տեղի է ունենալու Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի աջակցությամբ:

Համաժողովի ծրագիրը ներկայացված է շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտավորման:

Այսպիսով մենք բոլորս ուզում ենք ևս մեկ անգամ կրկնել, որ քաղցկեղը դատավճիռ չէ, հնարավոր է բուժվել և ապրել ինչպես նախկինում, մենք ուզում ենք, որ յուրաքանչյուր մարդ իմանա, որ այնուամենայնիվ այն ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել: