Toshiba Medical Systems-ի նոր ձեռքբերումները հասանելի են հայ մասնագետներին

Հունիսի 24-ին կայացավ Մուլտիպարամետրիկ ուլտրաձայնային ախտորոշումն ամենօրյա կլինիկական պրակտիկայում խորագրով սեմինար, որը նախաձեռնել էին Toshiba Medical Systems ընկերության պաշտոնական հայաստանյան ներկայացուցիչ Դիավանտ ընկերությունը և Ռադիոլոգների հայկական ասոցիացիան:

Սեմինարին բացման ելույթով հանդես եկան Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի նախագահ Կոստան Գալումյանը՝ կարևորելով ժամանակակից նորագույն տեխնոլոգիաների անհրաժեշտությունը պրակտիկ բժշկությունում: Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Ի. Մ. Սեչենովի անվան թիվ 1 ՄՊԲՀ  ճառագայթային ախտորոշման և ճառագայթային թերապիայի ամբիոնի պրոֆեսոր Ռ. Ֆ. Բախտիոզինը, ՀՀ ԱՆ գլխավոր ճառագայթաբան Գեղամ Աղաբեկյանը:

Toshiba Medical Systems Europe-ի կլինիկական գծով ղեկավար Նադիմ Քաաֆարանին նշեց, որ  Toshiba-ն մեծ ջանքեր է ներդնում ախտորոշման նորագույն տեխնոլոգիաների ստեղծման հարցում՝ առավել հեշտ ու հնարավորինս արդյունավետ ախտորոշման նոր մակարդակի հնարավորություններ ապահովելու հարցում:

Սեմինարի մասնակիցներին ներկայացվեց Aplio i800 սարքավորումը, որը նշանակալիորեն տարբերվում է նախորդ սերնդի սարքավորումից՝ գործիքների ընտրության, պատկերի ճշգրտության տեսանկյունից: Նադիմ Քաաֆարանին նոր սարքի վրա ցուցադրեց լայնական ալիքի էլաստոգրաֆիան եւ համադրման նավիգացիան։ Ձայնային ալիքների առավել խորը թափանցման շնորհիվ Aplio i800-ը հնարավորություն ունի հայտնաբերել նվազագույն փոքր օջախներ, անգամ եթե դրանց չափսը փոքր է 1 միլիմետրից:

Տեղում կազմակերպված հետազոտության շնորհիվ հայ մասնագետները հնարավորություն ունեցան տեսնել  Aplio i800 սարքերի նոր ֆունկցիաները` Sensor 3D, Shadow Glass, Attenuation Imaging, Shear Wave Dispersion, Tissue Intensity Analysis, Contrast Harmonic Imaging լյարդի համար, Fusion Auto Track եւ Auto Volume Measurement:

Այսպիսով, նորմակարդակի կարող են հասնել լյարդի, վահանաձև գեղձի, այլ գեղձերի հետազոտությունները: Մասնավորապես,  կարելի է առավել հիմնավոր գնահատել հյուսվածքի փոփոխությունը, թե ինչ աստիճանի պնդացում ունի, ինչ աստիճանի ախտահարվածություն կա լյարդային հյուսվածքում:

Սեմինարի ընթացքում տեղի ունեցավ նաեւ տեսակոնֆերանս Հռոմի Սապիենցա համալսարանի հետ, որին մասնակցեց Ուլտրաձայնի եվրոպական ֆեդերացիայի բժշկության եւ կենսաբանության ոլորտում նախագահող, հանրահայտ պրոֆեսոր Վիտո Կանտիզանին։