Լեյշմանիոզ

Վերջին տարիներին Հայաստանում տարածում է գտնում լեյշմանիոզ հիվանդությունը, որը մարդուն է փոխանցվում մոծակների միջոցով, իսկ ժամանակին բժշկի չդիմելու պարագայում մեծ է մահվան կամ հաշմանդամություն ձեռք բերելու հավանականությունը: Մասնագետների հավաստմամբ, եթե 1969 թվականից մինչեւ 1999 թվականը մեր երկրում լեյշմանիոզ չի արձանագրվել, ապա դրանից հետո տարեկան գրանցվում է 14-15 դեպք: Ավելին, նույնիսկ աճման միտում է նկատվում:

Առաջին անգամ «մոռացված, արհամարհված հիվանդություններ» տերմինն օգտագործվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից` 2001թ., ինֆեկցիոն և մակաբուծային բնույթի մի խումբ հիվանդությունների նկատմամբ, որոնք առավել տարածված են շոգ երկրներում և որոնց նկատմամբ չի սահմանվում պատշաճ հսկողություն:

Այդ հիվանդությունների խմբին են պատկանում նաև լեյշմանիոզները:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական կայքէջում լեյշմանիոզի վերաբերյալ տեղեկանքում նշվում է, որ հիվանդությունը տարածվում է երկրագնդի ամենաաղքատ բնակչության շրջանում եւ կապված է սննդի անբավարարության, բնակչության տեղաշարժի, կենցաղային վատ պայմանների, թույլ իմունային համակարգի հետ: Լեյշմանիոզն, ըստ նույն աղբյուրի, կապված է նաեւ շրջակա միջավայրի փոփոխությունների հետ, ինչպիսին, օրինակ, անտառահատումներն են, պատվարների կառուցումը, ոռոգման համակարգի ընդլայնումը եւ ուրբանիզացիան: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով տարեկան գրանցվում է լեյշմանիոզի 1.3 միլիոն նոր դեպք եւ 20-30 հազար մահ:
Լեյշմանիոզների փոխանցողներ են ֆլեբոտոմուս ցեղին պատկանող մլակները: Վարակի աղբյուր են դառնում տարբեր կենդանիներ, իսկ որոշ ձևերի ժամանակ` մարդը:

 

ԱՀԿ-ի տվյալների համաձայն, լեյշմանիոզը 88 երկրների համար համարվում է էնդեմիկ հիվանդություն: Վարակման վտանգի տակ է գրեթե 350 մլն մարդ: Աշխարհում լեյշմանիաներով վարակված է շուրջ 14 մլն մարդ, իսկ յուրաքանչյուր տարի արձանագրվում է հիվանդության 2 մլն նոր դեպք:

 

Ընդերային լեյշմանիոզին բնորոշ են քրոնիկական ընթացքը, ջերմության պարբերաբար բարձրացումը, զարգացող սակավարյունությունը, լեյկոպենիան, գրանուլոցիտոպենիան, էոզինոֆիլների քանակության խիստ անկումը, նույնիսկ բացակայությունը, լյարդի և փայծաղի մեծացումը, հիվանդի հյուծվածությունը:

 

Տարբերակում են ընդերային լեյշմանիոզի 2 տարատեսակ` զոոնոզ, այսինքն պայմանավորված կենդանիների հնարավոր փոխանցմամբ, և անթրոպոնոզ, երբ վարակի աղբյուրը մարդն է:

Վերջին տասնամյակներում արձանագրվում է ընդերային լեյշմանիոզի և ՁԻԱՀ-ի խառը վարակ, որի դեպքում հիվանդների 75%-ի մոտ լեյշմանիաները հայտնաբերվում են ծայրամասային արյան մեջ:

Անտրոպոնոզ ընդերային լեյշմանիոզը կարող է առաջացնել համաճարակային բռնկումներ: Հիվանդանում են մեծ տարիքի երեխաները և մեծահասակները: Այս տարատեսակին բնորոշ չէ ավշային հանգույցների մեծացումը, սակայն, ի տարբերություն միջերկրական-մանկական լեյշմանիոզի, հարուցիչները հայտնաբերվում են ծայրամասային արյան մեջ: Հիվանդության այս ձևին բնորոշ է լեյշմանոիդի առաջացումը՝ ցան և գունազրկված բծեր, որի քերուկի մեջ հայտնաբերվում են լեյշմանիաներ:

 

Ընդերային լեյշմանիոզի կասկածի դեպքում կատարվում է ոսկրածուծից վերցրած նյութի բարակ շերտով քսուքի հետազոտություն: Հետազոտվում է նաև կրծոսկրից, ազդրոսկրից և ցայլոսկրից պունկցիայի միջոցով վերցված նյութը:

Շճաբանական հետազոտությունն ախտորոշման լրացուցիչ եղանակ է, կիրառվում է իմունաֆերմենտայինը: Նախնական ախտորոշման համար նախատեսված են արագ ախտորոշման թեստ-համակարգեր:

Առաջին անգամ Հայաստանում ընդերային լեյշմանիոզ արձանագրվել է 1912 թ., իսկ մաշկայինը` 1920 թ.: Հայաստանի պայմաններում վարակի հիմնական աղբյուր են եղել թափառող շները: 20-րդ դարի 60-ականներին վարակի աղբյուրի և փոխանցողի դեմ արդյունավետ պայքարի շնորհիվ հաջողվեց նվազեցնել ընդերային լեյշմանիոզով վարակվածության մակարդակը: Վերջին դեպքը արձանագրվել է 1969թ.: Սակայն 1999թ. սկսած նկատվում է դեպքերի աճի միտում:

Իսկ այն դեպքերում երբ այնուամենայնիվ հիվանդության կանխարգելումն անհնար է եղել, բուժումն իրականացվում է միանշանակ ստացիոնար պայմաններում:

Եվ, վերջապես, հիվանդության կանխարգելման կարևորագույն միջոցներից է վարակի աղբյուր դարձող հիվանդ և թափառող շների դեմ պայքարը: