Հիվանդություններ շնչառական համակարգում

Շնչառական համակարգի տարաբնույթ հիվանդությունները եղանակային սահմանափակումներ չունեն: Ընդունված է համարել, որ քիթ-կոկորդ-ականջաբանական հիվանդություններն ու ալերգիաները բնորոշ են փոփոխական եղանակներին: Միևնույն ժամանակ, սինուստիները, հայմորիտներն ու ռինիտները պատուհասում են՝ անկախ տարիքային ու սեռային սահմանափակումից:

Դիմային հատվածում քթի ու վերակնային, ճակատային հատվածում են գտնվում մարդու սինուսային խոռոչները: Ինչպես հայտնի է, դրանք ունեն որոշակի անատոմիական կառուցվածք, անհարթություններ, որոնք նպաստավոր են ամենատարբեր բնույթի վարակային արտադրությունների կուտակման համար:

Արդյունքում առաջանում են բորբոքային վիճակներ, որոնք կարող են ուղեկցվել բարձր ջերմությամբ, ընդհանուր թուլությամբ, ստիպել անլիարժեք ու հիվանդ զգալ:

Որպես կանոն, սինուսիտներն առաջանում են չափահաս տարիքում, քանի որ սինուսային խոռոչները մանկական տարիքում դեռևս ձևավորված չեն լինում: Փոխարենը, երեխաները հաճախ են ռինիտներ ունենում: Դրանք կարող են լինել ինչպես վարակային բնույթի, այնպես էլ՝ ալերգիկ: Ալերգիկ ռինիտները տարատեսակ ալերգենների՝ ծաղկափոշու, փողոցում առկա, նաև շինարարական աղբի ու կենցաղային փոշու հետևանք են:

Չափահասների շրջանում սինուսային հատվածների բորբոքային հիվանդությունների առաջացման պատճառները բազմաթիվ են: Դրանք կարող են առաջանալ սովորական մրսածության հետևանքով: Ատամների հեռացումները կամ քթի վիրահատությունները, ներքթային անոմալիաները որոշակիորեն նպաստող գործոններ են:

Ստրեպտակոկերը, ստաֆիլակոկերը, պնևմակոկերը, էշերիխիա կոլին, հեմոֆիլուս ինֆլուենսան կարող են սինուսիտների առաջացման պատճառը լինել:

Սինուսիտները կարող են հանգեցնել մի շարք բարդությունների: Որպես կանոն նկատելի է լինուսային հատվածի լորտձաթաղանթի զգալի այտուց: Արդյունքում փակվում են սինուսների բնական դրենաժային ծորանները խցանվում են՝ դժվարացնելով քթից արտադրության դուրսբերումը: Այս պարագայում նկատելի է ցավային համախտանիշ, ջերմության բարձրացում, մարմնում կոտրատվածության զգացողություն:

Մասնագետներն առանձնացնում են նաև սինուսների հայմորյան խոռոչին բնորոշ տեղակայման բորբոքային վիճակները: Դրանք ունեն հիմնականում նույն բնույթն ու պատճառագիտությունը:

Ցավի տեղակայումը կարող է բնորոշել, թե որ խոռոչն է պրոցեսի մեջ ընդգրկված: Հայմորիտների ժամանակ այն նկատելի է այտերի շրջանում, ճառագայթվում է դեպի վերին ատամներ: Ֆրոնտիտի ժամանակ սաստկանում է առավոտյան և ճառագայթում է դեպի ճակատային հատված:

Սինուսիտների առկայությունն անպայման բուժում է ենթադրում: Մասնագետները հորդորում են երբեք անուշադրության չմատնել այս հիվանդությունը և կասկածի դեպքում դիմել մասնագետի:

Հատկապես ուշադրության են արժանի հատուկ կարգավիճակում գտնվողները: Հղիության ընթացքում ախտորոշված հիվանդությունը ենթակա է բուժման հատուկ պայմաններով ապահովման:

Սինուսիտն ախտորոշելու ընթացքում չափազանց կարևոր է հիվանդի գանգատների ճշգրիտ գնահատումը: Կարևորը է ալերգիկ հիվանդության և սինուսիտների միջև եղած նուրբ սահմանը ժամանակին ճանաչելը: Հակառակ պարագայում սխալ բուժումը կարող է հանգեցնել դրա ձգձգման, կյանքի որակի վատացման, ինչպես նաև  քրոնիկ ընթացքի ձևավորման:

Այս նկատառումներով կիրառվում են մի շարք գործիքային հետազոտություններ: Օգնության են գալիս ռենտգենաբանական միջոցները, ինչպես նաև համակարգչային շերտագրումն՝ իր տարատեսակ դրսևորումներով:

Նշանակալի դեր ունի նաև լաբորատոր փորձաքննությունը: Այսպիսով հնարավոր է պարզել հիվանդության հարուցիչը, դրա դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը: Պետք է ապահովել անկողնային ռեժիմ, նշանակել վիտամինաթերապիա և հակաբակտերիալ բուժում, ապահովել մեծ քանակով հեղուկներ: Հիվանդությունը կարելի է բուժել տնային պայմաններում, իսկ եթե նկատելի է ներգանգային բարդությունների վտանք, հոսպիտալացումը պարտադիր է:

Սակայն լինում են դեպքեր, երբ վիրահատական միջամտությունն անխուսափելի է լինում: Ժամանակակից վիրաբուժությունը նախապատվություն է տալիս էնդոսկոպիկ եղանակներին, դրանք քիչ տրավմատիկ են, հնարավորինս հեշտ է ընթանում վերականգնողական փուլը: