Հղիության կրելախախտ

Հղիությունը յուրաքանչյուր կնոջ կյանքում երանելի ու սպասված մի ժամանակահատված է: Միևնույն ժամանակ չափազանց պատասխանատու և երբեմն անակնկալներով լի ընթացք է: Ինչպես հայտի է, հենց հղիության ամիսներին է, որ սկսում են գլուխ բարձրացնել ու սրվել հնարավոր քրոնիկ հիվանդությունները, հիվանդագին վիճակները: Մասնագետները հաճախ են նշում, որ հղիությունը երբեք հիվանդություն չէ, այլ վիճակ, որն անհրաժեշտ է զգուշությամբ տանել: Միևնւյն ժամանակ, պետք է նկատի ունենալ, որ լինում են  դեպքեր, երբ հղիության ընթացքը լիովին կապված  է հիվանդագին վիճակների հետ:

Հղիության սովորութային կրելախախտը մի հիվանդագին վիճակ է, երբ մինչև հղիության 22 շաբաթն ընկած հատվածը տեղի է ունենում ինքնաբեր վիժում: Ընդ որում, ինքաբեր վիժումները համարվում են սովորութային կրելախախտ այն դեպքում, երբ կինը չի կարողանում ավարտին՝ ծննդալուծման հասցնել հղիությունը 3 և ավելի անգամներ:

Մասնագետները այս երևույթը պատճառաբանելու բազմաթիվ տարբերակներ ունեն: Այն կարող է կապվել տարբեր օրգան-համակարգերի ֆունկցիաների թերացման կամ խափանման հետ:

Այսօր վերարտադրողական համակարգի ու դրա ֆունկցիայի ամենատարբեր խանգարումները ամենից հաճախ պարզաբանվում են էնդոկրին համակարգի ֆունկցիայով: Մասնավորապես հորմոնալ տեղաշարժերը չափազանց լուրջ ներգործություն կարող են գրանցել հղիության ընթացքի ու բնույթի վրա: Ամենատարբեր խանգարումները պայմանավորում են նաև կրելախախտի առաջացումը:

Կրելախախտն առնչվում է ժառանգականության ոլորտի հետ: Մասնագետների խոսքով՝ սա երբեմն բնական սելեկցիայի ամենապարզ դրսևորումն է:

Երբեմն կրելախախտը պայմանավորված է անատոմիական առանձնահատկություններով: Պատճառագիտությունն ուսումնասիրելիս մասնագետները նշում են նաև ինֆեկցիոն բնույթի, ինչպես նաև թրոմբոֆիլիայով պայմանավորված դեպքեր:

Միևնույն ժամանակ քիչ չեն դեպքերը, երբ այդպես էլ անհայտ է կրելախախտի պատճառը: Այս դեպքում այն անվանվում է իդիոպատիկ՝ անհայտ պատճառագիտության:

Էնդոկրին համակարգի խնդիրներից սովորութային կրելախախտի կարող են հանգեցնել  հիպերանդրոգենեմիան, լյուտեինային  փուլի անբավարարությունը, հիպերպրոլակտինեմիան, վահանաձև գեղձի դիսֆունկցիան և այլն:

Անատոմիական խնդիրներից ամենահաճախ հանդիպողներն  են  երկեղջյուր արգանդը, ադենոմիոզը, արգանդի խոռոչի սինեխիաները, ինչպես նաև իստմիկո-ցերվիկալ անբավարարությունը: Իմունոլոգիական գործոնը  ևս ունի մեծ ազդեցություն սովորութային կրելախախտի առաջացման մեխանիզմում:

Տարածված է այն կարծիքը, որ մեծ տարիքումշատ հաճախ է հանդիպում սովորութային կրելախախտ, պտղի գենետիկ խնդիր և, ընդհանրապես, բարդացած հղիություն և ծննդաբերություն:

Մասնագետների խոսքով, տարիքավոր հղիները  թիրախային բարձր ռիսկայնության խմբում են, սակայն  2-3 անհաջող հղիությունը և վիժման դեպքերը դեռևս դատավճիռ  չեն: Նրանց դեպքում ևս հղիության ճիշտ պլանավորումը, ինչպես նաև հղիության ընթացքի գրագետ վարումը, այսինքն սկրինինգ-թեստերի կիրառումը, կարող է հանգեցնել բերկրալի վերջակետի՝ առողջ նորածնի ծննդի:

Բնական է, որ այս իրավիճակը մեծագույն հարված է կնոջ վերարտադրողականությանը:

Պարբերաբար իրար հաջորդող ինքնաբեր վիժումների դեմ պայքարը հիմնովին բժշկական քննություն անցնելն է: Լաբորատոր փորձաքննությունների արդյունքում պարզաբանվում են գենետիկ գործոնները, ինչպես նաև՝ հնարավոր առկա վարակներն ու ինֆեկցիոն հիմքերը:

Երբեմն անհրաժեշտութոյւն է առաջանում գործիքային հետազոտություններ իրականացնելու՝ պարզաբանելու կրելախախտի ՝ վիժումների հետևանքներով առաջացած ֆիզիոլոգիական խախտումները, ինչպես նաև բոլոր այն անատոմիական հիմքերը, որոնք վիճակի պատճառն են:

Որպես կանոն, հետազոտություններին հետևում է բուժման ու առկա խնդիրների շտկման փուլը:

Սակայն քիչ չեն դեպքերը, մանավանդ, երբ պատճառներն իդիոպատիկ են, կամ նշանակալի է ժառանգական գործոնը, կրելախախտն այդպես էլ անբուժելի է մնում: Կինն այդպես էլ չիկարողանում ավարտին հասցնել հղիությունը:

Հենց այս դեպքում է, որ իր նշանակալի դերն ունի վերարտադրողական առողջության համեմատաբար նոր զարգացող ճյուղը՝ արտամարմնային բեղմնավորումը՝ իր տարատեսակներով:

Հատկանշական է, որ սովորութային կրելախախտը որոշ դեպքերում հնարավոր է կանխարգելել: Դրա միակ հնարավորությունը նախավերարտադրողական տարիքից սկսած ճիշտ կենսակերպի վարումն է: Այսպիսով հնարավոր է օժանդակել օրգանիզմին՝ ամրացնել ու չխոչընդոտել՝ իրականացնելու կարևորագույն ֆունկցիան: Հակառակ պարագայում սեռավարակները, տարատեսակ ինֆեկցիոն ծագման հիվանդությունները, քրոնիկ ու չբուժված հիվանդությունները խոչընդոտում են կնոջ բնականոն կյանքին, սպառնում վերարտադրողականությանը:

Առողջ կենսակերպի սկզբունքների պահպանումը նույնքան կարևոր է նաև բուժմանը զուգահեռ և դրանից հետո:

Մասնագետները միևնույն ժամանակ շարունակում են հիշեցնել, որ կրելախախտի էպիզոդը մեկ հղիության ընթացքում դեռևս դատավճիռ չէ: Բարեհագջող բուժումն ու ավարտին հասցված հղիությունը կարող է նկատելիորեն պտղաբեր դառնալ՝ հիմք դնելով ավարտուն ու լիարժեք առողջ հղիությունների ու ծննդաբերությունների: