Պարբերական հիվանդություն

Կան հիվանդություններ, որոնք բնորոշ են այս կամ այն ազգին: Դա պայմանավորված է ազգային գենետիկ առանձնահատկություններով: Մեծ նշանակություն ունեն նաև բնակլիմայական առանձնահատկութոյւնները, որոնք էլ պայմանավորում են տվյալ բնակավայրի մարդկանց կենսակերպը, սննդային սովորություններն ու ավանդույթները:

Պարբերական հիվանդությունը կամ Միջերկրածովյան ընտանեկան տենդը, կամ ինչպես մենք հաճախ այն անվանում ենք, երևանյան հիվանդութունը, ժառանգական հիվանդություն է, որը բնորոշվում է սուր բորբոքման կրկնվող նոպաներով: Դրանք դրսևորվում են որովայնի կամ կրծքավանդակի ցավերով կամ հոդացավերով, տենդով: Այս հիվանդությունն իր դրսևորման առանձնահատկութոյւններն ունի, կարող է տարիներ շարունակ չարտահայտվել, իսկ արտահայտվելիս էլ ունենալ բոլորովին տարբեր կլինիկա ու պատկեր: Սակայն, միևնույն ժամանակ բավական ընդհանրական են ախտանշաններն ու ընթացքը: Լինում են դեպքեր, երբ հիվանդությունն ունենում է իր ընդգծված բարդությունները՝  կարող է բարդանալ երիկամների և այլ օրգանների ախտահարումով՝ ամիլոիդոզով: Աշխարհում այս հիվանդությունը հանդիպում է այն ազգերի մոտ, որոնք պատմականորեն բնակվել են միջերկրածովյան տարածաշրջանում՝ հայերի, հրեաների, արաբների, նաև թուրքերի։

Հիվանդության պատճառը գեներից մեկ զույգում առաջացած փոփոխությունն է՝ մուտացիան, որը փոխանցվում է ժառանգաբար։ Այս մուտացիայի հետևանքով օրգանիզմում ակտիվանում է բորբոքումը, որը ժամանակ առ ժամանակ սուր բռնկման տեսք է ստանում:

Փոփոխված գենը կարող է սերնդեսերունդ փոխանցվել և միշտ հանդիպել «առողջ» գենի հետ, սակայն հիվանդի ազգականներից ոչ մեկը չտառապի պարբերական հիվանդությամբ։ Հիվանդի քույրերի և եղբայրների մոտ պարբերական հիվանդության առկայության հավանականությունը կազմում է 1:4: Եթե պարբերական հիվանդություն ունեցողն ամուսնանա երկու նորմալ գեն ունեցող անձի հետ, ապա նրանց երեխաները պարբերական հիվանդություն չեն ունենա, սակայն կկրեն հիվանդ ծնողի կողմից ժառանգած և փոփոխված՝ մուտացիայի ենթարկված մեկական գեն։

Հիվանդությունն ունի նոպաների բազմաթիվ տեսակներ: Մասնագետներն առանձնացնում են ավելի քան յոթանասուն նոպայի տեսակ, որոնք բնորոշ են պարբերական հիվանդությանը:

Հատկանշական է, որ հիվանդների 90%-ը իրենց առաջին նոպաներն ունենում են նախքան 18 տարեկանը։ Բոլորը առաջանում են 2-4 ժամվա ընթացքում և շարունակվում 6 ժամից մինչև 4 օր։ Նոպաների մեծ մասը տենդ է ներառում, ինչն էլ հիվանդության հիմնական առանձնահատկությունն է։

Հիվանդությունն արտահայտվում է որովայնային նոպաների տեսքով: Դրանք  հատկանշվում են որովայնային սուր ցավով ամբողջ որովայնում: Այս բնորոշ ցավերը պատահում են հիվանդների 95%-ի մոտ:

Լինում են դեպքեր, երբ հիվանդությունն արտահայտվում է հոդային նոպաների տեսքով:  Երբեմն հիվանդության մասին վկայում են Կրծքի նոպաները՝ կողատապով՝ թոքամզի բորբոքման հետ միասին:   Լինում են նաև ամորձապարկային նոպաներ, որոնք երբեմն շփոթության մեջ են գցում բժիշկներին, քանի որ նման են միզասեռական համակարգի այլ բորբոքային հիվանդություններին:

Հատկանշական է, որ այս հիվանդության բուժումը տևական է, երբեմն՝ ամբողջ կյանքի ընթացքում ուղեկցում է մարդուն: Լինում են դեպքեր, երբ դրանք ինքնուրույն վերանում են, կամ սահմանափակվում է նոպաների քանակն ու տևողությունը, ուժգնությունը:

Այնուամենայնիվ, այն սիմպտոմատիկ բուժում է ենթադրում: Նշանակվում են հակաբորբոքային ոչ ստերոիդային միջոցներ: Իսկ 1970-ներից պարբերական հիվանդության դեպքում կիրառվում է կոլխիցին ազդող նյութը։

Բոլոր այն դեպքերում, երբ հիվանդությունն ունի նաև իր բարդությունները, նշանակվում է այլ բուժում ևս:

Մասնագետների պնդմամբ այս հիվանդության հայտնաբերումը շոկային է լինում հիվանդի ու նրա հարազատների համար: Սա պատճառաբանվում է այն գիտակցումով, որ հիվանդությունն անբուժելի է դիտարկվում, հետևաբար՝ դրա դեմ պետք է պայքարել ողջ կյանքի ընթացքում: Պատմությունը ցույց է տալիս, որ այն վերահսկելու պարագայում բավական արդյունավետ ենթարկվում է կանխարգելման, հեշտությամբ են ընթանում նաև նոպաները:

Կան տեսություններ, որոնց համաձայ կենսակերպի փոփոխությունները կարող են դրական կերպով ազդել հիվանդության ընթացքի ու արտահայտությունների  նկատմամբ:

Հատկանշական է նաև հանգամանքը, որ հիվանդության նոպաների շրջաններից բացի որևէ կերպ հնարավոր չէ կասկածել հիվանդության գոյության մասին: Իհարկե, նոպաների ընթացքը լիակարժեք հարված է մարդու կյանքի որակին, սակայն դրանց ավարտին հնարավոր է լիարժեք կերպով վերադառնալ նորմալ ապրելակերպին, վերգտնել աշխատունակությունը:

Միևնույն ժամանակ մասնագետները մատնանշում են, որ մեծ նշանակություն ունի հոգեբանական տրամադրվածությունը, ինչը շատ հաճախ ամոքիչ ու ապաքինող է՝ երբեմն՝ դեղամիջոցներին հավասար: