Պորտալարի հիվանդություններ

Ներարգանդային կյանքը լրջագույն ժամանակահատված է մարդու  կյանքում: Եվ շատ ու շատ հիվանդությունների առաջացման սկիզբը ներարգանդային ժամանակահատվածն է: Ինչպես հայտնի է, սաղմնավորման պահից իսկ, մինչև մի քանի շաբաթը տեղի է ունենում օրգանոգենեզը՝ կազմավորվում է մարդու օրգանիզմը: Սա չափազանց պատասխանատու մի հատված է, քանի որ այս ընթացքում է, որ  զարգացման սխալները, արտաքին ներազդեցություններն իրենց դրսևորումն են գտնում սաղմի, ապա պտղի, իսկ հետագայում մարդու առողջության վրա:

Այսօր ժամանակակից բժշկութոյւնը մեծ հնարավորութոյւններ ունի հայտնաբերելու ներարգանդային կյանքում զարգացող հիվանդութոյւնները, գտնել դրանց պատճառագիտությունն ու նաև՝ կազմակերպել բուժումը:

Ներարգանդային կյանքում հանդիպող հիվանդագին տարածված վիճակներ են պորտալարի հետ առնչվող հիվանդությունները: Պորտալարը բացառիկ մի օրգան է, որը կապ է ստեղծում մոր և պտղի միջև: Այն ամրացնում է սաղմը, ապա պտղին  ընկերքի հետ: Պորտալարը ձևավորվում է հղիության երկրորդ շաբաթից, և անմիջապես սկսվում է իրագործվել դրա բացառիկ դերը:

Նորմայում պորտալարի երկարությունը 50-70 սմ, տրամագիծը մինչև 2 սմ է: Դրա երկարությունն ու չափսը  խիստ անհատական են: Սակայն, պարտադիր են դրա կառուցվածքային առանձնահատկությունները:

Պորտալարի միջոցով պտղին են փոխանցվում նախ օրգանների կազմավորման, ապա ընդհանուր զարգացման համար անհրաժեշտ բոլոր նյութերը, վիտամիններն ու հանքանյութերը, թթվածինը: Պորտալարի միջոցով է շրջանառվում ու բոլոր օրգան-համակարգերին հասնում արյունը:

Պորտալարի կազմում յուրաքանչյուր մասնիկ չափազանց կարևոր է: Այն բաղկացած է երկու զարկերակից և մեկ երակից:

Այն բոլոր դեպքերում, երբ զարկերակներից մեկը բացակայում է, անհրաժեշտ է իրականացնել մի շարք հետազոտություններ, մասնավորապես՝ պարզել լավ են արդյոք գործում պտղի երիկամները, այլ օրգան-համակարգերը: Զարգացման թերություններ նկատելուն պես անհրաժեշտ է համապատասխան ուշադրութոյւն սահմանել:

Պորտալան իրենից ներկայացնում է  սովորական դոնդողանման հյուսվածք՝ հիալունորաթթվի մեծ քանակությամբ։ Այս հյուսվածքը ստացել է Վարթոնի դոնդող անվանումը, ապահովում է լարի տուրգորը և ճկունությունը։ Այս հյուսվածքի դերը չափազանց մեծ է։ Այն պորտլարի անոթները պաշտպանում է սեղմվելուց, ինչն էլ ապահովում է սաղմին սննդանյութերով և թթվածնով հարուստ արյունով մատակարարումը։ Ունի նաև պաշտպանական ֆունկցիա. այն խոչընդոտում է նաև անոթային ճանապարհով վնասակար գործոնների ներթափանցումը ընկերքից սաղմի մեջ։

Շատերի կարծիքով  խնդրահարույց է պորտալարի երկարությունը: Առաջին հայացքից սա առիթ է, որպեսզի պտղի խաղի արդյունքում այն փաթաթվի վերջինիս շուրջը՝ ֆիզիկական վնասվածքներ պատճառելով:

Մասնագետները փաստում են, որ այս խնդրի վերաբերյալ մայրանալ պատրաստվող կանանց անհանգստությունը երբեմն չափազանցված է: Քանի որ դինամիկ հսկողությամբ հնարավոր է խուսափել բարդություններից:

Նույնքան անհանգստացնող է նաև պորտալարի կարճությունը:

Մասնագետները փաստում են, որ ցանկացած պարագայում պետք է իրականացնել պտղի սրտի մոնիտորինգ: Իսկ հիպօքսիայի առաջին  իսկ նախանշանների դեպքում կեսարյան հատումով արագ ծննդալուծումը լավագույն ելքն է:

Մասնագետների պնդմամբ առավել վտանգավոր են պորտալարի կառուցվածքային արատները: Մի պարագայում դա թաղանթների ոչ պատշաճ զարգացումն է, մեկ այլ դեպքում՝ դրանց թերի միացվածությունը հպման կետերին:

Այն դեպքում, երբ պորտալարի թաղանթները թերի են զարգացած կամ չափազանց նուրբ են, կարող է նկատվել նաև ներարգանդային արնահոսության վտանգ: Ինչը բավական լուրջ սպառնալիք է պարունակում: Սովորաբար լինում են դեպքեր, երբ հղիության արհեստական ընդհատման որոշում է կայացվում, քանի որ խնդիրն անհամատեղելի է հետագա զարգացման հետ:

Պորտալարի պաթոլոգիաներով բավական հաճախ պայմանավորվում են մի շարք օրգան-համակարգերի խնդիրները:

Միևնույն ժամանակ պետք է նշել, որ դրանք ոչ թե զարգացման արատներ կամ գենետիկ նախատրամադրվածությամբ հիվանդութոյւններ են, այլ՝ որևէ վիճակի հետևանքներ:

Ժամանակակից ախտորոշման գործիքները հնարավորություն են ընձեռում ժամանակին ախտորոշել խնդիրը: Մասնավորապես անդրձայնային հետազոտութոյւններով հնարավոր է պարզել պորտալարի զարգացման ընթացքը:

Այս առումով առանձնահատուկ ուսումնասիրության են ենթակա պորտալարի կառուցվածքը, կպումային հատվածները, թաղանթների կառուցվածքը:

Պորտալարի զարկերակների և երակների կառուցվածքային առանձնահատկություններն ուսումնասիրելիս օգնության է հասնում դոպլերոգրաֆիայի մեթոդը:

Նշված հանգամանքների առկայությունը չափազանց կարևոր է հղիությունը, ինչպես նաև ծննդաբերությունը վարող մանկաբարձ-գինեկոլոգի համար: Քանի որ պորտալարի կառուցվածքային առանձնահատկությունները մեծագույն նշանակություն ունեն ինչպես հղիության ընթացքի, այնպես էլ ծնդդաբերական գործընթացների համար:

Մեծագույն նշանակություն ունի նաև հետծննդաբերական ընթացքը: Պորտալարի ընդհանուր վիճակը մեծագույն ուղենիշ է, թե ինչ հետազոտություններ պետք է իրականացվեն նորածին փոքրիկի կյանքի առաջին մի քանի ժամում, ու որոնք են այն հատուկ ցուցումները, որոնց պետք է հետևել նեոնատալ շրջանում:

Ժամանակակից գիտատեխնիկական նվաճումները նոր հնարավորութոյւններ են տալիս՝ բացահայտելու այն, ինչ ընդամենը մի քանի տասնամյակ առաջ շղարշով էր պատված: Մասնագետները փաստում են, որ ներարգանդային կյանքում պորտալարի պաթոլոգիաների վերաբերյալ տեղեկատվություն ունենալը չափազանց կարևոր է, միևնույն ժամանակ հիշեցնում են, որ դրանց բացահայտումը ոչ թե լրացուցիչ խուճապի, այլ հակառակը՝ զգոնության ու աչալրջության, ժամանակին առավել մեծ բարդություններից խուսափելու հիանալի հնարավորություն են: