Փոքրիկի ծնունդը Կեսարյան հատմամբ

Մարդու ծնունդը բնության հրաշքն է: Անբացատրելի, ճակատագրական, ու դեռևս բազում առեղծվածներով լի: Հղիության ինն ասմիսների ընթացքում յուրաքանչյուր օր կնոջ արգանդում զարգանում, կատարելագործվում ու կյանքի է նախապատրաստվում նոր մարդը:  Սա մի ընթացք է, որն անպայման ուղեկցվում է բժշկի ներկայությամբ: Ծննդօգնությունն իր մեջ ներառում  է մինչև հղիության սկիզբ ու պլանավորումը  ամուսինների առողջական վիճակի ստուգում, հղիության ընթացքի հսկողություն: Հղիությունը, որքան էլ ոչ թե հիվանդություն, այլ բնականոն վիճակ է, միևնույն է կարող է ընթանալ  տարատեսակ բարդություններով: Դրանք անհապաղ ուշադրության կարիք ունեն, հակառակ պարագայում, բարձիթողի վիճակները կարող են ճակատագրական բարդությունների վերածվել:

Որպես կանոն, հղիության տրամաբանական շարունակությունը բնական ճանապարհով ծննդաբերությունն է: Սակայն լինում են դեպքեր, երբ ծննդալուծումն իրականացվում կեսարյան հատման ճանապարհով:

Կեսարյան հատումը մանկաբարձական վիրահատություն է, որի ընթացքում պտուղը և ընկերքը արգանդից դուրս են բերվում արգանդի պատի վրա արհեստականորեն ստեղծված կտրվածքի միջով:

Վերջին տարիներին կեսարյան հատման հաճախականությունը կազմում է ծննդաբերությունների ընդհանուր թվի 10-15%-ը:
Կեսարյան հատման ցուցումները: Տարբերում են բացարձակ և հարաբերական ցուցումներ: Բացարձակ ցուցումներ են  այնպիսի մանկաբարձական իրավիճակները, որոնք վտանգավոր են  մոր և պտղի կյանքի համար:

Բացարձակ ցուցումներն են.
Կնոջ մոտ III և IV աստիճանի նեղ կոնքը,կոտրվածքների և այլ պատճառներով խիստ փոքրացած չափեր և փոփոխված ձև ունեցող կոնքը, միզապարկի քարերը, որոնք շրջափակում են փոքր կոնքը:

Ինչպես հայտնի է հղիությունը երբեմն ուղեկցվում է տարատեսակ պաթոլոգիաներով: Կեսարյան հատման համար ցուցում են  փոքր կոնքի օրգանների ուռուցքային հիվանդությունները:

Լինում են դեպքեր, երբ կեսարյան հատումը ընտրության մեթոդ է և ոչ թե ցուցում: Դրանք այն դեպքերն են, երբ ռիսկերը հնարավոր է կանխել՝ չթողնելով դրանց բարդությունները:

Հարաբերական ցուցումները այն իրավիճակներն են, երբ չի բացառվում բնական ճանապարհով ծննդալուծման հնարավորությունը, սակայն մոր և կամ պտղի համար բարդությունների վտանգը գերազանցում է աբդոմինալ ծննդալուծման բարդությունների ռիսկին:

Բացարձակ ցուցում է համարվում նաև ընկերքի շերտազատումը կամ դրա ամրացումը արգանդի վզիկին: Դրանք էլ հենց փակում են ծննդաբերական ուղիները և կարող են առատ արյունահոսություն հրահրել: Այս պաթոլոգիան ախտորոշվում է հղիության յուրաքանչյուր փուլում, դրա համար նշանակվում է պլանային կեսարյան հատում` հղիության 38-րդ շաբաթում: Ընկերքի վաղաժամ շերտազատումը հանգեցնում է արյունոտ արտադրության դրսևորման, այդ դեպքում անհապաղ վիրահատություն է կատարվում:

Բավական հաճախ Կեսարյան հատումն իրականացվում է, եթե ծննդկանն ունի արգանդի վրա սպի կամ սպիեր, եթե կա պտղի կոնքային առաջադրություն: Արտասեռական հիվանդությունները, ինչպես օրինակ ակնահատակի դիստրոֆիկ փոփոխությունները, էպիլեպսիան, պտղաջրերի վաղաժամ արտահոսքը, ծննդաբերական գործողությունները անկանոնությունները, երբեմնի ունեցած անպտղությունն ու կրելախախտը Կեսարյան հատման ցուցում են:

Չափազանց կարևոր է նաև պտղի չափսերը, դիրքն ու առողջական վիճակը: Խորհուրդ է տրվում որևէ անկանոնության դեպքում դիմել այս միջամտությանը:
Հարաբերական ցուցումների հանրագումարի  հիման վրա կեսարյան հատման վիրահատությունը սովորաբար կատարվում է պլանային կարգով, ավելի հազվադեպ է ծագում շտապ վիրահատության անհրաժեշտություն:

Կեսարյան հատման պայմաններ են  կենսունակ պտուղը, վիրաբույժի համապատասխան որակավորումը, կնոջ համաձայնությունը:

Պլանային կեսարյան հատումից առաջ կատարվում է հղիի մանրակրկիտ հետազոտություն, արյան կենսաքիմիական քննություն, արյան խմբի և ռեզուս-գործոնի որոշում, էխոսրտագրություն, հեշտոցային քսուքի քննություն, նեղ մասնագիտական զննություն:

Վերջին տարիներին  ցավազրկելու նպատակով առավել հաճախ կիրառվում է էնդոտրախեալ նարկոզը և էպիդուրալ անէսթեզիան: Մեթոդի ընտրությունը պայմանավորված է ծննդաբերի և պտղի ընդհանուր վիճակով, ինչպես նաև վիրահատությունը շտապ կատարելու անհրաժեշտությամբ:

Կեսարյան հատումն իր բնույթով բավական լարված և պատասխանատու վիրահատություն է, որն իր ռիսկայնությամբ չի զիջում բնական ճանապարհով ծննդաբերության ընթացքին: Այս ժամանակահատվածում վիրահատող բժիշկը հավասարապես պատասխանատու է թե՛ հղի կնոջ, թե՛ պտղի առողջության ու ապահովության համար:

Չափազանց պատասխանատու է հետվիրահատական շրջանի վարումը: Վիրահատությունից անմիջապես հետո որովայնի ստորին հատվածում դրվում է սառցե պարկ, նշանակվում են ցավազրկողներ: Եթե չկան հակացուցումներ, ապա հաջորդ օրը հիվանդին պետք է կանգնեցնել: Պոտենցիալ կամ կլինիկորեն արտահայտված վարակի առկայության դեպքում հակաբիոտիկները նշանակվում են վիրահատության ժամանակ կամ անմիջապես հետո:

Պտղի և ընկերքի դուրսբերումից հետո կարող է դիտվել հիպո- և ատոնիկ արնահոսություն հատկապես առաջադիր պլացենտայի և բնականոն տեղակայված պլացենտայի վաղաժամ շերտազատման դեպքում:
Արգանդի հիպոտոնիայի  դեպքում նշանակվում են ուտերոտոնիկ դեղամիջոցներ:

Վիրահատությունից հետո, վերականգնողական ժամանակաշրջանում հակացուցված են  ֆիզիկական  մեծ ծանրաբեռնվածությունները, լոգանքների ընդունումը և սեռական հարաբերությունները: Իսկ կրծքով կերակրելն, ընդհակառակը, կօգնի մորն ու երեխային ավելի արագ վերականգնվել սթրեսից հետո: Եթե, նույնիսկ առաջին ծննդաբերությունը կատարվել է կեսարյան հատման օգնությամբ, մեծ է հանավանականությունը, որ երկրորդ հղիության դեպքում ցուցումներ չեն լինի և, կինը կարող է ինքնուրույն ծննդաբերել: