Ի՞նչ է ռեֆլյուքսը

Հետկրծոսկրային շրջանում առաջացող այրոցը, գղտոցը սովորաբար կապում են ստամոքսը սննդով կամ օդով լցվելու հետ: Իսկ եթե այն հաճախ Է կրկնվում կամ նույնիսկ չի դադարում, շարունակվում է օրվա ընթացքում և ուղեկցվում որովայնի վերին հատվածում`   հետկրծոսկրային շրջանում, առաջացող ցավի զգացումով, անհրաժեշտ է դիմել բժշկի:

Այս վիճակը որոշակիորեն կապված է ֆիզիկական ցածր ակտիվության և նստակյաց կյանքի հետ, որի հետևանքով աստիճանաբար խաթարվում է կերակրափողից ստամոքս սննդի անարգել անցնող փականային բարդ համակարգը, որը կանխում է ինչպես սննդի, այնպես էլ թթու պարունակող «ագրեսիվ» ստամոքսահյութի հետհոսքը`   ռեֆլյուքսը, ստամոքսից կերակրափող: Այդ համակարգի գործառույթի խաթարման հետևանքով աղաթթու և պեպսին, որոշ դեպքերում էլ լեղի պարունակող հյութը ստամոքսից անցնում է կերակրափող և վնասում հիմնականում լորձաթաղանթի ստորին մեկ երրորդ հատվածը, ժամանակավոր կամ տևական գրգռում, մակերեսային բորբոքում, կերակրափողի լորձաթաղանթի խոցոտում:

Այս վիճակը կարող է հանդիպել տարբեր տարիքի մարդկանց մոտ: Նորածնային և վաղ մանկական տարիքում այն մեծամասամբ պայմանավորված է անատոմիական կառուցվածքով: Տարիքի հետ վերաձևակեպումներ են տեղի ունենում ստամոքսաղիքային համակարգում, ինչի արդյունքում ստամոսքը այլ տեսք է ստանում և ստամոքսահյութի արտահոսքը համեմատաբար քիչ է հանդիպում:

Վաղ նորածնային, ապա վաղ մանկական տարիքում ռեֆլյուքսն ունի նաև պաշտպանողական բնական գործառույթ: Ստամոքսահյութի հետ մեկտեղ դուրս է մղվում ավելորդ համարվող կերակուրը:

Դեռահասության տարիքում հիվանդությունն ունի նաև հոգեբանական հիմք: Անցումային տարիքին բնորոշ հոգեֆիզիոլոգիական վերաձևակերպումներն իրենց արտահայտությունն են գտնում նաև ստամոքսաղիքային համակարգի վրա: Արդյունքում անհանգիստ վիճակն ու հոգեբանական ամենատարբեր իրավիճակները հանգեցնում են հենց ռեֆլյուքսի: Շատ ծնողների համար սա չափազանց անհանգստացնող երևույթ է: Մանավանդ, որ ուղեկցվում է նյարդահոգեբանական խնդիրներով, քաշի անկմամբ, անհանգստություններով ու գունատությամբ: Մասնագետները պնդում են, որ այս իրավիճակը, որքան էլ կլինիկական տեսանկյունից անհանգստացնող է, միևնույն ժամանակ բավական անվտանգ է, տարիքի հետ՝ հորմոնալ վերաձևակերպումների ավարտին զուգահեռ, հնարավոր է ձերբազատվել խնդրից:

Ռեֆլյուքսի երևույթներ բնորոշ են նաև հղիության շրջանին: Սա երկու հիմնական պատճառ ունի: Մի կողմից հորմոնալ տեղաշարժերը նպաստում են ստամոքսահյութի դուրսբերմանը, մեկ այլ պարագայում հետհոսքը մեխանիկական ճնշման հետևանք է:

Այնուամենայնիվ, ստամոքսահյութի հետհոսքը նաև լյարդի ու լեղապարկի ամենատարբեր հիվանդությունների դրսևորում կարող է լինել:

Ռեֆլյուքս-էզոֆագիտն իրենից ներկայացնում է կերակրափողի լորձաթաղանթի վնասում՝ պայմանավորված ստամոքսային կամ աղիքային պարունակության անցումով դեպի կերակրափող:

Ստամոքս-կերակրափողային  ռեֆլյուքսը իրականանում է երկու պայմանով` ստամոքսի պարունակության դուրս մղման «պատրաստականությամբ» և ստորին կերակրափողի սֆինկտրի անբավարարություն: Սրա հնարավորությունը մեծանում է, երբ գերլցված է ստամոքսը:

Երբ ստամոքսի պարունակությունը գտնվում է կարդիալ բացվածքի մոտ (պառկած դիրք, դեպի առաջ կռանալուց, ստոծանու  կերակրափողի բացվածքի ճողվածք):
Ստամոքսի պարունակության անցմանը  կերակրափող խոչընդոտում է ստորին  կերակրափողի սֆինկտրը և ստամոքս- կերակրափողային անցման անատոմիական կոնֆիգուրացիան: Անցումը հնարավոր է միայն  կերակրափողային սֆինկտրի և ստամոքսի միջև ճնշման բացակայության դեպքում: Դրա համար կամ պետք է ստամոքսի ճնշման բարձրացում, կամ  կերակրափողի սֆինկտրի շրջանում ճնշման իջեցում (ժամանակավոր կամ մշտական): Սֆինկտրի անլիարժեքությունը կարող է լինել համակարգային սկլերդերմիայի, աղիների քրոնիկական պսևդոօբստրուկցիաների, հղիության ժամանակ, ծխելու, դեղորայք ընդունելու, էզոֆագիտի, վիրահատական միջամտության հետևանքով:

Բնորոշ ախտանիշը այրոցն է: Նրա առաջացման պատճառը ստամոքսային պարունակության անցումն է  կերակրափողի բորբոքված լորձաթաղանթի վրա: Որոշ հիվանդների մոտ լինում է ատիպիկ կամ ստենոկարդիային նմանվող ցավ կրծքավանդակում: Միևնույն ժամանակ ռեֆլյուքս-էզոֆագիտը կարող է ընթանալ առանց ցավի կամ այրոցի:

Կասկածի դեպքում պահանջվում է հաստատել գնահատել աստիճանը և ճշտել ստամոքս- կերակրափողային ռեֆլյուքսի բնույթը` հաստատել էզոֆագիտն ու գնահատել աստիճանը, ճշտել հիվանդության պատճառը: Հետազոտությունը ներառում է անամնեզի հավաքում,  կերակրափողի բարիումով ռենտգենային հետազոտություն, էզոֆագոսկոպիա, լորձաթաղանթի բիոպսիա,  կերակրափողային մանոմետրիա:  Ռեֆլյուքսի մասին է խոսում բարիումի լուծույթի անցումը ստամոքսից  կերակրափող ռենտգենային հետազոտության ժամանակ: Ռենտգենային հետազոտությունը չբարդացած էզոֆագիտի դեպքում հիմնականում ինֆորմատիվ չէ, բայց բացահայտում է սպիական ստրիկտուրան և  կերակրափողի խոցը: Էզոֆագոսկոպիայով հայտնաբերում է լորձաթաղանթի էրոզիան,  կերակրափողի դիստալ հատվածի սպիական ստրիկտուրան, տափակ էպիթելի անցումը գլանաձևի, չարորակ ուռուցքը:
Մասնագետները պնդում են, որ այս հիվանդության հայտնաբերումից ի վեր լրջագույն բուժում է անհրաժեշտ: Որքան էլ այն չի սպառնում մարդու կյանքին, միևնույն է, մեծագույն հարված է կյանքի որակին: Հետևաբար դեղորայքային լրջագույն բուժումը ոչ միայն վերականգնում է կյանքի որակը, այլ նաև կանխում է առավել լուրջ հիվանդությունների առաջացման հավանականությունը: Հատկանշական է, որ դեղորայքային բուժմանը զուգահեռ պետք է լրջագույն ուշադրության արժանանա առողջ կենսակերպը՝ իր բոլոր բաղադրիչներով՝ շարժուն օր, անվտանգ ու հավասարակշռված սննդակարգ:
Չբարդացած ռեֆլյուքս-էզոֆագիտի ժամանակ հիվանդին նախ և առաջ խորհուրդ է տրվում նիհարել, քնել գլխատակը 10-15սմ բարձրացված անկողնում և վերացնել ներորովայնային ճնշումը բարձրացնող գործոնները: Դադարեցնել ծխելը, յուղոտ սննդի օգտագործումը, սուրճ, շոկոլադ, ալկոհոլ, նարնջի հյութ, ինչպես նաև ուտելու ընթացքում և հետո խմել մեծ քանակությամբ հեղուկ: Հնարավորինս չնշանակել M-խոլինոբլոկատորներ և պրեպարատներ, որոնք թուլացնում են հարթ մկանները, մասնավորապես կալցիումի անտագոնիտներ:
Ռեֆլյուքս-էզոֆագիտի բուժումը երկարատև է, 3-6 ամսվա ընթացքում կամ ավել, եթե ախտանիշները արագ կրկնվում են: