Կատաղություն. ծանր հիվանդություն՝ պարզ պատճառներ

Անհիշելի ժամանակներից մարդն ու կենդանին գոյատևում, զարգանում և էվոլյուցիա են գրանցում զուգահեռ: Ժամանակի ընթացքում մարդն ընտելացրեց կենդանիներից որոշներին, դրանք դարձան մարդու ընկերն ու բարեկամը: Այսօր մենք չենք կարող պատկերացնել մեր կյանքն առանց կենդանիների ներկայության:Դրանք բարության, հավատարմության ու անսահման սիրո ամենաիսկական ապացույցն են:

Սակայն մարդու և կենդանիների ընկերությունն ու հավատարմությունը երբեմն հատում- անցնում է անվտանգության սահմանները՝ լուրջ վտանգ ներկայացնելով երկուստեք: Կան բազմաթիվ հիվանդություններ, որոնց պատճառն ու աղբյուրը կենդանիներն են:

Կատաղությունը մեկն է այն վարակիչ հիվանդություններից, որոնց հիմնական պատճառը կենդանիներն են:

Բարեբախտաբար, Հայաստանը մեկն է այն քիչ երկրներից, որտեղ կատաղությունը չափազանց քիչ է հանդիպում:  Աստիճանաբար նվազել են կատաղության ախտորոշումները, իսկ բացառիկ դեպքերն էլ մեծամասամբ ոչ հայաստանյան ծագում ունեն:

Այս հիվանդության դեպքում ախտահարվում է նյարդային համակարգը, ի հայտ է գալիս ջղաձգություն, կլման և շնչառական մկանների կծկանք:

Վարակի հիմնական աղբյուրը հիվանդ կենդանիներն են: Տարածված կարծիք կա, թե այն փոխանցվում է միայն շներից, մինչդեռ կարևոր է իմանալ, որ այն կարող է փոխանցվել նաև  կատուներից: Շատ երկրներում կրող ու փոխանցող են նաև ուղտերը, ձիերը, իսկ վայրի կենդանիներից` գայլը, աղվեսը, շնագայլը: Հենց նրանք են բնության մեջ կատաղության վիրուսի ռեզերվը: Վարակվել հնարավոր է կծելուց, ինչպես նաև՝ վնասված մաշկի վրա կենդանու թքի հայտնվելուց: Այնուհետև վիրուսը նյարդացողուններով թափանցում է գլխուղեղ ու ողնուղեղ:

 

Տարածված սովորության համաձայն,  երբ շունը կամ որևէ կենդանի կծում է մարդուն, սպասում ու հետևում են վերջինիս վարքային փոփոխություններին: Կենդանիների հիվանդության գաղտնի շրջանը 14-16 օր է, որից հետո հիվանդ կենդանին դառնում է անհանգիստ, գրգռված, նկատվում է առատ թքարտադրություն, հրաժարվում է խմելուց և ուտելուց, առաջնում են ջղաձգումներ, ի վերջո, կենդանին սատկում է:

Կենդանու թուքը 8-10 օր (մինչև հիվանդության արտահայտված ախտանշանների ի հայտ գալը) վարակիչ է: Մարդկանց մոտ հիվանդության գաղտնի շրջանի տևողությունը 10 օրից մինչև 1 տարի է և պայմանավորված է կծած տեղով: Այն հատվածը, որն ավելի մոտ է կենտրոնական նյարդային համակարգին առավել վտանգավոր է:

Հիվանդության առաջին ախտանշանները համարյա միշտ դրսևորվում են կծած տեղում. առաջանում է քոր, լինում են մղկտացող, ձգող ցավեր, սպին բորբոքվում է, դառնում ցավոտ: Նկատվում են թուլություն, ախորժակն ընկնում է, տեսողական և լսողական գրգռիչների՝ պայծառ լույսի, ուժեղ ձայնի նկատմամբ դառնում են գերզգայուն:

Այնուհետև առաջանում է անքնություն, հիվանդն ունենում է վախի, տագնապի, թախծի, երբեմն` կրծքում ճնշման զգացողություն, դժվարանում է կլումը: Հիվանդության խորացմանը զուգընթաց դժվարանում է ջուր կուլ տալը, նույնիսկ դրան նայելիս առաջանում է ջղաձգության նոպա: Այս երևույթն անվանում են ջրավախություն: Հիվանդը չի կարողանում նույնիսկ թուքը կուլ տալ:

Կատաղությունն այն առաջին կասկածն ու մտավախությունն է, որը պետք է ունենալ կենդանիների հետ ցավագին շփումից հետո: Ինքնուրույն ու ժողովրդական ընդունված միջոցներով վերքերի բուժման փորձերը կարող են ճակատագրական լինել: Ուստի խորհուրդ է տրվում անմիջապես դիմել բժշկի:

Հիվանդագին վիճակի մասին մասնագետները կարծիք են կազմում արտաքին զննությամբ, նույնքան կարևոր են կարևոր են լաբորատոր ու գործիքային քննությունները:

Հատկանշական է, որ կատաղությունը մահացու հիվանդագին վիճակ է: Այն  բոլոր դեպքերում, երբ մարդը վարակվել է, բժիշկներին չի հաջողվում փրկել մարդու կյանքը: Այս հիվանդության դեմ պայքարի միակ արդյունավետ միջոցը կանխարգելումն է:

Մարդու կատաղություն հիվանդության կանխման միակ միջոցը համապատասխան վակցինացիան է, որը անմիջապես պետք է կատարել բուժհաստատությունում:
Հիվանդագին վիճակից՝ իր բոլոր բարդություններով խուսափելու նկատառումներով մեծ ուշադրություն է պետք դարձնել ընտանի կենդանիների հատուկ խնամքին: Նրանք պետք է պատշաճ կերպով անցնեն անհրաժեշտ պատվաստումներն ու կանխարգելիչ բուժական կուրսերը:

Կենդանի պահելը մեծագույն պատասխանատվություն է: Երբեմն մենք այն դիտարկում ենք զուտ հոգեբանական տեսանկյունից, կարծելով, թե կենդանու սննդային պահանջները բավարարելը միայն բավական է նրա հանդեպ պարտքը կատած լինելու տեսանկյունից: Սակայն հիշենք, որ այն պատասխանատվություն է նաև շրջապատող մարդկանց առողջության, անվտանգության ու կյանքի տեսանկյունից: Չխնամված, պատշաճ կերպով չպատվաստված կենդանին իրական մարտահրավեր է հասրակությանը, մարդկային կյանքերին:

Նույնքան վտանգավոր է անծանոթ, ակնհայտ չխնամված փողոցային կենդանիների հետ շփումը: Փողոցային կեղտոտ ու թրջված փիսիկի կամ շնիկի կողքից անտարբեր անցնելը երբեմն առավել արդարացված է, քանի որ հակառակ պարագան՝  դրանց շոյելու գինը, կարող է հնարավոր վարակումը լինել՝ վատագույն ելքով: