Մանկական ուղեղային կաթված՝ հիվանդություն հասարակության համար

Փոքրիկները հաճախ են հիվանդանում: Ընդունված է օրինաչափություն համարել երեխաների՝ տարեկան մի քանի անգամ որոշ վարակային հիվանդություններով հիվանդանալը, հազը, ջերմելը: Սա հաճախ է կապվում մասնավորապես եղանակային փոփոխությունների ու վարակային բռնկումների հետ: Մինչդեռ երբեմն մանկական տարիքում ի հայտ եկող մի շարք հիվանդություններ ու հիվանդագին վիճակներ ոչ թե անցնում են սահմանված ժամկետում, այլ դառնում են ճակատագրական՝ ուղեկցելով ողջ կյանքի ընթացքում: Դրանցից որոշներն էլ փոխում են տվյալ ընտանիքի ու շրջակա միջավայրի կենսակերպը, վերաբերմունքն աշխարհին ու մարդկանց:

Մանկական ուղեղային կաթված՝ հիվանդություն հասարակության համար

Մանկական ուղեղային կաթվածը կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություն է, որի ժամանակ ախտահարվում են գլխուղեղի շարժողական գոտիները և շարժումն իրականացնող ուղիները։ Ախտահարվում է նաև կամային և ոչ կամային շարժումները կարգավորող մեխանիզմների փոխազդեցությունը։ Մկանային կառավարման նման խանգարումը դժվարություններ է առաջացնում շարժման և մարմնին որոշակի դիրք տալու ժամանակ։

Հիվանդության պատճառը գլխուղեղի որոշակի հատվածի վնասումն է մինչև ծնվելը կամ վաղ մանկական հասակում։ Ընդ որում մկանները պարալիզացված չեն։ Գլխուղեղի վնասվածքը չի զարգանում, բայց տարիքի հետ ավելի ակնհայտ է դառնում։ Ուղեղային պարալիչը յուրաքանչյուր երեխայի ախտահարում է յուրովի։ Հիվանդության թույլ արտահայտման դեպքերում երեխաները սովորում են քայլել երերուն հավասարակշռությամբ։ Մեկ այլ դեպքում կարող են առաջանալ ձեռքերի օգտագործման հետ կապված խնդիրներ, իսկ ծանր դեպքերում երեխաները չեն կարողանում ինքնուրույն նստել և հոգալ ամենօրյա կարիքները։

Մանկական ուղեղային կաթվածը սովորաբար առաջանում է ներարգանդային վնասվածքների կամ ուղեղի թերզարգացման արդյունքում։ Այդ խանգարումների պատճառները տարբեր կարող են լինել:

Չափազանց կարևորվում է հղիության ընթացքում կնոջ ունեցած տարբեր քրոնիկ հիվանդությունները, նրա կրած ինֆեկցիոն, մասնավորապես վիրուսային հիվանդությունները:

Հղիության ընթացքի ինտոքսիկացիաները՝ թունավորումները ևս մեծապես կարող են ազդել հիվանդության զարգացման հարցում:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մոր և պտղի արյան անհամատեղելիությունն ըստ ռեզուս գործոնի  կամ արյան խմբի պատկանելության, ևս կարող են նպաստել հիվանդության առաջացմանը:

Առանձնակի ուշադրություն է հատկացվում նաև ծննդաբերության շրջանին: Ձգձգվող ծննդաբերությունը, ինչպես նաև պարանոցի շուրջը  փաթաթված պորտալարի առկայությունը կարող են նպաստել հիվանդության զարգացմանը:

Երբեմն մանկական ուղեղային կաթվածն  առաջ է գալիս երեխայի կյանքի առաջին տարիներին՝ նեյրոինֆեկցիաների, գանգի ծանր վնասվածքների պատճառով։ Ժամանակին կային տեսություններ, որոնք մանկական ուղեղային կաթվածը դիտարկում էին որպես ժառանգական հիվանդություն, սակայն այժմ հերքվել է այս վարկածը:

Մանկական ուղեղային կաթվածով երեխաների մոտ նկատվում է շարժողական բոլոր ֆունկցիաների ձևավորման խանգարում։ Դեռևս վաղ մանկական տարիներին նկատվում են որոշակի խնդիրներ, որոնք վկայում են հիվանդության առկայության մասին: Նրանց մոտ ուշ է ձևավորվում գլուխը պահելու, նստելու, կանգնելու, քայլելու կարողությունը։

Բնականաբար, շարժողական խանգարումները բացասաբար են անդրադառնում երեխայի հոգեֆիզիոլոգիական ֆունկցիաների ձևավորման վրա։ Չեն ձևավորվում շարժման մասին ճիշտ պատկերացումները, մեծ դժվարությամբ են զարգանում տարածական պատկերացումները։ Շարժողական խանգարումների պատճառով տուժում է երեխայի ինքնասպասարկման հմտությունը, որի հետևանքով էլ այս երեխաները կյանքի առաջին տարիներից սկսած գրեթե լիովին կախվածության մեջ են լինում իրենց շրջապատող մեծերից։

Անկախ շարժողական խանգարման աստիճանից այս երեխաների մոտ կարող են նկատվել հուզակամային ոլորտի, վարքի խանգարումներ, դիտվում են ինտելեկտի իջեցում, տեսողության խանգարումներ, ավելի հաճախ՝ շլություն, լսողության թուլացում։ Նպատակաուղղված գործունեության ընթացքում նրանք արագ են հոգնում կամ դառնում են գրգռված, մեծ դժվարությամբ են կենտրոնանում տրված առաջադրանքի շուրջ։ Որոշ երեխաների մոտ հոգնելու արդյունքում առաջ է գալիս շարժողական անհանգստություն, ավելանում են ժեստիկուլյացիոն, հարկադիր շարժումները, առաջանում է առատ թքարտադրություն։ Այս երեխաների մեծ մասը գերզգայուն է, խռովկան, հիվանդագին է արձագանքում ձայնի տոնին, դիտողություններին։ Նրանց մոտ առաջանում են վախեր, ակամամիզություն, փսխում և այլ խանգարումներ։ Շատ հաճախ երեխայի հանդեպ գերխնամքը հանգեցնում է նրան, որ երեխայի մոտ չի ձևավորվում ինքնուրույն գործելու և խոսքային հաղորդակցման պահանջմունք, բացի այդ երեխան դառնում է անվստահ, պասիվ։

Մանկական ուղեղային կաթվածի ժամանակ դրսևորվող խոսքի խանգարումների բնույթն ու արտահայտման աստիճանն առաջին հերթին կախված են ուղեղի ախտահարման ծանրությունից և տեղայնացումից։

Այս ախտահարման  ժամանակ առկա են նաև ձայնի, շնչառության, խոսքի տեմպի և ռիթմի, նրա արտահայտչականության խանգարումներ։ Արտասանական առավել ծանր խանգարումներ դիտվում են հատկապես այն երեխաների մոտ, ում վերին վերջույթները նկատելիորեն ախտահարված են, այսինքն ուղղակի կապ կա խոսքի զարգացման և մատների շարժունակության միջև. ձեռքի մատների շարժումները խթանում են գլխուղեղում համապատասխան հատվածի զարգացումը՝ դրանով իսկ արագացնելով երեխայի խոսքի զարգացումը։

Ուղեղային կաթվածով երեխան ոչ միայն դժվարությամբ ու սահմանափակ ծավալով է կատարում շարժումները, այլ նաև շատ թույլ է զգում իր վերջույթների և արտաբերական օրգանների դիրքն ու շարժումները։ Այս ամենը բերում է նրան, որ երեխան դժվարանում է կատարել նպատակաուղղված գործողություն և ուժեղանում է հնչարտաբերման խանգարումը։

Չնայած այս ամենին, հիվանդության ազդեցությունը երեխայի վրա կարելի է թուլացնել՝ կախված այն բանից, թե որքանով է վնասված ուղեղը, և որքան վաղ են սկսել օգնել երեխային։

Մանկական ուղեղային կաթվածի ախտորոշումը չափազանց կարևոր է: Բացի արտաքին նշանները, որոնք չափազանց բնորոշ ու տիպիկ են հիվանդության ախտորոշման հարցում, կարևոր է նաև գործիքային հետազոտությունների իրականացումը: Այսպիսով հնարավոր է առավել ընդգրկուն ու համապարփակ պատկերացում կազմել հիվանդության ախտահարած օջախների ու դրանց բնույթի մասին:

Այս հիվանդությունը պահանջում է նյարդաբանի, լոգոպեդի, հոգեբանի, ռեաբիլիտոլոգի, ֆիզիոթերապևտի, այլ մասնագետների համատեղ աշխատանք: Չկա որևէ  դեղամիջոց, որը հստակ ցուցված լինի մանկական ուղեղային կաթվածի պարագայում: Իրականացվում են սիմպտոմատիկ նշանակություններ:

Հատկանշական է, որ հիվանդության ընթացքից ու բնույթից, ծանրության աստիճանից կախված երեխաներն ոնենում են վարքային տարբեր դրսևորումներ: Կարևոր է պատշաճ վերաբերմունքը: Միայն հստակ ախտորոշումն է հնարավոր դարձնում երեխայի նկատմամբ ճշգրիտ բուժական ռազմավարության ընտրությունը: Հակառակ պարագայում նյարդային բջիջների վնասումն անխուսափելի է: Իսկ դրա հետևանքները երբեմն անդառնալի են:

Մասնագետները հիշեցնում են, որ թեև մանկական ուղեղային կաթվածը լիովին բուժելի չէ, բայց մեծամասամբ կանխարգելելի է: Մեծագույն նշանակություն ունի առողջ ապրելակերպի սահմանումը, ինչպես նաև կանխարգելիչ նպատակներով տարեկան բուժզննումները: Միայն այսպիսով է հնարավոր ժամանակին բուժել այն հիվանդությունները, որոնք հետագայում մանկական ուղեղային կաթվածի առաջացման պատճառը պիտի լինեն: