Վիրուս կոկսակի

Տարատեսակ հարուցիչներն ու մանրէները մշտապես ուղեկցում են մարդկային կյանքը: Այս կամ այն ժամանակահատվածում դրանք գլուխ են բարձրացնում, զարմացնում իրենց հատկությունների ձևափոխություններով ու դրանց հետևանքներով: Ժամանակ առ ժամանակ բժշկագիտական միտքը կանգնում է հերթական փաստի առաջ՝ նոր վարակ, նոր հարուցիչ, փոխանցման նոր եղանակ…

Հերթական անգամ 1950ականներին ԱՄՆ-ում հայտնաբերվեց կոկսակի վիրուսը:

Այն պատկանում է աղիքային՝ էնտերովիրուսների շարքին: Այն ՌՆԹ պարունակող վիրուս է: Սկզբնական ժամանակներում հայտնաբերվում էր փոքրիկների կղանքում: Կար տեսակետ, որ հիվանդությամբ վարակվում էին միայն երեխաները: Հետագա ուսումնասիրությունները պարզեցին, որ այն հանդիպում էր նաև մեծահասակների մոտ, սակայն համապատասխան դիմադրողական հարվածը չէր թողնում, որ այն բարդ հետևանքներ ունենար, ինչի արդյունքում՝ քիչ ուսումնասիրված էր: Աստիճանաբար հիվանդությունը սկսեց առավել հաճախ հանդիպել, ավելին, չափազանց խորն ուսումնասիրության ենթարկվեց: Արդյունքում՝ ներկայում գիտնականներն ու բժիշկները տիրապետում են վիրուսի դրսևորման հիմնական առանձնահատկություններին, ինչն էլ թույլ է տալիս ախտորոշել առավել հաճախ:

Այսօր բժիշկները տարբերակում են  վիրուսի երկու տեսակ՝ Ա և Բ տարատեսակները, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ենթախմբերը: Շրջակա միջավայրում դրանք բավական կայուն են, կարող են գոյատևել չափազանց երկար, մոտավորապես 800 օր: Միևնույն ժամանակ չափազանց զգայուն են արևի ճառագայթների, ինչպես նաև ախտահանող նյութերի նկատմամբ:

Վիրուսը փոխանցվում է հիվանդի կամ այն կրողի միջոցով: Այն հիմնականում փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, սակայն քիչ չեն դեպքերը, երբ փոխանցում իրականանում է ալիմենտար ճանապարհով՝ սննդի միջոցով: Սա հնարավոր է ընդհանուր օգտագործման վատ ախտահանված սպասքի, ախտոտված ջրի, չլվացված բանջարեղենի, մրգի միջոցով: Նույնքան վտանգավոր են կեղտոտ ձեռքերը: Հաճախակի չլվացվելը ռիսկային է նաև այս վարակի տարածման հարցում:

Հիվանդությունից հետո կայուն իմունիտետ չի ձևավորվում: Հատկանշական է, որ մինչև 6 ամսական երեխաները վիրուսի նկատմամբ անընկալունակ են: Սա բացատրվում է ներարգանդային կյանքում դեռևս փոքրիկին  փոխանցվող հակամարմիններով, որոնք հետագայում նրան են հասնում նաև մայրական կաթի օգնությամբ:

Այնցնելով մարդու օրգանիզմ, այն մի քանի հիմնական փուլեր է անցնում, ինչի հետևանքով սկսվում է ներազդեցությունն օրգանիզմի վրա: Ի հայտ են գալիս վիրուսային վարակին բնորոշ ախտանշանները:

Կախված այն հանգամանգից, թե վիրուսի որ սերոլոգիական տեսակն է հանդիպել, և ինչպիսին է հիվանդի օրգանիզմի ընդհանուր վիճակն ու ինչ փուլում է դիմադրողականությունը, վիրուսն ունենում է իր դրսևորման առանձնահատկությունները:

Վարակումից մինչև կոկսակի վիրուսի ախտանշանների արտահայտությունը կարող է 2-10 օր տևել:

Հիվանդության առաջին արտահայտությունը հիմնականում սուր է: Ջերմությունը կարող է անցնել 39 աստիճանը: Այս ընթացքում բնականաբար ընկնում է աշխատունակությունը, ինքնազգացողությունը կտրուկ վատանում է, նկատվում է մկանային, ինչպես նաև ուժգին գլխացավեր: Նշված ախտանշանները բնականաբար նման են այլ վիրուսային հիվանդություններին ևս: Սակայն կան որոշ նշաններ, որոնք թույլ են տալիս կասկածել կոկսակի վիրուսի մասին: Բերանի խոռոչում լորձաթաղանթի վրա ի հայտ են  գալիս 2 միլիմետրանոց խոցեր և բշտեր: Կարող է նկատվել նշիկների և կոկորդի այտուց:

Ջրով լցված բշտեր են նկատվում նաև ձեռքերի ափերի մեջ, ոտքի տակ, մատների արանքում: Շատ քիչ դեպքերում դրանք կարող են տարածվել դաստակների վրա, հասնել ազդրերին:

Բարձր ջերմությունը չի իջնում, պահպանվում է 3-5 օր, նվազում է միանգամից՝ համապատասխան բուժման արդյունքում:

Այս հիվանդության առաջին ախտանշանների նկատումից ի վեր պետք է  դիմել բժշկի: Ինքնաբուժությունը ինչպես բոլոր, այնպես էլ այս դեպքում չափազանց վտանգավոր է: Հարկ է նշել, որ այն  չի բուժվում հակաբիոտիկներով: Դրանց կիրառությունն այս պարագայում տեղին չէ:

Չափազանց կարևոր է հիվանդության ախտորոշումը: Այն սահմանվում է լաբորատոր փորձաքննությունների արդյունքում: Համադրվում է կլինիկական ախտանշանների հետ:

Այսպիսով որոշվում է նաև դեղամիջոցների ընտրությունը: Անհրաժեշտության դեպքում բշտիկները մշակվում են հականեխիչ լուծույթներով:

Մասնագետների խոսքով՝ հիվանդությունը կառավարելի է, եթե գտնվում է բժիշկների ուշադրության կենտրոնում: Հակառակ պարագայում կարող են ի հայտ գալ բարդություններ, որոնք երբեմն ճակատագրական կարող են լինել:

Հիվանդության բուժումը պետք է իրականանա նաև հիգիենիկ պայմանների պահպանմամբ: Հիվանդի սենյակը պետք է մշտապես օդափոխվի, իսկ սպասքն ու հագուստը պատշաճ ախտահանվեն՝ վարակի տարածումից խուսափելու համար: