Միջազգային գիտաժողով Ուռուցքաբանության ազգային կենտրոնում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում»տեղի ունեցավ «Թոքի քաղցկեղի վիրահատական բուժման ժամանակակից մոտեցումները» թեմայով միջազգային գիտաժողով, որը կազմակերպել էին «Վիրաբուժական ուռուցքաբանության հայկական միություն» ՀԿ-ն, ՀՀ առողջապահության նախարարությունը և ՈւԱԿ-ը: Գիտաժողովին ներկա էին նաև Ավստրիայի Զալցբուրգի համալսարանական կլինիկայի թոքային վիրաբույժները:
Բացման խոսքով հանդես եկավ ՈւԱԿ-ի փոխտնօրեն Վարուժան Շահսուվարյանը, ով ողջունեց ներկաներին և նշեց, որ միջազգային գիտաժողով հրավիրելու նպատակը ազգաբնակչության համար կարևոր խնդիրների վերհանումն է, ինչպես նաև փորձի փոխանակման միջոցով բուժման նոր մեթոդներով ապահովելը:


Գիտաժողովի բացմանը ելությով հանդես եկավ նաև «Վիրաբուժական ուռուցքաբանության հայկական միություն» ՀԿ նախագահ, ՈւԱԿ թորակոաբդոմինալ բաժանմունքի վարիչ Գագիկ Համբարձումյանը` ներկայացնելով Հայաստանում թոքի քաղցկեղի արդի խնդիրները, Հայաստանի մարզերում հիվանդության տարածվածության պատճառները և գրանցված ցուցանիշները:

«Հանրապետությունում ունենք թոքային վիրաբուժության երեք բաժանմունք, որոնց նպատակն է ազգաբնակչությանը մատուցել ժամանակակից բուժում: Մենք աշխատում ենք ունենալ բարձր մակարդակի բուժում: Թոքի քաղցկեղը չարորակ հիվանդությունների շարքում առաջնային տեղ է զբաղեցնում, առաջացման պատճառներից են ծխելը, շրջակա միջավայրի աղտոտվածությունը, ինչպես նաև անբարենպաստ պայմանները»,- նշեց Գ Համբարձումյանը:
Ելույթի ընթացքում Գ. Համբարձումյանը նշեց նաև, որ ըստ վիճակագրության Հայասատնում թոքային քաղցկեղը թե՛ հիվանդների, թե՛ մահացության թվով աշխարհում առաջին տեղում է և առավել տարածված է տղամարդկանց մոտ:


Զրուցեցինք Ավստրիայի Զալցբուրգի համալսարանական կլինիկայի վիրաբույժ Միքայել Լեխների հետ:
–   Ասացեք, խնդրեմ, որքանով՞ են արդյունավետ թոքի քաղցկեղի բուժման ժամանակակից մեթոդները:

–   Շատ դժվար է ասել` որքանով են արդյունավետ, քանի որ կախված է պացիենտի վաղ դիմելիության, և վաղ ախտորոշման հետ:
–   Ինչպես գիտենք, չարորակ հիվանդությունների շարքում առաջին տեղն է զբաղեցնում թոքի քաղցկեղը, ինչո՞ւ է հիվանդությունը գնալով զարգանում:
–   Ոչ փոքր բջջային թոքի քաղցկեղի պարագայում, որն ամենատարածվածն է, առաջացման պատճառը ծխախոտն է, պատճառներից է նաև գենետիկական գործոնը: Թոքի քաղցկեղի առաջացման պատճառ է նաև օդի աղտոտվածությունը: Շատ կարևոր է, թե որքանով է պացիենտը շուտ դիմում բժշկի, որքան հաճախ է բուժզննում անցնում:

–   Ի՞նչ դեր ունի վիրաբույժը թոքի քաղցկեղի բուժման գործընթացում:
–   Վիրաբույժի դերը ամենակարևորն է, հատկապես եթե ունենք քաղցկեղի այնպիսի տեսակ, որն ամբողջությամբ պետք է կտրել և հեռացնել: Սա կոշտ քաղցկեղներին է վերաբերում` թոքի, գինեկոլոգիական, միզապարկի և այլն: Նման պարագայում, եթե ամբողջությամբ հեռացնում ենք քաղցկեղը, կարելի է համարել, որ սա բուժում է: Այն դեպքում, երբ ունենք տարածված մետաստազներ, երբ ամբողջովին չի կատարվում վիրաբուժական միջամտություն, դերակատարում ունի, օրինակ, պալիատիվ բուժումը, ինչն ուղղված է հիվանդի կյանքի որակի բարելավմանը: