Միզուղիների հիվանդությունները՝ ուշադրության կենտրոնում

Միզուղիների ինֆեկցիաները բարձր տարածվածություն ունեն: Յուրանչյուր տարի մեծաթիվ հիվանդներ, անկախ տարիքից (երեխաներ, մեծահասակներ), սեռից բախվում են այս լուրջ բժշկական խնդրի հետ։ Կանայք ավելի հաճախ են տառապում միզուղիների ինֆեկցիաներից։ Աշխարհում յուրաքանչյուր երկրորդ կինն իր կյանքի ընթացքում նվազագույնը 1 անգամ հիվանդանում է միզուղիների ինֆեկցիաների ոչ բարդացած ձևով, նրանցից 25-40 % առաջիկա 6-12 ամիսների ընթացում նշում են հիվանդության կրկնման մասին։ Չնայած ժամանակակից ախտորոշման և բուժման մեթոդների առկայությանը` միզուղիների ինֆեկցիաների արդյունավետ վերահսկումը պայմանավորված է մի շարք կարևորագույն խնդիրներով․ հաճախակի ռեցիդիվները,  ռեզիստենտականության արագ զարգացումը հակամիկրոբային և հակաբակտերիալ դեղամիջոցների նկատմամբ, բժշկին ժամանակին չդիմելը, հիվանդների կողմից բուժման վաղաժամ դադարեցումը, սխալ ախտորոշումը և այլն։

Հայկական Ուրոլոգիական Ասոցիացիան սեպտեմբերի 8-ին սեմինար իրականացրեց՝ «Միզուղիների ինֆեկցիաների ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումներն ու հնարավորությունները» թեմայով:

Սեմինարին բացման խոսքով ելույթ ունեցավ Հայաստանի Հանրապետությունում Օլայնֆարմ» ԲԸ ներկայացուցչության ղեկավար Իննա Խաչիյանը: Սեմինարին զեկույցով հանդես եկան «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի Ուրոլոգիական կլինիկայի ղեկավար, ՀՀ գլխավոր ուրոլոգ բ.գ.դ., դոցենտ Արթուր Գրաբսկին և Բելոռուսի հետդիպլոմային կրթության բժշկական ակադեմիայի Ուրոլոգիայի և նեֆրոլոգիայի ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Դմիտրի Նիտկինը։

Սեմինարը նախատեսված էր թերապևտների, ընտանեկան բժիշկների, մանկաբուժների, ուրոլոգների և գինեկոլոգների համար: Սեմինարին ներկայացվեցին միզուղիների ինֆեկցիաների ախտորոշման ժամանակակից մոտեցումները հիմնված միջազգային ուղեցույցների վրա։  Առանձին ուշադրություն հատկացվեց միզուղիների ինֆեկցիաների առաջացման պատճառների՝ բակտերիալ ինֆեկցիաների տեսակների վրա, քննարկվեցին վերջին տարիների էպիդեմիոլոգիական տվյալները։

Ներկայացվեցին պարզ և հստակ մոտեցումներ միզուղիների ինֆեկցիաների դիֆերենցիալ ախտորոշման համար։  Առանձին զեկույցով ներկայացվեցին միզուղիների ինֆեկցիաների բուժման ժամանակակից մոտեցումներն ու առանձնահատկությունները, ինչպես նաև ռեցիդիվների կանխարգելումն ու վերահսկումը։

Սեմինարը հնարավորություն ընձեռեց բժիշկներին ծանոթանալ միզուղիների ինֆեկցիաների ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումներին և հնարավորություններին, քննարկել առկա խնդիրները, դեպքերը։