Անհասության ռետինոատիա

Ճանաչել աշխարհն ու մարդկանց, հիանալ շրջապատող երևույթներով, գույներով ու պատկերներով: Թվում է, թե տրված է բոլորին, մինչդեռ չնախատեսված հիվանդությունները, վնասվածքները, իսկ երբեմն էլ բնածին արատները զրկում են մարդուն տեսողությունից: Սա սոցիալական, առողջապահական ու հոգեբանական լրջագույն խնդիր է:

Մինչև հղիության 34-րդ շաբաթը ծնված, ինչպես նաև 2 կիլոգրամից ցածր քաշ ունեցող երեխաները համարվում են անհաս: Նորածնային անհասությունը միանշանակ երևույթ չէ և  պայմանավորված չէ զուտ քաշի պակասությամբ: Սա լուրջ ռիսկ է թե՛ նորածնի ընդհանուր զարգացածության, և թե՛ անգամ կյանքի համար:  Անհաս նորածիններին սպառնացող հիվանդություններից մեկն էլ անհասության ռետինոպատիան է:

Բժիշկների խոսքով՝ անհասների  ռետինոպատիայի դեպքում երեխան տեսնում  է մորը առաջին և վերջին անգամ: Այս հիվանդությունն առաջին անգամ ախտորոշվել է 1942 թվականին: Թեև հայտնաբերման իսկ օրվանից հիվանդության ռիսկի և հնարավորության վաղ հայտնաբերումը, կանխարգելումն ու շտկման հնարավորութոյւնները մշտապես գիտնականների ուշադրության կենտրոնում են, բայց միևնույն է դեռևս վերջնական չեն այս երևույթի բուժման մոտեցումներն, ու միանշանակ չէ վերջնական արդյունքը:

Անհասների ռետինոպատիան տեսողական համակարգի ծանրագույն հիվանդութոյւններից մեկն է:  Այս հիվանդության դեպքում աչքի ցանցաթաղանթում և ապակենման մարմնում տեղի են ունենում կառուցվածքային փոփոխություններ: Նկատվում է ճերմակող բիբի կամ լեյկոկորիայի առաջացում: Հայտնի է, որ հղիության 34-րդ շաբաթում է ավարտվում պտղի  դեմքի և հարքթային հատվածի  նյարդաթելերի և հատկապես տեսողական նյարդի զարգացումը, որից էլ սկիզբ են առնում տեսողական համակարգի անոթները: Դրանք իրենց վերջնական զարգացմանը հասնում են իհարկե հղիության 40-րդ  շաբաթում:  Հետևաբար որքան շուտ է ծնվել երեխան, այնքան մեծ է ռետինոպատիայի զարգացման հավանականությունը:

Ռետինոպատիայի, դրա աստիճանի դարձելիության հավանականությունը մասնագետները որոշակիորեն կապում են հղիության ժամկետների, ինչպես նաև նորածնի ընդհանուր քաշի հետ: Մեծ նշանակություն ունի նաև ծննդալուծման ընթացքը, ծննդաբերական վնասվածքները, հատկապես շնչառական, արյունատար և նյարդային համակարգերի վնասումները մեծապես ներազդում են ռետինոպատիայի զարգացման հավանականության վրա:

Մեծ նշանակություն ունի կուվեզային պայմաններում թթվածնային թերապիայի տևողությունն ու ինտենսիվությունը:

Նորածնային ժամանակահատվածում անհաս երեխայի անոթային համակարգի զարգացման վրա բացասաբար են ներգործում մի շարք հանգամանքներ, մասնավորապես օդը, լույսը, թթվածինը, որոնք էլ հենց  կարող են հանգեցնել ռետինոպատիայի առաջացմանը: Ռետինոպատիայի ի հայտ գալուն նպաստում է նաև նշված գործոնների ազդեցությամբ անոթների զարգացման դադարը:

Մինչև 6 ամսական ժամանակահատվածը տեղի է ունենում զարկերակների կառուցվածքային փոփոխություն, նկատվում է երակների լայնացում,  ապակենման մարմնի մեջ արյան զեղումներ և թափանցում:

Նորածնի 6 ամսականից մինչև մեկ տարեկան ժամանակահատվածը  տեղի է ունենում զարգացման հետընթաց: Իսկ մեկ տարեկանում արդեն, կարող է զարգանալ միոպեա, աչքի բյուրեղիկի խամրում, ներակնային արյան ճնշում,  ակնագների փոքրացում:

Անհաս նորածնի լույս աշխարհ գալուն պես առաջին կարևոր հետազոտություններից մեկը ակնաբույժի զննումն է: Սա է միակ հնարավորթյունը արագ կանխել հավանական հիվանդության ի հայտ գալը, ինչպես նաև անհրաժեշտության պարագայում սկսել համապատասխան բուժումը:

Լինում են դեպքեր, երբ հիվանդությունը զարգանում է օրերի ու անգամ ամիսների կտրվածքով: Սակայն մասնագետների պնդմամբ, քիչ չեն և դեպքերը, երբ նորածնի մոտ զարգանում է ռետինոպատիայի ակտիվ տեսակը: Որպես կանոն այս տեսակը բավական արագ ու նաև անհետևանք բուժվում է:

Գոյություն ունի բուժման պահպանողական տարբերակը, երբ նշանակվում են համապատասխան դեղամիջոցներ, աչքի կաթիլներ, որոնք ժամանակի ընթացքում ամրապնդում են աչքի հատվածի նյարդերն ու անոթային համակարգը և աստիճանաբար բուժվում է նաև հիվանդությունը:

Սակայն դեպքերի մեծամասնությունում ռետինոպատիան կարող է բուժվել միայն անհապաղ իրականացվող վիրահատական եղանակով:

Ներկայում լայն տարածում է գտել նաև լազերային և ավասկուլյար կրիոգոագուլյացիայի եղանակը, որը 50-80 % դեպքերում ենթադրում է վերջնական բուժում, եթե վիրահատութոյւնն արվում է ախտորոշմանը հաջորդող 1, առավելագույնը 2 օրվա ընթացքում:

Ցավոք, լինում են դեպքեր, երբ հիվանդությունն ուշ է ախտորոշվում: Այս պարագայում կուրության ելքն անխուսափելի է: Այսպիսով ռետինոպատիան ամբողջ աշխարհում համարվում է տեսողական համակարգի ամենավտանգավոր ախտահարումը: Մինչդեռ այն իրականում հնարավոր է կանխարգելել, անգամ վաղաժամ ծննդաբերութոյւնների և խորը անհասության պարագայում: