Բուժիչ նոտաներ

Երաժշտությունը շատերիս ուղեկիցն է՝ ոչ միայն համերգասրահներում, այլև՝ ամենուր՝ վաղ առավոտից մինչև ուշ գիշեր: Շատերին է թվում, թե անհնար է ապրել առանց ականջակալների ու սիրելի թրեքերի: Իրականում այն ավելին է, քան սովորական կախվածությունը:

Երաժշտությունը կարող է  կենդանացնել թոռոմած ծաղիկը: Փորձերն ապացուցում են, որ չորացող բույսերի կողքին միացրած երաժշտության շնորհիվ դրանք վերականգնվում են՝ որոշակիորեն երկարաձգելով կյանքը:

Երաժշտությունը կանխարգելում է խլությունն ու լսողության կորուստը: Երաժիշտները, անկախ տարիքից, ավելի երկար են ունենում լավ լսողություն, քան այն մարդիկ, ովքեր երբևէ կապ չեն ունեցել երաժշտության հետ:

Այն բուժում է սիրտը: Երաժշտությունը բարենպաստ ազդեցություն ունի այն մարդկանց համար, ովքեր սրտի հիվանդություններից հետո բուժում են ստանում: Ապացուցված է, որ լավ ու որակյալ երաժշտությունը նպաստում է սրտանոթային համակարգի ապաքինմանը:

Երաժշտությունն իսկական դոպինգ է մարզումների ժամանակ: Այն ավելի քան 30 տոկոսով բարձրացնում է արդյունավետությունը:

Այն բարիացնում է մարդուն, քանի որ դրական է ներգործում նյարդային համակարգի վրա, թուլացնում ու մեղմում այն:

Բարելավում է հիշողությունը, մարզում է ուղեղը, լավացնում է մտավոր կարողությունները: Այն երեխաները, ովքեր դպրոցին զուգահեռ երաժշտական կրթություն են ստանում, առավել լավ առաջադիմություն են ցուցաբերում, քան երաժշտության չհաճախող երեխաները:  Պարզապես պետք է ճիշտ կազմակերպել  նրանց ռեժիմը՝ ավելորդ հոգնածությունից խուսափելու համար:

Երաժշտությունն ակտիվացնում է զգայարանները, նվազեցնում է ցավը, օգնում է հաղթահարել տագնապները: