Ազատ ռադիկալներ. կործանիչ մասնիկներ

Բժշկագիտությունը ժամանակ առ ժամանակ նոր հասկացություններ  է ներմուծում, որոնք պատասխանատվություն են կրում այս կամ այն օրգան-համակարգի, դրա հիվանդությունների առաջացման համար: Համեմատաբար նոր տեսություն է համարվում օրգանիզմի հակաօքսիդանտային համակարգը, որն այնքան էլ շատ ուսումնասիրված չէ, չնայած, որ վերջին շրջանում մի շարք նոր հայտնագործություններ արվեցին այս ուղղությամբ: Դրանցից ամենակարևորն այն է, որ մարդու բոլոր հիվանդությունների պատճառը օրգանիզմի վրա ազատ ռադիկալների քայքայիչ ազդեցությունն է:

Ազատ ռադիկալները արագ արձագանքող մասնիկներ են, թթվածնային ոչ կայուն մոլեկուլներ, որոնք ձգտում են իրենց պակասող էլեկտրոնները վերցնել լիարժեք մոլեկուլներից: Դրանց գործունեության մեխանիզմը ագրեսիվ թթվային դառնալն է, ինչն ուղեկցվում է օրգանիզմի բջիջների վնասումով, առաջին հերթին վնասվում են բջջի մեմբրանները, խաթարվում են օրգանիզմի նորմալ կենսաքիմիական գործընթացները:

Այս հիպեր ակտիվ միացությունները գոյանում են բջիջների և հյուսվածքի կենսագործունեության արդյունում: Սակայն, ժամանակակից կենսակերպի վնասակար ազդեցությունների հետևանքով՝ էկոլոգիական անբարենպաստ միջավայր, սթրես, գերծանրաբեռնվածություն և գերհոգնածություն, օրգանիզմի նյութափոխանակության խանգարումներ, բարձր ռադիոակտիվ ֆոն և այլն, մեր օրգանիզմի պաշտպանական համակարգը չի կարողանում պայքարել դրանց դեմ, և վերահսկողությունից դուս են գալիս շղթայական թթվայնացման ռեակցիաները:

Գիտնականները կարծում են, որ մարդու օրգանիզմում հենց ազատ ռադիկալների կուտակման արդյունքում են զարգանում օնկոլոգիական հիվանդությունները, աթերոսկլերոզը, սրտանոթային հիվանդությունները, Պարկինսոնի հիվանդությունը, թրոմբոզները, կաթվածները, Ալցհեյմերի հիվանդությունը, անգամ դեպրեսիաները:

Դրանք դեգեներատիվ փոփոխություններ են ի հայտ բերում՝ շարակցական և այլ հյուսվածքների չարորակացում, վնասում են արյունատար անոթների պատերը, օրգանիզմի ոչ նորմալ գործունեության պատճառ են դառնում, առաջացնում են բորբոքային երևույթներ, այդ թվում նյարդային հյուսվածքներում և ուղեղում: Իսկ ամենակարևորը՝ վնասում են ԴՆԹ-ն, փոփոխում են ժառանգական ինֆորմացիան, մուտացիայի են ենթարկում բջիջները, ապակայունացնում են դիմադրողականությունը, արագացնում են ծերացման գործընթացը: Օրգանիզմն աստիճանաբար ենթարկվում է թթվային սթրեսի, որին դիմակայելը քիմիական դեղամիջոցների օգնությամբ անհնար է: Կան որոշ գիտական ուսումնասիրություններ, որոնք ապացուցում են, որ այս պրոցեսները կարող են անդառնալի լինել, ունենալ ճակատագրական հետևանքներ, եթե ժամանակին չկանոնակարգվի և չվերականգնվի օրգանիզմի երբեմնի վիճակը: Դա հնարավոր է բացառապես բնական եղանակներով:  Հակաօքսիդանտները՝ ֆոլվոնոիդների ու կենսաբանական ակտիվ միացությունների համադրությունը կարող են վերականգնել բնական ռեակցիաները: Կենսաբանական բացատրության համաձայն՝ դրանք տալիս են իրենց էլեկտրոններն ազատ ռադիկալներին, միևնույն ժամանակ չեն վերածվում ագրեսիվ մոլեկուլների: Բնական հակաօքսիդանտները պաշտպանում են բջջի մեմբրանը վնասակար ռեակցիաներից և անցանկալի թթվայնացումից, նպաստում են օրգանիզմի մաքրմանը, կազդուրմանն ու երիտասարդացմանը: Այսպիսով, բնական հակաօքսիդանտների կիրառությունն ունի հակաբորբոքային, երակների անոթները լայնացնող և ամրացնող, բակտերիասպան, հակալերգիկ, իմունիտետը վերականգնող, հակաքաղցկեղային հատկություն:

Մեծ քանակությամբ ահակօքսիդանտներ են պարունակում սև սալորը, հատապտուղները՝ մոշը, ելակը, մորին, հապալասը, հաղարջը, նուռը, խաղողը, ընկույզները, լոբին, սոխը, ինչպես նաև կակաոն, կարմիր գինին, սև թեյը: Հետևաբար սրանք բնական վիճակում, ոչ ջերմային մշակման ենթարկված, պետք է գերակշռեն մեր սննդակարգում: