Այրվածքներ. թեթև և շատ խորը

Դժբախտ պատահարներից, անհաջողություններից ապահովագրված  չէ ոչ ոք: Դրանք երբեմն արտահայտվում են մաշկի այրվածքի տեսքով: Ինչու՞ և ինչպե՞ս է այրվում մաշկը: Պարզաբանում է Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի այրվածքաբան Կարինե Բաբայանը:

 

-Բժշկուհի Բաբայան, ավելի հաճախ ինչպիսի՞ այրվածքներ են այսօր հանդիպում։

— Հիմնականում հանդիպում են ջերմային այրվածքները՝  ջրով, ձեթով, կերակուրով։ Լինում են էլէկտրոայրվածքներ: Այս տարի բավական շատ են արևային այրվածքները՝ կապված արևի ինտենսիվացման, ինչպես նաև Սևանի տարածաշրջանում ստացած այրվածքներով այցերն են շատ։ Լինում են քիմիական այրվածքներ, որոնք առաջանում են տարբեր տեսակի քիմիական նյութերից։ Կարող եմ նշել նաև կոնտակտային այրածքները՝ մետաղներով, որոնք հիմնականում պատահում են տաք մակերեսներ ունեցող մետաղների հետ աշխատելիս։ Հաճախ հանդիպում են կրակի բոցով այրվածքներ՝ դյուրավառ, շուտ բռնկվող նյութերից։

-Ձեզ հանդիպած այրվածքներն անուշադրությա՞ն,  թե բնական աղետների արդյունք են։

-Երեխաների պարագայում հիմնականում անուշադրության հետևանք է։ Փոքրիկ երեխաները տրվում են իրենց հետաքրքրասիրությանը, և կարող են թեյը, սուրճը, թեյինկը, նույնիսկ կաթսան շրջել իրենց վրա։ Ավելի մեծ երեխաների դեպքում, կրկին հետաքրքրասիրությունից դրդված,  հիմնականում էլեկտրականությանն են ձեռք տալիս, կամ կարող են կրակ վառել, եռացրած ձյութի հետ խաղալ և արդյունքում՝ վնասվել։ Իսկ մեծահասակների մոտ հիմնականում արտադրական տրավմաներ են լինում։

-Հիմանականում, ե՞րբ են ավելի խորը լինում այրվածքները։

-Հեղուկով այրվածքների դեպքում, եթե կոնտակը երկար չի լինում, այրվածքը համեմատաբար մակերեսային է լինում, իսկ կրակով, եռացրած մետաղով, եռացրած ձյութով, էլէկտրոայրվածքները և քիմիական այրվածքները նկատելիորեն խորն են։  Քանի որ նյութի, ինչի միջոցով ստանում են այրվածքը, ջերմաստիճանը բարձր է լինում, ավելի խորը հյուսվածքներ է այրում։ Քիմիական և էլեկտրական այրվածքների միակ նմանությունն ըստ աստիճանների դասակարգումն է, ինչպես նաև՝ տեղակայման նշումը:

՞նչ է տեղի ունենում, երբ այրվում է մաշկը, ի՞նչ պրոցեսներ են կատարվում։

-Այրվածքներն ըստ խորության դասակարգվում են առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ աստիճանի։ Առաջին կարգի այրվածքները առաջացնում են թույլ կարմրածություն՝ հիպերեմիա, որոնք առաջիկա 24-48 ժամվա ընթացքում կարող են անցնել՝ ճիշտ մոտեցում ցուցաբերու դեպքում: Նույնիսկ, եթե ոչ մի օգնություն չցուցաբերվի, փոքրիկ մակերեսը շուտ ապաքինվում է, չնայած որ այդ այրվածքները բավականին ցավոտ են լինում, քանի որ նմանատիպ այրվածքները խորը չեն լինում: Խորը այրվածքների դեպքում նյարդային հյուսվածքները նույնպես վնասվում են, այդ պատճառով տուժած անձը կարող է ցավը շատ չզգալ: Մեծ մակերեսով՝ հիպերեմիկ,  կամ առաջին աստիճանի այրվածքների դեպքում  բավական խնդիրներ են առաջանում՝ ջրազրկում, ջերմության խախտում։ Նման դեպքերում պետք է դիմել հիվանդանոց։ Երկրորդ աստիճանի այրվածքի դեպքում առաջանում են փոքրիկ բշտիկներ կամ թմբիկներ, որոնց մեջ կարող է լինել հեղուկ։ Առաջին 24 ժամը ցանկալի չէ հեռացնել բուլաները, քանի որ բիոլոգիական պաշտպանիչ թաղանթի դեր են կատարում, հետագայում, երբ մեռուկացում է լինում, բշտերը կարող են հեռացնել: Այստեղ արդեն երկրորդ և երրորդ Ա աստիճանի բուլաների տարազատում է պետք անել՝ ախտորոշում։ Երբ հեռացնում ենք բշտերը, և բշտերի միջի հեղուկի հոսում է լինում, նշանակում է ունենք  երկրորդ աստիճանի այրվածք, իսկ երբ գելի նման է լինում հեղուկը  ավելի խորը այրվածք է՝ երրոդ աստիճանի։  Չորրոդ աստիճանի դեպքում այրվածքն իր մեջ ներառում է՝ մաշկը, ճարպը, մկաննրը   ինչպես նաև ոսկորները: Սրանք, բնականաբար, խորը այրվածքներն են, որոնք բավական դժվար և երկարատև են բուժվում։ Բոլոր դեպքերում, եթե այրվածքային մակերեսը մեծ է լինում, ինչպես նաև խորը այրվածքների դեպքում, թե՛ միջազգային, թե՛ հայկական գործելակարգով հիվանդը պետք է տեղափոխվի հիվանդանոց։  Օրինակ՝ քիմիական այրվածքների դեպքում կարող է մակերեսը փոքր լինել, սակայն բավականին խորը. այս դեպքում հիվանդանոցային բուժումը պարտադիր է ։

-Նշեցիք, որ պարտադիր է հիվանդանոցային բուժումը, ինչպիսի՞ հետևանքեր են ունենում այն դեպքերը, որոնք անուշադրության են մատնվում։

-Ցավոք, շատ դեպքերում փոքր այրվածքների պարագայում ծնողները երեխաներին հաճախ են տանում ժողովրդական բժշկի մոտ, ով տեսնելով անգամ ցավից գալարվող երեխային, տնային-կենցաղային բուժումներ է նշանակում: Շատ թյուր կարծիք կա տարածված, երբ տոմատ, ձեթ, կարտոֆիլ կամ ատամի մածուկ են քսում այրված հատվածին, սակայն չի կարելի այդ մեթոդներին դիմել:

Եթե կա ջերմային հարված, պետք է այդ ջերմատվությունը հանել, իսկ երբ այդ նյութերով պատում են, ջերմությունը մնում է և ավելի խորը հյուսվածքներ կարող է ախտահարել։  Անչափ կարևոր է առաջին օգնությունը՝ սառը, հոսող ջրի տակ պահել վնասված հատվածը   3-5 րոպե, սակայն անհրաժեշտություն չկա շատ երկար պահել, քանի որ հնարավոր է իշեմիզացիա՝ սնուցման խանգարում տեղի ունենա։ Այս ամենից հետո նաև ցավազրկող պետք է ընդունել, սակայն եթե մակերեսը մեծ է, անպայման պետք է հիվանդանոց տանել։ Քանի որ, եթե այրվածքի մակերեսը մեծ կամ խորն է լինում, առաջանում է այրվածքային հիվանդություն։ Այրվածքային հիվանդությունը կազմված է մի քանի էտապներից՝ առաջինը այրվածքային շոկն է, որից հետո այրվածքային տոկսեմիան է, որը թունավորման ստադիան է և վերականգնման ստադիան։

-Որո՞նք են լետալ ելքով այրվածքներրի պատճառները, ինչպեսի՞ ընդհանուր վիճակներ են տեղի ունենում օրգանիզմում, և որ օրգանական համակարգերն են ախտահարվում, որի հետևանքով  դժվար ու բարդ դեպքեր են արձանագրվում։

-Սկսեմ նրանից, որ այրվածքները չափում են երկու տեսակի մեթոդով՝ ափային և ինյակների մեթոդ։ Նշվածները միջազգային չափանիշներով մշակված սանդղակային մեթոդներ են։ Յուրաքանչյուր մարդու ափը իր մարմինի մեկ տոկոսն է։ Երբ տարբեր տեղեր է լինում այրվածքը, տուժածի ափը դնում են և որոշվում է, թե մարմնի քանի տոկոսն է այրվել։ Իսկ ինյակների մեթոդի դեպքում չափվում է մարմնի վերջույթներով, քանի որ  ամեն մարդու վերջույթը ինը տոկոս է, ազդրը սրունքը, իրանի առաջնամասը բոլորը ինը տոկոս են կազմում։ Երբ այրվածքը շատ մեծ և ամբողջական  է լինում հաշվարկը կատարվում է ինյակների մեթոդով։ Այս դեպքում հեղուկների մեծ կորուստ է լինում, սպազմ է առաջանում վերջույթներում և արյան շրջանառությունը  կարող է խանգարվել, սնուցումը խախտվի և  ավելի խորանա։ Այս դեպքերում անհրաժեշտ է անոթները բացել և հեղուկների շրջանառությունը ակտիվացնել, որպեսզի այրված մակերեսի սնուցումը բարելավվի։ Գոյություն ունեն մի շարք աղյուսակներ, որոնցով հեղուկների ճիշտ հաշվարկ պետք է կատարել, որպեսզի արյան շրջանառությունը   վերականգնվի։ Կան ավելի զգայուն մասեր, օրինակ դեմքը, կրծքավանդակը, որոնց նույնիսկ 3-4 տոկոս այրման  դեպքում, հիվանդներին պարտադիր պետք է մոտեցնել հիվանդանոց։ Երբ երեխաների դեպքում քսան, իսկ մեծահասակների՝ երեսուն տոկոսից ավել է լինում, այրված մակերեսը և խորը այրվածքներ են ՝ երրորդ կամ չորրոդ աստիճանի, դրանք կյանքի հետ անհամատեղելի այրվածքներ են, իհարկե լինում են նաև հիսուն, վաթսուն տոկոսանոց այրվածքներ։ Ինչ վերաբերում  է օրգան համակարգերին, նշեմ, որ այրվածքային հիվանդության՝ տոկսեմիայի ժամանակ, բոլոր օրգան համակարգերը թունավորման են ենթարկվում։ Մեռուկացված հյուսվածքներից տոկսինները՝ թույները, ներծծվում են այրան մեջ, գնում են բոլոր օրգան համակարգեր, և բազմաօրգանային անբավարարության հետևանքով հիվանդին կարող ենք կորցնել։ Անցյալ տարի մեկ երեխա է մահացել,  մեծահասակներ ավելի շատ, ամբողջ աշխարհում նույնպես այդպես է, մեծահասակների մահացությունը ավելի շատ է, քանի որ այրվածքը կարող է կախված լինել նաև զուգակցող հիվանդությունների հետ, որոնք էլ ավելի վատ հետևանքներ են թողնում։ Իսկ երեխաների մահացության դեպքերը  մինչև 7 տոկոս է կազմում ամբողջ աշխարհի տարբեր երկրներում, մեզ մոտ 0.3 տոկոս է արդեն տասը տարի, որը բավականին բարձր ցուցանիշ է։

-Կրակի՞, թե քիմիական նյութերի այրվածքներն են ավելի ուշ վերականգնվում։

-Այն այրվածքները, որոնք ավելի խորն են, ավելի ուշ են վերականգնվում, կարող են ամիսներ տևել։ Գոյություն ունի հյուսվածքի վերջնական մեռուկացման ձևավորում, որոնք անընդհատ հեռացվում են, որպեսզի տոկսինները չտարածվեն։ Այս դեպքում վիրահատական միջամտություն է կատարվում, բացազատման միջոցով, հեռացումներ են կատարվում։ Եվ իհարկե կրակով այրվածքների դեպքում հեռացնում ենք մեռուկացված հյուսվածքները, հասունացնում ենք մինչև գրանուլացիոն հյուսվածքներ, որոնց վրա էլ կատարվում է պլաստիկա։

՞ր դեպքում է սպին անխուսափելի։

-Եթե մաշկի աճման հատվածը, որը պատասխանատու է վերնամաշկի աճման համար, վնասված չէ, երբևիցե սպի չի կարող առաջանալ։ Եթե խորը այրվածք է լինում, միևնույն է սպիներ մնում են։ Այն հիվանդները, որոնք սպիական մակերես ունեն, անընդհատ մեր հսկողության տակ են։ Կատարվում է ֆիզիոթերապևտիկ միջամտություններ, հատուկ հակասպիական բուժումներ, կոմպրեսիոն բուժում, որի դեպքում հագուստներ են հագնում և մարմինը կամ դեմքը կոմպրեսիայի է ենթարկվում։ Երրոդ աստիճանի այրվածքից սկսված, կարող է սպիական մակերես առաջանալ։