Բուժում դելֆինների օգնությամբ

Բնության մեջ յուրաքանչյուր մասնիկ՝ կենդանի, բույս, քար ու ջուր իր նշանակությունն ունի, այդ թվում՝ բուժական: Ժամանակի ընթացքում մարդը կամ բացահայտում, կամ էլ դեռևս անտեղյակ է Բնության բազմահազար գաղտնիքներին:

Ամբողջ աշխարհում ընդունված ու բավական կիրառելի բուժման մասնակիցներ են դելֆինները: Չնայած կենդանիների պաշտպաններին դուր չի գալիս դելֆինների պահպանումը փակ տարածությունում, այնուամենայնիվ միանշանակ է նրանց օգնությունը մի շարք հիվանդությունների կառավարման հարցում:

Դելֆիններն ամենաբարի ծովային կենդանիներն են: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նրանք չափազանց նուրբ ու զգայուն աուրա ունեն և հեշտությամբ են ընկերանում հատկապես փոքրիկների հետ: Այս ջրային կաթնասունների ուղեղն իր կառուցվածքով բավական մոտ է մարդկային ուղեղին: Դելֆինային թերապիայի ժամանակ նրանց կողմից եկող ազդակներին զուգակցվում է ջրային պրոցեդուրայի արդյունավետությունը: Այսպիսով մերսվում է նյարդամկանային համակարգը, համեմատաբար առանց դժվարության աշխատում են բոլոր մկանները, թուլանում է լարվածությունը,

Որոշ մասնագետներ անգամ ֆենոմենալ են համարում դելֆինների բժշկող հատկությունները՝ պատճառաբանելով, որ որևէ գիտական հիմք այս հարցում չկա: Մինչդեռ միանշանակ են արդյունքները: Հատկապես նյարդաբանական, նաև նյարդահոգեբանական խնդիրներ ու հիվանդություններ ունեցող երեխաները դելֆինների ուղեկցությամբ լողից ու խաղերից հետո իրենց նկատելիորեն լավ են զգում, վերանում է լարվածությունը, մկանային սպազմը: Մանկական ուղեղային կաթվածով, ինչպես նաև այլ նյարդաբանական խնդիրներով փոքրիկները, ովքեր չեն քայլում, կրկնվող սեանսներից հետո առավել նկատելիորեն են փորձեր ու ջանքեր գործադրում քայլելու, կանոնակարգվում են շարժումները: Այն փոքրիկների դեպքում, ովքեր ունեն խոսքային խանգարումներ՝ հոգեբանական կամ նյարդաբանական բնույթի, դելֆինների օգնությամբ նկատելիորեն բարելավվում է խոսքը, վերանում է կակազությունը: Նրանք օգնում են հաղթահարել վախը, առավել ինքնուրույն ու կազմակերպված լինել, լավ սովորել, հեշտությամբ ընկալել բարդությունները, արագ յուրացնել նորությունները: Միևնույն ժամանակ, դելֆինային լողը լավագույն կանխարգելումն է դեպրեսիայի ու դեմենցիայի:

Դելֆինային լողը ցուցված է ինչպես պաթոլոգիաներ ունեցող, այնպես էլ չունեցող մարդկանց՝ անկախ տարիքից:

Կան երկրներ, որտեղ փակ դելֆինարում-ակումբներ են գործում՝ նախատեսված բիզնես ոլորտի ներկայացուցիչների համար: Դելֆինների ուղեկցությամբ լողն օգնում է ազատվել դեպրեսիաներից, հանել լարվածությունը, պայքարել սթրեսի դեմ: Ուսումնասիրության համաձայն, ակումբներից մեկի գործարարները դելֆինների ներկայությունից հետո առավել հաջողակ գործարքներ են ունեցել, կայացրել նկատելիորեն տարբերվող ու արդյունավետ որոշումներ: