Դեղագործը

Մի քաղաքում ապրում էր մի անհավատ դեղագործ: Մարդիկ չէին ցանկանում մտնել նրա դեղատուն և դեղ գնել, բայց քանի որ մոտակայքում այլ դեղատուն չկար, ստիպված էին լինում օգտվել նրա ծառայություններից:

Մի օր նրա դեղատան դիմաց երիտասարդական միջոցառում էր տեղի ունենում քահանայի մասնակցությամբ: Քահանան իր խոսքն ուղղեց ներկաներին՝ փորձելով գրավել նաև դեղագործի ուշադրությունը և նրան ևս մասնակից դարձնել միջոցառմանը: Նա շատ էր ուզում, որ դեղագործը ճանաչեր Հիսուսին և իմանար, որ Տեր Աստված սիրում է բոլորին, նաև՝ մեղավորներին:


Դեղագործը հասկանում էր, որ միջացառումը հենց իր դեղատան դիմաց էր կազմակերպվել իր ուշադրությունը գրավելու նպատակով: Նա սաստիկ զայրացավ, դուրս վազեց, անցավ փողոցը և սկսեց բղավել ու աղմկել՝ սպառնալով ծեծել քահանային: Միջոցառումն ընդհատվեց, իրարանցում եղավ, և դեղագործը, գոհացած այն բանով, որ խանգարեց միջոցառման ընթացքը, վերադարձավ դեղատուն:


Այդ պահին զայրացած դեղագործի դուռը թակեց մի աղջնակ՝ դեղատոմսը ձեռքին: Նա խնդրեց դեղ պատրաստել իր հիվանդ մոր համար:
— Ինչո՞ւ հիմա եկար, մի՞թե չէիր կարող ավելի շուտ գալ: Դեղատունը փակ է, — կոպիտ վրա տվեց դեղագործը:
— Ավելի շուտ չէի կարող, — վախեցած պատասխանեց աղջիկը: — Բժիշկը քիչ առաջ այցելեց մայրիկիս և դուրս գրեց այս դեղատոմսը: Ես հենց հիմա պետք է տանեմ դեղը, այլապես մայրիկս կարող է մահանալ:


Սակայն դեղագործի հոգսն այդ պահին դեղատոմսը չէր: Նա դեռ չէր հանդարտվել, երբ սկսեց դարակներից վերցնել տարբեր սրվակներ՝ դեղը պատրաստելու համար: Սխալմամբ դեղի սրվակի մեջ թույն լցրեց: Իսկ աղջիկը շտապում էր և ուրախ էր րոպե առաջ դուրս գալ դեղատնից:


Աղջկա գնալուց հետո դեղագործը փնթփնթալով շարունակեց իր աշխատանքը և անցավ օգտագործված սրվակները դարակներում դասավորելուն: Աչքերին չհավատաց, երբ սրվակներից մեկի պիտակի վրա կարդաց՝ «Թույն». Ուրեմն ինքը հիվանդ կնոջը թույն էր ուղարկել… Թույնը լցրել էր այն սրվակի մեջ, որը հենց նոր տարավ ոչինչ չկասկածող աղջիկը… Դեղագործն իսկույն դուրս նետվեց և վազեց աղջկա հետևից, սակայն աղջիկը չէր երևում: Սարսափը պատեց դեղագործին: Ցանկացավ աղոթել, բայց հիշեց, որ չի հավատում Աստծուն: Չէ՞ որ քիչ առաջ էր ծաղրում հավատավոր երիտասարդներին ու մերժում Աստծուն, այժմ ինչպե՞ս կարող է ինչ-որ բան խնդրել Տիրոջը: Նա լիովին հուսահատվեց և, մի պահ մոռանալով, թե քիչ առաջ ինչ էր մտածում և ասում Աստծո մասին, ծնկի իջավ և մրմնջաց. «Տեր Աստված, եթե Դու իրոք կաս, ինձ մոտ վերադարձրու այն աղջկան, այնպես արա, որ նրա մայրն իմ պատրաստած դեղը չխմի»:


Ապա ոտքի ելավ, գնաց տուն, և չէր հասցրել դուռը փակել, երբ ինչ-որ մեկը վախվորած դուռը թակեց, ու լսվեց աղջնակի ցածր ձայնը:


— Սիրելի քեռի դեղագործ, ներեցեք ինձ… Ես այնքան շտապեցի տուն հասնել, որ ոտքերիս տակ ուշադիր չնայեցի և ընկա… Սրվակը ձեռքիցս ընկավ, կոտրվեց, ու դեղը թափվեց… Կարո՞ղ եմ խնդրել նորից դեղ պատրաստել… Բժիշկն ասաց, որ եթե մայրիկս այսօր այդ դեղը չընդունի՝ միգուցե մահանա…


Դեղագործը ոչինչ չպատասխանեց: Նա մեղմորեն շոյեց աղջկա գլուխն ու նորից դեղ պատրաստեց:


Երբ աղջիկը գնաց, դեղագործը երախտագիտություն հայտնեց Տեր Աստծուն այն բանի համար, որ ինքը մարդասպան չդարձավ, և իսկույն հիշեց դեղատան դիմաց ընթացող միջոցառման մասին: Վազեց դեպի երիտասարդներն, ովքեր արդեն պատրաստվում էին հեռանալ: Տեսնելով նրան՝ երիտասարդները կարծեցին, թե նա կրկին խանգարելու է իրենց, սակայն փոխարենը լսեցին րոպեներ առաջ նրա հետ կատարված հրաշքի մասին: Դեղագործն արդեն բոլորովին չէր կասկածում, որ Տեր Աստված կա, և ոչ միայն կա, այլև տեսնում և լսում է ամենքին: Դեղագործը հայտնեց, որ ցանկանում էր քրիստոնյա դառնալ, իսկ հավատավոր մարդիկ նրան սիրով ընդունեցին իրենց շարքերը: