Ենթաստամոքսային գեղձ

Ենթաստամոքսային գեղձը մարսողական համակարգի կարևորագույն օրգաններից մեկն է, ունի կրկնակի ֆունկցիա՝ արտաքին՝ էկզոկրին և ներքին՝ էնդոկրին:  Այն պանկրեատիկ հյութ է արտադրում, որում լիարժեք մարսողությունն ապահովող ֆերմենտներ են առկա: Էնդոկրին ֆունկցիայի շրջանակներում արտազատում է սպիտակուցային, ածխաջրային և ճարպային նյութափոխանակությանն անհրաժեշտ հորմոններ:

Յուրաքանչյուր օր 500-1000 մլ պանկրեատիկ հյութ է արտադրվում՝ բաղկացած աղերից, ջրից և ֆերմենտներից: Երբ սննդի պատառիկ է ընկնում տասներկումատնյա աղիք, արտադրվում են հորմոնները, որոնք բաց են թողնում շղթայական ռեակցիան՝ պանկրեատիկ հյութի ֆերմենտների ակտիվությունը: Պանկրեատիկ հյութը պարունակում է  նաև միկրոտարրեր և թթվային աղեր, որոնք թթվաղային ռեակցիան են ապահովում: Սա կարևոր է սննդի թթվային բաղադրիչի նեյրտրալիզացման համար, ինչը չափազանց նշանակալի է ածխաջրերի յուրացման տեսանկյունից:

Պանկրեատիկ հյութի արտազատումը կարգավորվում է նյարդաբանական մեխանիզմներով և կապված է սննդի ընդունման հետ:

Ներքին սեկրետոր ֆունկցիան կապված է արյան մեջ ինսուլինի և գլյուկագոնի արտազատման հետ:

Ինսուլինն արտադրվում է բետա բջիջների կողմից և  պատասխանատու է ածխաջրային և լիպիդային  փոխանակության կարգավորման համար: Դրա ազդեցությամբ գլյուկոզան արյան միտից հասնում է հյուվածքներին և օրգանիզմի բջիջներին՝ այսպիսով իսկ ապահովելով արյան մեջ շաքարի մակարդակի նվազումը:

Գլյուկագոնն արտադրվում է ալֆա-բջիջների կողմից և ինսուլինի անտագոնիստ է համարվում՝ այսինքն բարձրացնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը:

Բետա բջիջների քայքայումը կարող է հանգեցնել շաքարային դիաբետի առաջացման: Դրա նախանշաններն են հաճախակի ծարավի զգացողությունը, մաշկի քորը, առատ միզարտադրությունը:

Հատկանշական է, որ ենթաստամոքսային գեղձն ակտիվ գործակցության մեջ է մարսողական այլ օրգանների հետ, և դրա ֆունկցիայի խանգարումն անմիջապես նկատելի է ամբողջ մարսողության վրա:
Ենթաստամոքսային գեղձի ֆունկցիայի խանգարումը, դրա արտազատած ֆերմենտների և հորմոնների դեֆիցիտը սովորաբար մարդու մոտ ի հայտ է գալիս պանկրեատիտի նախանշաններով: Պանկրեատիտը ենթաստամոքսային գեղձի բորբոքումն է: Այս հիվանդության առաջացումը պայմանավորված է մեծամասամբ ոչ ռացիոնալ սննդակարգով, լեղաքարային հիվանդության առկայությամբ, վարակային հիվանդություններով, խոտաբույսերի, ինչպես նաև որոշ դեղամիջոցների չարաշահմամբ:

Ենթաստամոքսային գեղձի բորբոքման մասին կարող են վկայել ձախ թուլակողի ցավերը, որոնք սաստկանում են սննդի ընդունումից հետո, ախորժակի նվազումը կամ իսպառ բացակայությունը, սրտխառնոցն ու փսխումը, փքվածությունը, կղանքի գույնի ու բաղադրության փոփոխությունը՝ դեպի կավանման:

Հատկանշական է, որ բորբոքման ընթացքում ֆերմենտներից որրևէ մեկի բացակայությունը պայմանավորում է այս կամ այն ախտանշանը:

Բուժման նկատառումներով լրացվում է ֆերմենտների բացակայությունը, ինչը ժամանակի ընթացքում կոմպենսացնում է սեկրեցիայի անբավարարությունը: Եթե խանգարված է ֆերմենտների հոսքը դեպի ստամոքս, ապա դա կարող է հանգեցնել հյուսվածքների բորբոքման, այտուցի, ապա՝ նեկրոզի:

Պանկրեատիտի ախտորոշումը սահմանվում է ինչպես հիվանդի արտաքին զննության, նշած գանգատների, այնպես էլ լաբորատոր ու գործիքային՝ ՄՌՏ, ՀՏ, ՈՒՁ հետազոտությունների հիման վրա: Սուր պանկրեատիտը հիվանդանոցային բուժում է ենթադրում, նշանակվում են ցավազրկողներ, իսկ բուն բուժումը կախված է լաբորատոր քննությունից, կոմպենսացվում են բացակա ֆերմենտները, ինչպես նաև չեզոքացվում են աղային թթուները:

Հատկանշական է, որ ենթաստամոքսային գեղձը չափազանց նուրբ օրգան է, և դրա վիրահատական բուժումն այնքան էլ ցանկալի չէ: Չնայած, որ հաջողությամբ իրականացվում է մեր երկրում:

Ենթաստամոքսային գեղձի ամենանենգ հիվանդությունը քաղցկեղն է, որը տևական ժամանակ առանց նախանշանների է ընթանում, իսկ երբ արդեն զգացնել է տալիս իրեն, բուժման չի ենթարկվում: Այն ախտորոշվում է առավելապես 60-65 տարեկան մարդկանց մոտ: Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի պարագայում իրականացվում է ուռուցքային հիվանդություններին բնորոշ ախտորոշման ու բուժման ընթացքը՝ ՄՌՏ հետազոտություն, քիմիաթերապիա, վիրահատություն: