Ինֆարկտ

Սրտանոթային համակարգի հիվանդությունները շարունակում են իրենց հաղթարշավը՝ մարդկային կյանքեր խլելու տեսանկյունից:  Միոկարդի ինֆարկտը մեկն է դրանցից: Այս հիվանդության ժամանակ վնասվում է սրտամկանը՝ թորմբոզի խցանման պատճառով առաջացած արնամատակարարման խանգարման հետևանքով: Այս պարագայում սրտամկանի մի հատվածը վնասվում է, զարգանում է նեկրոզ, բջիջների մահն արձանագրվում է արյան հոսքի դադարից 20-40 րոպե անց:

Ինֆարկտի մասին են վկայում

  • Կրծքավանդակի հետևում ուժգին ցավը, այն կարող է տարածվել դեպի ձախ ձեռքը, պարանոցի ձախ հատվածը, թիակային հատված,
  • Նոպան ուղեկցվում է չպատճառաբանված վախով,
  • Նիտրոգլիցիրինի ընդունումը չի դադարեցնում ցավը,
  • Ցավն առաջանում է առանց պատճառի, կարող է տևել 15 րոպեից մինչև մի քանի ժամ:

Նմանատիպ երևույթներից որևէ մեկի առկայության դեպքում անգամ պետք է շտապ օգնություն կանչել, արձակել օձիգն ու բացել պատուհանը, հիվանդին հարմար դիրքում պառկեցնել:

Երբեմն միոկարդի ինֆարկտն այլ ախտանշանների տակ է թաքնվում

  • Գաստրոլոգիական տարբերակը հնարավոր է շփոթել սուր որովայն ախտանշանի հետ՝ ցավ որովայնում, փքվածության զգացողություն, թուլություն, ճնշման անկում, տախիկարդիա: Սրտամկանի ինֆարկտի մասին կարող է վկայել միայն էլեկտրասրտագրությունը:
  • Ասթմատիկ տարբերակը բացարձակ կարող է չհուշել սրտի խնդրի մասին, քանի որ մարդը շնչահեղձ է լինում, իսկ դեղամիջոցները չեն օգնում:
  • Ուղեղային տարբերակը ինսուլտի պատեր է հիշեցնում, գիտակցության կորուստ, ճնշման տատանում, խոսքի հապաղում:
  • Կույր ինֆարկտն ընթանում է առանց ցավի, լինում է հիմնականում շաքարային դիաբետի առկայության պարագայում:

Սրտամկանի ինֆարկտի համար գոյություն ունեն նպաստավոր պայմաններ: Ընդունված է համարել, որ այն մեծամասամբ պատուհասում է 60-ն անց տղամարդկանց: Սակայն աստիճանաբար փոխվում է նաև ինֆարկտի վերաբերյալ վիճակագրական պատկերը: Արդյունքում այն երիտասարդացել է, առավել հաճախ է հանդիպում 35-ն անց տղամարդկանց մոտ: Ժամանակին, եզակի էին կանանց հիվանդացության դեպքերը, սակայն աստիճանաբար փոխվում է նաև կանանց հիվանդացության վիճակագրությունը: Ռիսկի գործոններ են համարվում ծխելը, ալկոհոլի չարաշահումը, արյան բարձր ճնշումը, դիաբետի առկայությունը, խոլեստերինի բարձր քանակը, ինչպես նաև նստակյաց կենսակերպը, ավելորդ քաշը, ճարպակալումը, սթրեսները:

Սրտամկանի ինֆարկտն այն հիվանդությունն է, որը միանշանակ ենթակա է կանխարգելման՝ անգամ ժառանգական նախատրամադրվածության պարագայում:Այնուամենայնիվ, ինֆարկտի կասկածի պարագայում չափազանց կարևոր է արագ արձագանքը, շտապ բուժօգնության կանչը, հիվանդանոցային բուժումը: Ստացիոնար պայմաններում հետազոտությունների դեպքում կորոշվի բուժման տարբերակը:

Մասնագետները փաստում են, որ ժամանակին իրականացված գործողությունների արդյունքում պացիենտների 80 տոկոսը վերադառնում է  նորմալ կյանք: Իսկ հիվանդության կրկնությունը համարյա անհնար կլինի, եթե փոխվի կենսակերպը: Հակառակ պարագայում կրկնակի ինֆարկտի հետևանքները չափազանց բարդ են և լիարժեք վերականգնման հավանականությունը բավական ցածր է: