Լեյշմանիոզ

Գոյություն ունի լեյշմանիոզի 3 ձև՝ վիսցերալ, որն ամենաբարդ տարբերակն է, մաշկային, լորձաթաղանթային-մաշկային:

Հարուցիչը Leishmania տեսակի մակաբույծն է, որը փոխանցվում է մոծակների խայթոցի միջոցով:

Ընդունված է համարել, որ հիվանդությունը պատուհասում է աղքատ բնակչությանը՝ աղքատ և զարգացող երկրներում: Հիվանդության տարածումը կապվում է արտաքին միջավայրի փոփոխությունների, ջրամբարների կառուցման, ուրբանիզացիայի հետ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով ամեն տարի գրանցվում է 700.000-ից մեկ միլիոն նոր դեպք, որոնցից մինչև 30.000-ը՝ մահվան ելքով:

Վիսցերալ լեյշմանիոզին բնորոշ է մահվան ելքը: Այն ընթանում է դողէրոցքի նոպաներով,

քաշի կորստով, փայծաղի և լյարդի մեծացմամբ, անեմիայով: Այն հանդիպում է Արևելյան Աֆրիկայում: Աշխարհում 50.000-90.000 նոր վարակում է տեղի ունենում ամեն տարի, ռիսկի երկրներ են համարվում Բրազիլիան, Հնդկաստանը, Քենիան, Սոմալին, Սուդանը, Եթովպիան, Հարավային Սուդանը:

Մաշկային լեյշմանիոզը ամենատարածված տարբերակն է, այն առաջացնում է մաշկի վնասում, ի հայտ են գալիս խոցեր՝ մարմնի տարբեր հատվածներում: Դեպքերի 95 տոկոսը գրանցվում է Ամերիկայում: Ամեն տարի մինչև ավելի քան 600.000 մարդ վարակվում է հենց այս տեսակով:

Լորձաթաղանթային-մաշկային ձևը ևս բավական տարածված է:

Մոծակներն այս պարազիտներին վերցնում են ավելի քան 70 տեսակի վայրի, ինչպես նաև ընտանի կենդանիներից, երբեմն նաև՝ մարդկանցից:

Տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետությունը զերծ էր լեյշմանիոզից, սակայն վերջին 5 տարիներին դեպքերը կրկնվում են:

Ընդհանուր առմամբ, լեյշմանիոզի մասին կարող են վկայել հիվանդի թուլությունը, փսխումը, գունատությունը, բարձր ջերմությունը, դողէրոցքը, հալյուցինացիաները: Նշված ախտանշանների դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի, իսկ կասկածները կհերքվեն կամ կհաստատվեն՝ համապատասխան լաբորատոր փորձաքննությունների արդյունքում:

Կարևոր է իմանալ, որ հիվանդությունը պետք է բուժել միմիայն ստացիոնար պայմաններում:

Հիվանդության կանխարգելման միակ միջոցը զգուշությունն է: Այս միջոցառումներն իրականացվում են նախևառաջ պետական ծրագրերով, քանի որ ենթադրում են կրծողների բների ոչնչացումներ բնակավայրերին մոտ տարածքներում, համապատասխան վակցինացիա կենդանիների շրջանում: Եվ, վերջապես, հիվանդության կանխարգելման կարևորագույն միջոցներից է վարակի աղբյուր դարձող հիվանդ և թափառող կենդանիների դեմ քաղաքակիրթ պայքարը: